Մատչելիության հղումներ

Գույք՝ պարտքի դիմաց ծրագրով Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը


Գույք՝ պարտքի դիմաց բանաձեւը տարբեր հարթություններում հավասարապես ձեռնտու է գործարքի երկու կողմերին էլ: Ռուսական կողմի համար ավելի շուտ կարեւորվում են գործարքի քաղաքական շարժառիթները, իսկ ֆինանսատնտեսական օգուտները ածանցյալ նշանակություն ունեն: Հայաստանի դեպքում ճիշտ հակառակն է:

Այս գործարքով Ռուսաստանն առաջին հերթին լուծում է աշխարհաքաղաքական խնդիրներ: Մեծ հաշվով, 98 միլիոն դոլարը Ռուսաստանի նման հզոր երկրի համար չնչին գումար է, մինչդեռ, ձեռք բերելով հայկական օբյեկտները, վերջինս ամրապնդում է դիրքերը Հայաստանում եւ տարածաշրջանում։

Ռուսաստանին է պատկանում նաեւ Հայաստանի գազամատակարարման համակարգի բաժնետոմսերի վերահսկիչ ծրարը։ Մյուս կողմից, միջուկային վառելիքի մատակարարման դիմաց գոյացած պարտքի, ինչպես նաեւ՝ վառելիքի նոր խմբաքանակ ստանալու համար Ռուսաստանին գրավադրվում է նաեւ «Սեւան-Հրազդան» կասկադը:

Զուտ ֆինանսաբյուջետային խնդիրների տեսանկյունից, այս գործարքը Հայաստանի կառավարությանը ձեռնտու է, քանի որ ռուսական պարտքի սպասարկումը բյուջեի վրա մեկ ու կես անգամ ավելի թանկ է նստում, քան արտաքին պարտքի մնացած 800 միլիոն դոլարի սպասարկումը։

Իսկ թե ինչ կշահի Հայաստանը այդ գործարքից, հավանաբար, պարզ կլինի 2-3 տարի հետո։

Փոխանցվելուց հետո «Մարս»-ի եւ գիտահետազոտական երեք ինստիտուտների կոնկրետ հասցեատերերը առաժմ անհայտ են: Գիտահետազոտական ինստիտուտները Ռուսաստանի թափ առնող ռազմաարդյունաբերական համալիրի շահերի տեսադաշտում են: Այդպիսին են եւ «Մաթեմաթիկական մեքենաների ու ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները» (Մերգելյան) եւ Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը։

Հանրահայտ «Մերգելյան» ինստիտուտը երբեմնի հզորությունն ու մասշտաբները չունի, սակայն, տնօրեն Գագիկ Հովհաննիսյանի հավաստմամբ, այսօր էլ ինստիտուտը գործում է, ունի 350 աշխատող, իսկ մշակված ծրագրերի ընդհանուր արժեքը հասնում է շուրջ մեկ միլիոն դոլարի:

«Ռուսական կողմին անցնելուց հետո հնարավորություն կստեղծվի վերականգնել նախկին կապերը եւ ընդլայնել մշակումների ծավալները, սակայն հակառակ դեպքում եւս, թեեւ ավելի դանդաղ տեմպերով, բայց աճ կունենայինք, - ասաց տնօրենը՝ ավելացնելով նաեւ, որ ռուսական կողմը «Մերգելյան» ինստիտուտն աշխատեցնելու կոնկրետ ծրագրեր դեռեւս չի առաջարկել:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG