Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական Ժամանակ» թերթն այսօր ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցության կազմակերպած վերջին սոցհարցման մոտիվացիոն վերլուծությունը, ըստ որի, եթե նախագահ Քոչարյանի քանակական վարկանիշը մոտ 21 տոկոս էր, ապա որակականը 9 տոկոսից ավելի չէ: Այսինքն, այսքան են մարդիկ, ովքեր, հստակ կողմնորոշված են գործող նախագահի օգտին, նրա կայուն ընտրազանգվածն են: Իսկ մնացած 11 տոկոս ռեսպոնդենտներն ավելի շուտ կանխատեսել են ընտրությունների արդյունքները, քան գործող նախագահի իրական կողմնակիցներն են:

Որակական վերլուծությունը 5 տոկոսի չափ իջեցնում է նաեւ մոտ 17 տոկոս վարկանիշ ունեցող Ստեփան Դեմիրճյանի ցուցանիշը: Այս առումով Արտաշես Գեղամյանն էլ հավաքում է միայն 6 տոկոս: Անդրադարձում ընդգծվում է, թե սոցհարցումը մեկ էական նկատառում եւս պարզել է՝ հասարակությունը Հայաստանակենտրոն իշխանության պահանջ է դնում: ... Բազմաթիվ են այն ռեսպոնդենտները, որոնք պատճառաբանելով, թե ինչո՞ւ են իրենց ձայնը տալիս տվյալ թեկնածուներին, ընդամենը մեկ բան են գրել՝ որովհետեւ հայաստանցի է:

«Ազգ» -ի մեկնաբանն իրենց թերթում օրերս հրապարակած փորձագիտական հարցման արդյունքների հետքերով՝ առանձնացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշի կտրուկ աճը եւ դա բացատրում բացառապես նրա շրջապատի եւ ՀՀՇ-ական մամուլի տարածած տարաբնույթ տեղեկություններով: Նույն մոտիվներով «Ազգ»-ում կրկին շեշտադրված է՝ Ադրբեջանում Տեր-Պետրոսյանի վերադարձի ակնհայտ փափագ է դրսեւորվում:

«Իրավունքի» վերլուծությամբ. «1997-ի եւ 2002-ի հոկտեմբեր ամիսներն ինչ-որ առումով իրար նման են. երկու դեպքում էլ նախագահների քաղաքական հենարանները բավականին խախուտ էին: ... Սկզբունքային տարբերությունը թերեւս այն է, որ չկա ներքաղաքական ականի դեր խաղացող այնպիսի գործոն, ինչպիսին էր ղարաբաղյան հիմնահարցի սրումը: Սակայն, - նշվում է «Իրավունք»-ում, - դրա փոխարեն կա զուտ ներքաղաքական ծագում ունեցող ական՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»: Դրանք ծայրահեղության են հասցնելու ներիշխանական բոլոր տարաձայնությունները , եւ գործող նախագահը համայնքապետական ընտրություններից հետո ցանկացած պարագայում ունենալու է շոշափելի կորուստներ հենարանների առումով: Նա կամ պետք է լինի այսօր առավելություն ունեցող հանրապետական կուսակցության, օլիգարխների ու թաղային հեղինակությունների հետ ու իր դեմ լարի քաղաքական մյուս կառույցներին, կամ՝ հակառակը:

«Օր» թերթում էլ այսօր ձեւակերպված է. «Նախագահ Քոչարյանը ստիպված է լինելու ընտրություն կատարել իրար հետ մրցակցող խմբավորումների միջեւ՝ նախեւառաջ ղեկավարվելով ապագա ընտրություններում սեփական հաղթանակի համար նրանց օգտակարության գործակցով: Եվ այս ընտրություններում ամեն կուսակցություն պիտի ձգտի բարձրացնել իր զորեղության ցուցանիշը:

Մեկնաբանի հայացքով, ներկա դրությամբ վարչապետի կուսակցության դիրքերն այնքան ուժեղ են, որ ՀՀԿ-ն դառնում է նախագահի, թերեւս, այլընտրանք չունեցող հենարանը: Վարչապետի հետ առճակատումը տվյալ իրավիճակում կարող է ճակատագրական լինել հենց Քոչարյանի համար:

Որպես տեղական մարմինների ընտրություններին բնորոշ հիմնական օրինաչափություն «Հայոց Աշխարհ» թերթում ընդգծված է «առաջադրված թեկնածուների շրջանում փողատերերի, թաղային հեղինակությունների նկատելի գերակշռությունը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդեպ: ...Ծավալվելու, մրցակիցների նկատմամբ առավելություն ձեռք բերելու համար բուրժուազիան անընդհատ ձգտում է իր ձեռքը գցել պետական լծակները՝ համայնքապետերի աթոռները, պատգամավորների մանդատները եւ այլն, - գրում է մեկնաբանը, - Ընտրությունների ողջ գործընթացը դառնում է կապիտալի կուտակման եւ վերաբշխման համար ընթացող դաժան պայքարի բաղկացուցիչ մասը:

«Հայոց Աշխարհ»-ը նաեւ արձանագրել է. «կայունության եւ ապահովության ձգտող ունեւոր խավն իր նախապատվությունն ակնհայտորեն տալիս է իշխանությանը: Ավելին, նա ձգտում է օգտագործել սկիզբ առած ընտրարշավը՝ իշխանության ստորին օղակների մեջ ամրապնդվելու, նրանց հետ միաձուլվելու համար»: Արդյունքում ամրապնդվելու են իշխանության ռեզերվներն ու հենարանը, - բխեցնում է մեկնաբանը:

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում ներկայացված զեկույցը՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին, պատշաճության սահմաններից դուրս բնորոշումներ է պարունակում հայկական մամուլի վերաբերյալ, - գնահատված է «Առավոտ» թերթում:

Մասնավորապես, զեկուցողների կարծիքով՝ «ԶԼՄ-ների ազատության առումով Հայաստանում իրավիճակը պայմանավորված է ոչ այնքան նյութական կամ վարչական խոչընդոտներով կամ քաղաքական ճնշմամբ, ինչքան արհեստավարժությամբ եւ լրագրական էթիկայով (դրանց բացակայությամբ), որոնք շատ հեռու են եվրոպական չափանիշներից: ...Շատ լրագրողներ իրենց պահում են վաճառականների պես, պատրաստ լինելով իրենց սյունյակները տրամադրել նրան, ով ավելի շատ կառաջարկի»: Այս պնդումներից որեւէ մեկը հիմնավորված չէ որոշակի օրինակներով: Ու ստացվում է, որ ցեխ է շպրտված Հայաստանի ողջ մամուլի վրա,- արձագանքում է «Առավոտ»-ի մեկնաբանը:

Մյուս կողմից «Հայոց Աշխարհ»-ում մատուցվում է, թե Եվրախորհրդի ներկայացուցիչներն իրենց այդ կարծիքը կազմել են՝ շփվելով բացառապես ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատակիցների հետ:


Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG