Մատչելիության հղումներ

Երեւանցիները չեն ընկալել Առնո Բաբաջանյանի արձանի ոճը


Առնո Բաբաջանյանի վիճահարույց արձանի հետգա ճակատագիրը որոշելու համար այսօր արվեստագետներին խորհրդակցության էր հրավիրել Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը:

Առնո Բաբաջանյանի անավարտ արձանը, որը տեղադրվել է Օպերայի շրջակայքում, բազմաթիվ իրարամերժ եւ ծայրահեղ գնահատականների արժանացավ, դարձավ մամուլի քննարկման եւ քննադատության առարկա:

Քաղաքապետն այսօր խորհրդակցության սկզբում հայտարարեց, որ արձանի անհաջողության ամբողջ մեղքն իրենն է եւ այդ մեղքը քավելու համար հանձնարարեց գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին 3 օրում կազմել գեղարվեստական խորհուրդ, որը 7 օրվա ընթացքում կորոշի արձանի ճակատագիրը:

Խորհրդակցությանը ներկա ճարտարապետներից շատերը, սակայն , միանշանակ բարձր գնահատականի են արժանացնում իրենց գործընկերոջ՝ Դավիթ Բեջանյանի ստեղծագործությունը՝ համարելով, թե ժամանակ է պետք, որպեսզի ժողովուրդն ընկալի արձանը, քանի որ այն նոր ոճով է կառուցված եւ հեռու է մեր ավանդական պատկերացումներից, ընկալումներից: Իսկ բարձրացված մեծ աղմուկը ավելի լավ է, քան լռությունը, որովհետեւ նպաստում է աշխատանքի ճիշտ ընկալմանը, կարծում են արձանի կողմնակիցները:

Քաղաքապետը նշեց, որ քանդակը կառուցվում է մայիս ամսից, եւ այդ ընթացքում որեւէ բացասական կարծիք չի հնչել, թեեւ մանրակերտը դրված է եղել կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի սեղանին:

Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով, չի կարելի քննարկել արվեստի որեւէ ստեղծագործություն, քանի դեռ այն անավարտ է: Նա առաջարկում է սպասել մինչեւ հեղինակը կավարտի գործը, ապա նոր միայն գնահատել: Հատկապես, որ այդ քանդակը դեռեւս չի համապատասխանում այն մակետին, որը ներկայացվել է կոմպոզիտորների միությանը:

«Այնքան էլ միանշանակ չէ, որ կարող են 3-4 կամ 10-15 հոգով հավաքվել եւ մի այնպիսի գործ ստեղծել, որը երեւանցիներին դուր չգա, մերժվի», - վստահեցնում է քաղաքապետը՝ ընդգծելով, որ հնարավոր չէ հաշվի չառնել հասարակական կարծիքը:

Ճարտարապետների միության նախագահ Ալբերտ Զուրաբյանն էլ, տարբեր կարծիքներ լսելով ուղղակի շփոթվել էր եւ այդպես էլ ասաց. «Շիվարել եմ»:

«Քանդակն արվեստի գործ համարել չի կարելի՝ պարզունակ է, չի արտահայտում կոմպոզիտորի կերպարը, չկա նաեւ դաշնակահարի կերպարը», -կարծում է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:

Երկժամյա քննարկումից հետո քաղաքապետը կարծիք հայտնեց, թե Առնո Բաբաջանյանը արժանի է, որ նրա հիշատակին երկու արձան կանգնեցվի: Այսպիսով, «Առնո Բաբաջանյան» հիմնադրամին առաջարկվեց նոր մրցույթ հայտարարել, ներգրավելով գեղարվեստական խորհուրդը՝ ստեղծել նոր արձանի նախագիծ, որը կհաստատի Երեւանի գլխավոր ճարտարապետը:

«Երկրորդ արձանը ունենալուց հետո, եթե համեմատությանն մեջ քննարկվող արձանը մնա նորից մերժելի, անընդունելի լայն հասարակության համար, ապա այն խնամքով կապամոնտաժվի եւ կտեղափոխվի մի այնպիսի տեղ, որտեղ ընդունելի կլինի բոլորիս կողմից»,- խոստացավ քաղաքապետը:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG