Մատչելիության հղումներ

Եվրոպական դատարան դիմելը հեշտ է, բայց վարույթում հայտնվելը՝ դժվար


Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել 2002 թվականի մայիսի 26-ից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացնելու օրվանից:

-Այս դատարան դիմելը բավականին հեշտացված ընթացակարգ ունի: Կարելի է ցանկացած կերպ շարադրել դիմումը եւ ուղարկել դատարան, - ասաց Հայաստանի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին: Եվրոդատարան դիմելու համար անհրաժեշտ բլանկը կարելի է գտնել Ինտերնետում:

Համակարգված տեղեկատվություն, թե քանի դիմում է ուղարկվել Հայաստանից, քանիսն են դրանցից վերցվել վարույթի, դեռեւս չկա: Առայժմ չկան նաեւ Եվրոպական դատարանի գործերով զբավող գրասենյակներ, ինչպես նաեւ համապատասան մասնագետներ:

Միջազգային իրավունքի հայկական ընկերակցությունը 100 քրեկան եւ քաղաքացիական գործերով դատավճիռների հիման վրա ուսումնաիրություն է կատարել եւ պարզվել է, որ հայկական դատարաններում եվրոպականին բնորոշ «նախադեպային իրավունքով» ոչ մի դատավճիռ չի կայացվել:

Ընկերակցության ներկայացուցիչ Լիանա Հակոբյանի տվյալներով, շաբաթական առնվազն երկու մարդ դիմում է կազմակերպությանը` Եվրոդատարան հայց ներկայացնելու խորհրդատվութան ակնկալիքով:

Փաստաբան Արթուր Գրիգորյանի մեկնաբանությամբ, քաղաքացիները հիմնականում լավ չեն պատկերացնում, թե ինչ խնդիրներով է զբաղվում այդ դատարանը: Դիմել ցանկացողները շատ հաճախ կարծում են, թե միայն այն փաստը, որ Հայաստանի դատական ատյաններում իրենց բողոքը մերժվել է՝ արդեն հիմք է Եվրոպական դատարան դիմելու համար, որտեղ այդ բողոքը, իրենց պատկերացմամբ, պետք է անպայման բավարարվի:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG