Մատչելիության հղումներ

Միջնորդները շնորհավորեցին Արկադի Ղուկասյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ


Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում էին, այսօր վերադարձան Երեւան, ապա մեկնեցին Բաքու: Ստեփանակերտի այցը եւս միջնորդները դրական են գնահատել:

Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Նիկոլայ Գրիբկովին (Ռուսաստան), Հյուգ Պերնեին (Ֆրանսիա), Ռուդոլֆ Փերինային (ԱՄՆ):

Հանդիպման սկզբում միջնորդները շնորհավորել են Արկադի Ղուկասյանին Լեռնային Ղարաբաղի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես ծանուցում է ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակը, հանդիպման ժամանակ Արկադի Ղուկասյանը նշել է, որ անցած ընտրությունները եւս մեկ քայլ են ԼՂՀ հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացման ճանապարհին: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ այդ հանգամանքը ճշմարիտ գնահատականի կարժանանա միջազգային հանրության կողմից:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարները: Այդ կապակցությամբ Արկադի Ղուկասյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ առանց ղարաբաղյան կողմի՝ որպես խաղաղ գործընթացի լիիարավ սուբյեկտի, բանակցություններին միացմանը՝ հիմնախնդրի լուծումն ավելի քան պրոբլեմային կլինի:

Հավաքվածները նորից հանգել են այն կարծիքին, որ անհրաժեշտ է փնտրել հիմնահարցի լուծման բացառապես խաղաղ ուղիներ՝ փոխադարձ ընդունելի փոխզիջումների հիման վրա:

ԼՂՀ նախագահ Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ավելացրել է նաեւ, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացը իրականում կասեցված է, տեղի ունեցածը ընդամենը հերթական հանդիպում էր միջնորդների հետ: Բանակցությունները վերսկսելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Ղուկասյանը արդյունավետություն չի կանխատեսում, եթե կարգավորման գործընթացում ներգրավվի նաեւ Եվրամիությունը՝ լավագույն միջնորդի դերը վերապահելով ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Այս հանդիպումից առավել տեսանելի էր, որ կարգավորման թեման իրավասու պաշտոնյաների համար դարձել է ավելի սահմանափակ, ինչը դիտորդների հայացքով, հակամարտ կողմերի միջեւ շփման եզրեր չգտնելով է պայմանավորված:

ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի ձեւակերպմամբ, տեղի է ունենում ոչ միայն բանակցային գործընթացի ֆորմատի որոշակի տրանսֆորմացիա, այլեւ ընդհանրապես հակամարտության կարգավորման մեթոդոլոգիայի ձեւաշեղում: Ի սկզբանե անթաքույց շեշտվում էր, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի համար: Սական վերջին շեշտադրումները ցույց են տալիս, որ ինչպիսի որոշում ընդունեն Հայաստանի եւ Ադրբեանի նախագահները՝ այն արդեն պետք է ընդունելի լինի Լեռնայի Ղարաբաղի համար: Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ կարգավորման այս մեթոդը արդյունավետ չի կարող լինել:

«Այս պայմաններում հակամարտության կարգավորմանը մենք դեռ երկար կսպասենք», - եզրակացնում է հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ այսպես տարածաշրջանը հետ է ընկնում համաշխարհային ընդհանուր զարգացումից:

ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի կարծիքով էլ, Մինսկի խումբը չի օգտագործում իր ամբողջ ներուժը հակամարտության կարգավորման համար: Նա նույնպես պնդում է, որ խմբի ջանքերը ապարդյուն են՝ ինչպես մինչ օրս, այդպես եւ ապագայում, քանի դեռ Ղարաբաղը չի մասնակցում կարգավորման գործընթացին որպես հակամարտության կողմ:

Պատգամավորների եզրակացությամբ, միջնորդների հերթական այցը առաջացրեց նոր հարցականներ: Ժամանակն անցնում է՝ անորոշության բեռն ավելացնելով, մինչդեռ հայերն ու ադրբեջանցիներն միմյանցից ավելի ու ավելի են հեռանում:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG