Մատչելիության հղումներ

Միջնորդները գոհ են Քոչարյանից





ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այսօր ընդունել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպումը, որ տեւեց մեկ ժամից ավելի, անցել է ընդլայնված կազմով: Մասնակցել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը , Մինսկի խմբի համանախագահներ՝ Ռուդոլֆ Փերինան, Հյուգ Պեռնեն, Նիկոլայ Գրիբկովը, ԱՄն-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Հայաստանի կողմից՝ արտքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը հանդիպումից հետո հայտարարեց, թե բանակցությունների հիմքում ընկած են Փարիզի եւ Քի Ուեստի սկզբունքերը. «Իմ հայացքով, այդ պայմանավորվածություններից նահանջ չկա», - աաց նա:

Քննարկվող տարբերակների մասին, ըստ էության, միայն այս հայտարությունը հնչեց, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է, որ չնայած ադրբեջանական կողմի հերքումներին, Փարիզում եւ Քի Ուեստում Ղարաբաղի հարցի կարգավորման համաձայնություն է ձեռք բերվել, որի սկզբունքների շուրջ բանակցություները շարունակվում են:


Գոհունակություն հայտնելով Հայաստանի նախագահի հետ վարած բանակցություններից, Վյաչեսլավ Տրուբնիկովն ասաց. «Մենք համոզվեցինք, որ գործընթացը շարունակվելու, եւ Միսկին խմբին աջակցելու հարցերում Հայաստանի ղեկավարությունը դրական է տրամադրված, ինչը մեզ շատ ուրախացնում է: ... Այն, ինչ մեզ այսօր ասաց Հայաստանի նախագահը, մեզ ոգեւորում է, մեզ հուսադրում է»,- ընդգծեց փոխարտգործնախարարը՝ ավելացնելով, որ հենց այդ տրամադրությամբ էլ կշարունակեն իրենց ուղին:

Տրուբնիկովը գտնում է նաեւ, որ Պրահայում երկու երկրների նախագահների անձանական ներկայացուցիչների հանդիպումների ֆորմատը դրական դերակատարություն ունի եւ մեծ աջակցություն է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ օգնելով միջնորդներին ավելի լավ հասկանալ երկու երկրների հարաբերություները: Ուստի, վերջիններիս համոզմամբ, այդ հանդիպումները պետք է շարունակվեն:

Կարճ հայտարարությամբ հանդես եկան նաեւ Միսկի խմբում ԱՄՆ-ի եւ Ֆրասիայի կողմից համանախագահները: Նրանք եւս դրական եւ օգտակար գնահատեցին նախագահ Քոչարյանի հետ այսօրվա հանդիպման արդյունքները՝ դրանք համարելով կարեւոր քայլ դեպի առաջ:

Այսուհանդերձ, բանակցությունների մանրամասները, ինչպես միշտ, մնացին փակ: «Մանրամասները չեմ կարող ներկայացնել, գաղտի բանակցություներում մեր շանսերն ավելի մեծ կլինեն, - բացատրեց ամերիկացի դիվանագետ Ռուդոլֆ Փերինան, -երբեմն այդ քննարկումները շատ մանրամասն էին»,- նշեց դիվանագետը՝ ավելացնելով, թե այս ամենը միջնորդների հետագա աշխատանքների համար շատ օգտակար կլինեն:

Միսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցիչ Հյուգ Պեռնեի խոսքերով, խումբը ընդլայնելու է աշխատանքները: Հոկտեմբերի 9-ին Բրյուսելում միջնորդները հանդիպելու են Եվրամիության արտաքին եւ անվտանգության ընդհանուր քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանային եւ արտաքին կապերի հանձնակատար Քրիս Պատենին՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները քննարկելու նպատակով:

Հայաստանում եւ Ադրբեջանում 2003 թվականին նախագահական ընտրություններ են անցակացվելու: Նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը դժվար թե փոխզիջումային համաձայնության հասնեն: Երկուսն էլ մտադիր են առաջադրվել ընտրություններում, եւ Ղարաբաղի հարցում արված ցանկացած զիջում նրանցից յուրաքանչյուրի վրա շատ թանկ կնստի:

Վյաչեսլավ Տրուբնիկովի կարծիքով եւս, երկու երկրների նախընտրական իրավիճակները ազդեցություն կունենան բանակցային գործնթացի տեմպերի վրա, բայց գործընթացը կանգ չի առնի:

Հանդիպումից հետո միջնորդները մեկնեցին Ղարաբաղ: Վաղը, Ստեփանակերտից վերադառնալով, նրանք կհանդիպեն նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, ապա կմեկնեն Բաքու:



Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG