Մատչելիության հղումներ

Հայաստանը պաշտոնապես թեւակոխեց նախընտրական փուլ


Հոկտեմբերի 20-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների ընտրություններին մասնակցելու համար սեպտեմբերի 20-ից Հայաստանի մի քանի տասնյակ ընտրատարածքային հանձնաժողովներում սկսեցին ընդունել թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Հիմնականում փաստաթղթերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 25-ը ժամը 18.00: Սակայն որոշ համայնքներում, մասնավորապես Արաբկիրում այդ ժամկետը լրանում է սեպտեմբերի 24-ին ժամը 18.00-ին: Բանն այն է, որ ընտրական օրենսգրքով փաստաթղթերի ներկայացման ժամկետը հաշվվում է քվեարկության օրվանից ոչ շուտ քան 30 եւ ոչ ուշ քան 25 օր առաջ: Այսինքն թեկնածուներին ընդամնեը 5 օր ժամանակ է տրվում: Բայց, փաստորեն, մի շարք համայնքներում թեկնածուներին առաջադրվելու համար 5 օրից ավելի ժամանակ է տրվել:

Այդուհանդերձ, հակասությունը պարզելիս կենտրոնական ընտրական հանձնաժողովում բացատրեցին, որ յուրաքանչյուր հանձնաժողով ինքն է հաստատում ժամանակցույցը եւ կարեւորն այն է, որ նշված օրերը պակաս չեն օրենքի պահանջից: Բայց կա մեկ այլ խնդիր եւս: Թեկնածուները ընտրական հանձնաժողովներին պետք է ներկայացնեն տեղեկանք վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ տվյալ համայնքում գրանցված լինելու մասին: Այդ տեղեկանքներն էլ տալիս են Ներքին գործերի անձնագրային բաժինները, որոնց համար սեպտեմբերի 21-ը, 22-ը եւ 23-ը ոչ աշխատանքային օրեր են եղել: Եվ հենց այդ պատճառով, գոնե Արաբկիր համայնքում առաջադրվող թեկնածուները մյուսների համամետությամբ, անհավասար պայմաններում են հայտնվել:

Վաղը կավարտվի թեկնածուների առաջադրման փուլն ու կսկսվի նրանց գրանցման փուլը: 666 համայնքի ղեկավարներից 5-ի ընտրությունն անցկացվում է Երեւանի Կենտրոն, Արաբկիր, Ավան, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքներում: Վերջին տեղեկությունների համաձայն Արաբկիր համայնքի ղեկավարի համար արդեն 5 թեկնածու է առաջադրվել՝ բոլորն էլ անկուսակցական: Այդ թվում նաեւ գործող թաղապետ նախկին ՀԺԿ-ական Ֆելիքս Յայլոյանը:

Կենտրոն համայնքի ղեկավարի համար առայժմ երկու թեկնածու է առաջադրվել՝ գործող թաղապետ ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը եւ «Միավորված հայեր» կուսակցության կողմից Արման Մարտիրոսյանը: «Հանրապետական», ՀՌԱԿ կուսակցություններն էլ արդեն հայտարերել են, որ աջակցելու են Գագիկ Բեգլարյանին, որն էլ կլինի երրորդ թեկնածուն: Այս ցուցակը կարող է համալրվել մինչեւ սեպտեմբերի 25-ը ժամը 18.00:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG