Մատչելիության հղումներ

«16»-ը միասնաբար տապալեց կառավարության օրինագիծը


Պետական գույքի կառավարման նախարարությունը փոփոխություններ եւ լրացումներ էր առաջարկել պետական գույքի մասնավորեցման 2001֊-2003 թվականների օրենք-֊ ծրագրում: Մասնավորեցման ցանկում առաջարկվում էր հիմնականում Երեւանի եւ մարզերի առողջապահական օբյեկտներ ընդգրկել: Միավորված 16 ընդդիմադիր ուժերը ներկայացնող պատգամավորներն այսօր տապալեցին այդ օրինագծի ընդունումը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկությունից առաջ Հայկոմկուս խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանն ընդդիմադիր միավորումը ներկայացնող 28 պատգամավորների անունից հայտարարեց, որ նկատի ունենալով առողջապահական օբյեկտների կարեւորությունը, որոշել են չմասնակցել քվեարկությանը:
49 կողմ ձայն հավաքելով, օրինագիծը չընդունվեց՝ քվորումի բացակայության պատճառով:

Այս օրինագծի ընդունմանը խոչընդոտած 28 պատգամավորներին նկատի ունենալով՝ անկախ պատգամավոր, ԱԺԴ նախագահ, նույնպես նախկին ԱԺՄ֊ական Արշակ Սադոյանը երեկոյան ամբիոնից հայտարարեց. «Ստեղծում ենք ոչ ֆորմալ պատգամավորական միավորում: Մենք հաստատակամ ենք մեր պայքարում՝ առաջիկա բոլոր ընտրությունների ընթացքում պաշտպանելու ժողովրդի քվեն»:

Արշակ Սադոյանը կոչ արեց մյուս բոլոր պատգամավորներին, ովքեր այս խնդիրը կաեւորում են, մասնակցել միավորման աշխատանքներին:

Միավորման կոչ արեց նաեւ ՀԺԱՄ կուսակցության նախագահ, նույնպես նախկին ԱԺՄ֊ական Սեյրան Ավագյանը, բայց արդեն այլ դաշտում: Նրա բնորոշմամբ, հասարակության կարո՜ղ քաղաքական հատվածին էր ուղղված միավորվելու կոչը՝ աղքատության խնդիրը վերացնելու նպատակով:

«Իրավունք Միաբանություն» խմբակցության ղեկավար եւ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ինչպես ինքը բնորոշեց, որոշել էր հանգստացնել թե «քոչարյանական, թե տեր-պետրոսյանական լրատվամիջոցներին», որոնք լուրեր են տարածում, մեկը՝ նախկին, մյուսը՝ ներկայիս նախագահի հետ իր նախընտրական պայմանավորվածությունների մասին:

«Պայմանավորվածություն եթե կան իմ եւ Քոչարյանի միջեւ, ապա դա նոր պետք է հնչի, - ասաց Գեղամյանը՝ շարունակելով, - ԱՄ կուսակցությունը վերջինիս վաղաժամկետ հրաժարականի դեպքում կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը համաժողովրդական հաշվեհարդարից»:

Ըստ Գեղամյանի, պայմանավորվածություններ իրականում կան Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ՝ իշխանությունը Լեւոն Տեր- Պետրոսյանին հետ հանձնելու վերաբերյալ: Դա Գեղամյանը հիմանվորում է իր ենթադրությամբ, թե ցանկացած երրորդ ուժի ի հայտ գալու դեպքում նախկին երկու նախագահները «ելույթներ կունենան դատարանի դահլիճում»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG