Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահների հերթական այցից սպասելիքներ չկան


Սեպտեմբերի 25-ին Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուդոլֆ Փերինան, Հյուգ Պեռնեն, Նիկոլայ Գրիբկովը, ըստ նախնական ծրագրի, նաեւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, հերթական այցով ժամանում են տարածաշրջան: Նրանց այցելությունը սկսվում է Երեւանից: Այս անգամ միջնորդները միասին չեն գալիս, ժամանելու են տարբեր չվերթներով:

Սեպտեմբերի 25-ին միջնորդները հանդիպումներ, խորհրդակցություններ կունենան համանախագահող երկրների դեսպանատներում: Յուրաքանչյուր այցելության ծրագրերը կոորդինացնում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանատներից մեկը: Այս անգամ հերթը Ռուսաստանինն է:

Բանակցությունները կսկսվեն սեպտեմբերի 26-ին: Առավոտյան նախատեսվում է միջնորդների հանդիպումը արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ, որից հետո համանախագահները կհանդիպեն Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Սեպտեմբերի 26-ին Մինսկի խմբի համանախագահները մեկնելու են Ստեփանակերտ՝ բանակցելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ: Ըստ նախնական ծրագրի, Ղարաբաղից նրանք Երեւան են վերադառնալու սեպտեմբերի 27-ին: Չի բացառվում, որ միջնորդները մեկ անգամ էլ կհանդիպեն Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների հետ, ապա Երեւանից կմեկնեն Բաքու, որտեղ սեպտեմբերի 28-ին կավարտվի տարածաշրջանային հերթական այցը:

Երկու կողմերից հնչած վերջին արձագանքները, տրամադրությունները ցույց են տալիս, որ առաջիկա հանդիպումներից առանձնապես ակնկալիքներ չկան: Թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարները օրեր առաջ հայտարարեցին, թե միջնորդների կողմից նոր առաջարկներ չեն սպասում: Կանխատեսեցին նաեւ, որ միջնորդները հետաքրքրվելու են օգոստոսի 14-ին Սադարակում կայացած Քոչարյան-Ալիեւ դեմ առ դեմ 4 ժամանոց հանդիպման մանրամասներով:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը էլ վերջին ասուլիսում նշեց, որ առանձնակի ակնկալիքներ այս այցից չկան, նոր առաջարկներ չեն սպասվում:

Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը, վերջերս ասելով, թե միջնորդների այցի ընթացքում նոր առաջարկներ չեն լինի, ավելացրել է, որ համանախագահների խորհրդակցությունները կլինեն նախկին առաջարկների մոդիֆիկացիների շուրջ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG