Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի արձանագրմամբ, - «Քոչարյանական քարոզչամեքենան նպատակ է դրել՝ ցույց տալ, թե որքան չկայացած է ընդդիմությունը, եւ մեզ հաշտեցնել այն մտքին, որ Քոչարյանին այլընտրանք չկա։ ... Այս առումով նախագահն ընտրության մեծ հնարավորություն ունի, քանի որ տպագիր ԶԼՄ-ների մեծ մասը նրա հսկողության տակ են։ Էլեկտրոնային ԶԼՄ-ները եւս, առանց բացառության, նախագահամետ են։ «Ա1+»-ի փակումից հետո հայրենական անգամ այն հեռուստաընկերությունները, որոնք կարող էին հավակնել քիչ թե շատ անաչառության, ստիպված են աշխատել հօգուտ Քոչարյանի։ ...Մի խոսքով, բոլորը պատրաստ են ծառայելու։ Ծառայում են, թող ծառայեն։ Փողով, կամ առանց փողի։ Բայց Առաջին ծրագիրն ամեն դեպքում «հանրայինի» կարգավիճակ ունի, եւ սեփականաշնորհելով այն՝ սեփական նախընտրական քարոզն անելու համար, նախագահը խախտում է ընտրությունների անցկացման ազատության եւ հավասարության սկզբունքը։ Ընդ որում, դա անելու համար մտնում է մեր՝ հարկատուներիս, գրպանները»։
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում ասում է, - լրատվական դաշտը, ըստ էության, փակ է ընդդիմության համար, եվ նա չի կարող ներկայանել ու ներկայացնել իր ծրագրերը: Բոլոր հեռուստաընկերությունները փակ են ընդդիմության առաջ, իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր մի քանի թերթերի, ապա նրանց տպաքանակը մոտ 15 հազար է, այն էլ՝ մարզեր գրեթե չի հասնում»:
Նախկին նախարարը մասնավորապես սրանով է բացատրում, որ ընդդիմադիր առաջնորդների վարկանիշային տոկոսները համեմատաբար ցածր են: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե 16-ի ներսում կան ականներ, որոնք անպայման պայթելու են, Վաղարշակ Հարությունյանը նշում է. -«Միանշանակ համոզված եմ, որ որեւէ ական էլ չի պայթելու, չնայած իշխանությունները փորձում են ականներ տեղադրել եվ իրենց ողջ ներուժը նվիրել են 16-ի միավորումը քանդելու գործին»:

Նույն «Հայկական Ժամանակ» թերթում, սակայն, այն կապակցությամբ, որ «Ազգային միաբանություն» կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավարը աշխատանքի է անցել մարզպետարանում, բերված է ընդդիմադիր այլ կառույցների ղեկավարների գնահատականներ, թե այդ հենց խոստացված ականի պայթյունն էր: Իրականացնելով «կանխատեսումը, թե Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը իշխանությունների կողմից ընդդիմության դաշտում տեղադրված ական է, որը վաղ թե ուշ պայթելու է., -երեւույթացնում է «Հայկական Ժամանակ» թերթի մեկնաբանը, ակնարկելով, որ նույն կերպ Արտաշես Գեղամյանն էլ կանցնի Քոչարյանի ճամբար՝ որեւէ հարմար առաջարկի դեպքում:

«Այժմ, երբ բոլորը պատրաստվում են երկարաշունչ նախընտրական մարաթոնին, աթոռը, որպես քաղաքական կատեգորիա, ստանում է առաջնահերթ նշանակություն», - հատկանշված է այսօր «Իրավունք»-ի վերլուծականում: - «Հիմա էլ բազմահազարանոց չինովնիկությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առջեւ, թե ինչպիսի քաղաքական վարքագիծ է պետք ընտրել, որպեսզի ցանկացած պարագայում պահպանվի սեփական աթոռը: Մի կողմից վտանգավոր է հեւիհեւ չկատարել նախագահի հնչեցրած եւ անգամ չհնչեցրած բոլոր ցանկությունները: Բայց մյուս կողմից՝ ոչ ոք չի կարող հարյուր տոկոսանոց երշխիք տալ, որ Ռոբերտ Քոչարյանը կպահպանի իր նախագահական աթոռը, հետեւաբար՝ ընդդիմության աչքի գրողը դառնալն էլ անվտանգ զբաղմունք չէ: Ընդդիմադիր ուժերի համար էլ աթոռի ակտեգորիան լուրջ դերակատարություն ունի: Այսպես, բազմաթիվ ամենատարբեր կուսակցությունների պառակտման հիմք է դարձել դրանց այս կամ այն անդամին աթոռ տրամադրելը: Վերջերս էլ դեպքեր են եղել, որ, օրինակ, ընդդիմադիր թեկնածուն հրաժարվում էր համայնքապետական մարաթոնից համայնքապետի այսինչ տոկոս հավանականությունը հնարավոր աթոռին գերադասելով թեեւ ավելի համեստ, բայց հենց այս պահին նյութականացող աթոռը մարզպետարանի այսինչ կամ այնինչ վարչությունում»:

«Հայոց Աշխարհ» թերթը ի մի է բերել, թե երբ ու մոտավորապես ինչ սցենարով են լինելու կուսակցությունների նախընտրական «պատմական» համագումարները: Հոկտեմբերի վերջին- նոյեմբերի սկզբին մասնավորապես «Հանրապետական կուսակցությունը», «Դաշնակցությունն» ու «Օրինաց երկիրը» ըստ ամենայնի իրենց աջակցությունը կհավաստեն Ռոբերտ Քոչարյանին: Հոկտեմբերի սկզբին «Ազգային միաբանությունը», նոյեմբերի սկզբին՝ ՀԺԿ-ն կառաջադրեն իրենց ղեկավարներին: Կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը տարիքի բերումով առաջադրվել չի կարող. - «Ըստ այդմ՝ ՀԿԿ ներսում նրա կողմնակիցները շահագրգռված են 16-ի միավորման կազմում առաջադրել եւ պաշտպանել որեւէ այլ կուսակցության թեկնածուի», - փոխանցում է «Հայոց Աշխարհ»-ը, -բայցեւ կոմկուսի այլ ներկայացուցիչներ նոյեմբերին կայանալիք համագումարում բավականին թեժ պայքար են ծավալելու թեկնածու դառնալու համար»:

Անդրադառնալով նախագահ Քոչարյանի շեշտադրմանը, որ «ընտրությունները վատ ազդեցություն են թողնում տնտեսության վրա: Որքան կարճ տեւեն ընտրությունները, այդքան փոքր կլինի այդ վատ ազդեցությունը տնտեսության վրա», «Հայկական Ժամանակ» թերթը համադրել է. Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ մի սեմինարի ժամանակ, ընդհակառակն, պնդում էր, թե, ընդհանուր առմամբ, ընտրությունները մտցնում են տնտեսական աշխուժություն,քանզի ընտրական կոմպանիան պահանջում է տարբեր ծախսեր: Ստացվում է. - «Որքան երկար են տեւում ընտրությունները, այնքան ավելի նկատելի է լինում տնտեսական աշխուժությունը: ... Ըստ որոշ գնահատականների, խորհրդարանական ընտրություններին նախորդող երկու-երեք շաբաթների ընթացքում պատգամավորական թեկնածուները ծախսում են ընդհանուր առմամբ մոտ 20 մլն դոլար: Թերեւս, ծախսերի ավելի մեծ սանդղակ է գործում նախագահական ընտրությունների դեպքում: Այնպես որ, 2003 թվականին կյանքն իրոք կտրուկ լավանալու է», - բխեցրել է մեկնաբանը:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG