Մատչելիության հղումներ

Անուշավան Դանիելյանը կանխատեսում է եկամուտների աճ


Լեռնային Ղարաբաղի բյուջեի դեֆիցիտի զգալի մասը ծածկվում է Հայաստանի պետական բյուջեից տրվող միջպետական վարկերով: Նախորդ 5 տարիների ընթացքում Ղարաբաղը Հայաստանից շուրջ 75 միլիոն դոլարի վարկավորում է ստացել: Վերջին տարիներին Ղարաբաղին տրվող օգնությունը կայունացել է 9 միլիարդ դրամի սահմանագծին, հաջորդ բյուջետային տարում եւս այդ օգնության անհրաժեշտությունը կզգացվի:

ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, գնահատում է, որ երկու հայկական պետական կազմավորումների միջեւ ոչ թե պարտատիրոջ եւ պարտապանի հարաբերություններ են, այլ միայն իրավահավասար գործընկերների հարաբերություններ:

«Միջպետական վարկը վերջին երեք տարիների ընթացքում ոչ միայն չի ավելացել, այլեւ հակառակը՝ նվազել է», - ասաց Անուշավան Դանիելյանը՝ ավելացնելով, թե աճել է ներմուծումը Հայաստամից Ղարաբաղ, ինչը Հայաստանի համար բավականին մեծ գումարների հոսք է ապահովում: ԼՂՀ վարչապետի գնահատմամբ, եթե գանձվեր այստեղից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկը, այն կկազմեր շուրջ 3 միլիարդ դրամ: Եւս երեք միլիարդ կարող էին կազմել այդ ապրանքներից գանձման ենթակա մաքսատուրքերը։ Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի բյուջեից տրվող վարկավորումը ոչ թե 9, այլ առնվազն 12 միլիարդ դրամ պետք է կազմեր։

Անուշավան Դանիելյանի կանխատեսմամբ, Ղարաբաղի բյուջեն հաջորդ տարի եկամուտների գծով 12-13 տոկոսի աճ կունենա, այսինքն գրեթե նույնքան, որքան կաճի Հայաստանի բյուջեի եկամտային մասը։ Իսկ պետական եկամուտների աճի հիմնական երաշխիքը ներդրումներն են, որոնք, Դանիելյանի խոսքերով, վերջին երկուս ու կես տարվա ընթացքում կազմել են շուրջ 30 միլիոն դոլար։ Այս տարի էլ կանխատեսվում է 5-6 միլիոն դոլարի ներդրում, իսկ եկող տարի դրանց ծավալները կտրուկ կավելանան:

Տարբեր գնահատականներով, վերջին երեք տասնամյակների ընթացքում Ղարաբաղից դեպի Հայաստան եւ Ռուսաստան հեռացել է առնվազն 200 հազար մարդ։ Նկատի առնեք, որ նրանց մեջ քիչ չեն գործարարության ոլորտում ընդգրկված ու պատկառելի կարողություն ունեցողները։ Ու եթե Ղարաբաղում ներդրումներ անեին նույնիսկ միայն ղարաբաղյան ծագում ունեցող գործարարները, ապա այստեղ ներդրումները մեկ կարգ ավելի բարձր կլինեին։ Մինչդեռ ղարաբաղյան ծագում ունեցող գործարար մարդիկ գերադասում են գլխավորապես ներդրումներ անել կամ Հայաստանում կամ էլ՝ Ռուսաստանում, ընդ որում, հիմնականում առեւտրի եւ ծառայությունների բնագավառներում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG