Մատչելիության հղումներ

ԿԲ նախագահի կարծիքով, ընտրությունները տնտեսության վրա չեն ազդի


2003 թվականի բյուջեն արդեն պատրաստ է: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի մեկնաբանությամբ, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները երկարաժամկետ ծրագրերով կանխորոշված էին: Ուստի 2003 եւ 2004 թվականների պետական բյուջեները՝ կանխատեսված.- «Արտառոց ոչինչ չի սպասվում»:

«2003 թվականին փորձ կարվի ավելացնել հարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ, ինչը բավականին ծանր խնդիր է: Պետությունը լուրջ անելիքներ ունի հարկային վարչարարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով», - ասաց Կենտրոնական բանկի նախագահը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

Դեֆիցիտի առումով եւս 2003-ի բյուջեն նախորդ տարիներից առանձնապես չի տարբերվելու: Ըստ բանկի նախագահի, սեպտեմբերի 25-ին «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի խորհրդի նիստը կքննարկի նաեւ Հայաստանի վարկավորման ծարգիրը: Այն հաստատելու դեպքում արդեն հոկտեմբերին Հայաստանի Կենտրոնական բանկ կփոխանցվի ավելի քան 20 մլն դոլարի վարկ: - «Դա նաեւ կանաչ լույս կբացի Համաշխարհային բանկի հետ համագործակցության առումով: Կհստակեցվի ՍԱՔ-5 կառուցվածային բարեփոխումների վարկի տրամադրման պայմանները», - հույս հայտնեց ԿԲ նախագահը:

Ի դեպ, ԱՄՀ պատվիրակությունը հուլիսին Երեւանից հեռացավ դրական տպավորություններով: Այցի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ նրանք նշել էին, որ հաշվի են առնում 2002 թվականի առաջին կիսամյակի մակրոտնտեսական գոհացուցիչ ցուցանիշները: Նաեւ ողջունելի էին համարել կառավարության պատրաստակամությունը կոռուպցիա դեմ պայքարում:

Այսպիսով, Հիմնադրամի առաքելության զեկույցը ընդհանուր առմամբ դրական է լինելու, եւ հավանական է, որ Կենտրոնական բանկը կստանա ակնկալվող մասաբաժինը:

«Բյուջեի ծախսերի կառուցվածքում ընտրության հնարավորությունը խիստ սահմանափակ է, քանի որ բոլոր ծախսերը օրենսդրությամբ մանրակրկիտ նկարագրված են, - ասաց Տիգրան Սարգսյանը, -եթե հաջողվի ավելի մեծ եկամուտներ հավաքագրել, հնարավորություն կընձեռվի նախորդ տարիներից կուտակված պարտքերը մարե եւ բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները եւ այլն»:

Գնահատելով ընտրություննեի հնարավոր ազդեցությունը տնտեսության եւ բանկային համակարգի վրա՝ բանկի նախագահն ասաց. - «Ընդհանուր առմամբ, ընտրությունները տնտեսության մեջ աշխուժություն են մտցնում, քանի որ գատնիք չէ, որ նախընտրական կոմպանիան պահանջում է ծախսեր, որոնք կատարվում են նախկինում արված խնայողությունների հաշվին»:

Բայց, նրա խոսքերով, այդ ակտիվացումն էական ազդեցություն չի թողնելու տնտեսական ընդհանուր ցուցանիշների վրա, քանի որ ինչքան էլ ծախսեն թեկնածուները՝ ընդհանուր շուկայի ծավալներում չնչին գումար է կազմելու:

Մեր երկրում արտարժութային գործառնությունների ծավալը շաբաթական մոտավորապես 35 մլն դոլար է կազմում: Բացի այդ, պետք է նկատի ունենալ նաեւ լայնածավալ ներդրումները, որոնք այսօր միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացվում են, փաստեց Տիգրան Սարգսյանը: Ամսական միայն մեկ ծրագրով կատարվում է 10 մլն դոլարի շինարարական աշխատանք. - «Բնականաբար, մեր բոլոր նաընտրական կոմպանիաների ծախսերը շատ հեռու են այդ թվից»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG