Մատչելիության հղումներ

Ընտրազանգվածի տրամադրությունները փոփոխվում են ժամ առ ժամ


Որքա՞ն կարող է լինել գործող նախագահի իրական վարկանիշը: «Ազատություն» ռադիոկայանի զրուցակիցներ են «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը եւ «Հայկական սոցիոլոգիական ընկերակցության» ղեկավար Գեւորգ Պողոսյանը: Վերջին ամիսներին նման հարցախույզ նրանք չեն անցկացրել, պատրաստվում են դա անել հոկտեմբերին, սակայն կանխատեսումներ անել հիմա էլ կարող են:

Ահարոն Ադիբեկյանը՝ համադրելով Ռոբերտ Քոչարյանի վարկանիշային տատանման միտումները, ենթադրեց, որ այսօր նրա վարկանիշը պետք է տատանվի 25-35 տոկոսի շրջակայքում:

Գեւորգ Պողոսյանը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի պատվերով 2001-ի վերջին անցակցրած հարցախույզում Ռոբերտ Քոչարյանի 26 տոկոս վարկանիշն ու դրա տատանման միտումները, ենթադրեց , որ գոնե մի 5 տոկոսով պետք է այն աճած լինի՝ հաշվի առնելով տնտեսական եւ քաղաքական կայունությունը:

Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց նաեւ 1998-ից ի վեր նախագահ Քոչարյանի վարկանիշի ընդհանուր շարժը:Նրա տվյալներով, 98-֊ի նախագահական ընտրությունից մինչեւ 1999-ի հոկտեմբերի սկիզբը մոտ չորս անգամ իջել է՝ 56-58 տոկոսից մինչեւ 15-16 տոկոս:

Վազգեն Սարգսյանի հզորությունն ու Կարեն Դեմիրճյանի հեղինակությունն է Ադիբեկյանը համարում այդ ցուցանիշի անկման պատճառը: «Իրենց տանդեմը բավականին ուժեղ էր եւ դրա ֆոնի վրա Քոչարյանը չէր կարող այնպես հզոր երեւալ», - ասում է Ահարոն Ադիբեկյանը, - 2000-ի մայիսին, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին եւ վարչապետ Արամ Սարգսյանին պաշտոնանկելուց հետո նրա ռեյտինգը բարձրացավ մինչեւ 30 տոկոսի»:

Ադիբեկյանի կարծիքով, ընդդիմադիր 16֊-ի թիկունքում այնպիսի ընտրազանգված չկա, որը մեխանիկորեն միավորվի եւ լուրջ ազդեցություն ունենա Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի վրա: Օրինակ, - «Կոմկուսը ուներ 15, 17, 19 տոկոս վարկանիշ՝ այն միշտ նվազման միտում է ունեցել: Ներկայումս Կոմկուսը կարող է ունենալ 6-7 տոկոս վարկանիշ, -կանխատեսում է Ադրբեկյանը եւ ավելացնում, - Քոչարյանն, իհարկե, ունի կայուն ընտրազանգված ՝ նախ, իշխանավորներն են, բիզնեսմեներն են, ովքեր քչից-շատից գործ են անում եւ իրենց խաթրին չեն կպնում»: Իրավիճակին հարմաված մի խավ կա, որին ձեռնտու է Քոչարյան նախագահը. - «դզում է իրենց պրեզիդենտը, որը շատ չի խառնվում իրենց գործերին», - բացատրեց Ադրբեկյանը :

Իսկ Գեւորգ Պողոսյանի կարծիքով, միասնական թեկնածուն լուրջ գործոն կարող է դառնալ՝ տոկոսներ խլելով գործող նախագահի վարկանիշից: Դա առաջին հերթին կախված է նրանից, թե ով կլինի մրցակիցը եւ ոչ այնքան՝ միավորվել-չմիավորվելու հանգամանքից:

Ըստ Ահարոն Ադրբեկյանի, նախորդ ընտրություների փորձը ցույց է տվել, որ վարկանիշի ցուցանիշը ընտրություններին մոտ ժամանակահատվածում փոխվում է օրեցօր: Հիմա արդեն, ասում է, հարցախույզներն ավելի ու ավելի հաճախակի անելու փորձ են որդեգրել: Ընտրությունների օրը մոտենալիս՝ անգամ ամեն 36 ժամում:

«Հանրապետություն» կուսակցության լրատվական կենտրոնի՝ օրերս հրապարակած հարցախույզի իսկության շուրջ վեճում ե, բայց մի կարեւոր ցուցանիշ ստվերում մնաց. եթե առաջիկա կիրակի լինեին նախագահի ընտրությունները, մոտ 1500 հարցվածների հարցվածների 35 տոկոսը կամ ոչ մեկին ձայն չէր տալու, կամ էլ դեռ կողմնորոշված չէր լինելու:

Ինչ վերաբերում է բանավեճի հիմնական ցուցանիշին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ըստ հարցախույզի տված մոտ 20 տոկոսին, «Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը մեր հեռախոսազրույցում էլ կրկին պնդեց, որ իր տրամադրության տակ կան հենց նույն «Հանրապետություն» կուսակցության անցկացրած հարցախույզի տվյալները, որով նախագահ Քոչարյանին հարցման ենթարկվածների 33 տոկոսն է ձայն տվել: Գագիկ Մկրտչյանը մերժեց թե այդ տվյալները ցույց տալ, թե բացահայտել «Հանրապետություն» կուսակցությունից իր աղբյուրը:

«Հանրապետություն» կուսակցության լրատվական կենտրոնի ղեկավար Սուրեն Սուրենյանցը պնդում է, որ իրենց տվյալները չէին կարող որեւէ այլ տեղ հայտնվել, քանի որ հարցաթերթիկները գտնվում են կուսակցության տրամադրության տակ են:

Իսկ ինչ վերաբերում է հրապարակված թվերին, Սուրենյանցն ասաց, որ խեղաթյուրելու մասին պնդումներն անհեթեթ են, քանի որ այդ դեպքում իրենք կարող էին ուռճացնել իրենց առանորդների ցուցանիշները եւ ոչ թե Ստեփան Դեմիրճյանինը: Նա նաեւ տպավորություն փոխանցեց, թե ժամ առ ժամ ընտրազանգվածի տրամադրությունները փոխվում են:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG