Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերություններին, «Առավոտ» թերթում ասում է.-«Ինձ համար մինչեւ վերջ էլ հասկանալի չեղավ նրա այդպիսի «տաք», «ջերմ» վերաբերմունքն իմ անձի նկատմամբ: Թեեւ հակասություններ ունեցել ենք նաեւ իմ նախարար աշխատած ժամանակահատվածում՝ բյուջեի բաշխման եւ ՆԳ կառուցվածքի հարցերի առնչությամբ: Իսկ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ես նախընտրեցի հրաժարական տալ ու մարդ մնալ, մինչդեռ նա նախընտրեց զրահապատ «Մերսեդեսը»՝ հակասությունները վերաճեցին թշնամանքի: Եվ հաջորդած բոլոր տարիներին նա, ստվերում մնալով հանդերձ, ամեն ինչ արել է ինձ վարկաբեկելու եւ ցավ պատճառելու համար»:

«Առավոտ»-ի հարցազրույցում Սուրեն Աբրահամյանը մասնավորապես նշում է, որ ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարելու տարիներին էլ այնտեղ ծագող կոնֆլիկտների սկզբնաղբյուրը միշտ Սերժ Սարգսյանն էր: Ներկա ընթացքից էլ շեշտում է. - «Սպորտային կուսակցություն ստեղծելը, սպորտսմեններին քաղաքական կեղտոտ խաղերի մեջ ներքաշելն առնվազն անբարոյականություն եւ սրիկայություն է»:

Նախընտրական այս հատվածում զգալի կրքեր է բորբոքել «Հանրապետություն» կուսակցության պատվերով անցկացված հարցումը: Դա, ինչպես առանձնացրել է «Հայկական Ժամանակ»-ը , լուրջ դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր կուսակցությունների շրջանում: - Մասնավորապես «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն արձագանքել է. - ««Հանրապետություն» կուսակցությունը ստանձնել է ծայր աստիճան ծանր կացության մեջ հայտնված, 3-4 տոկոս ձայն ունեցող Ռոբերտ Քոչարյանի քաձալերումը: Անգամ իսկ պարոն Քոչարյանի ակնհայտ եւ քողարկված սատարողները նման հնարք չէին գտնի ոգեւորելու պարոն քոչարյանին եւ ապակողմնորոշելու ընդդիմությանը»:

Մյուս կողմից, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը այս կապակցությամբ նշում է. - «Հարցման արդյունքներից երեւում է, որ ընդդիմության ցանկացած համաձայնեցված թեկնածու առավել քան հեշտությամբ հաղթում է Ռոբերտ Քոչարյանին»:

Իսկ «Հայկական Ժամանակ»-ի մեկնաբանն էլ ավելացնում է. - «Այս ամենը մեծ աղմուկ է ոչնչից, քանզի սոցհարցման արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ եթե Քոչարյանին ձայն են տալիս, ապա միայն այն պատճառով, որ չեն հասկանում, թե ինչ է ուզում ընդդիմությունը: Ու քանի դեռ ընդդիմությունը չի պարզել իր ուզածը եւ չի հստակեցրել իր ուզածին հասնելու տրամաբանական քայլերը, ոչ մի սոցհարցում իրավիճակը չի փրկելու»:

«Իավունք» թերթի հայացքով, ընդհակառակը, այդ հարցախույզի արդյունքներն ընդդիմության համար շահեկան են, քանզի ստացվում է ընտրողների 80 տոկոսը Քոչարյանին չի աջակցում. դեմ է կամ էլ դեռ չի կողմնորոշվել: Ինչ վերաբերում է ակնկալությանը, որ ընդդիմությունը կարողանա ունենալ միասնական թեկնածու, մեկնաբանը ենթադրում է. - «Նրա համար ակնհայտ է, որ երկփուլանի նախագահական ընտրությունները, մեղմ ասած անբարենպաստ կարող են լինել: Բանն այն է, որ երկրորդ փուլի պարագայում չինովնիկությունն ու օլիգարխները կսկսեն տատանվել, թե արդյոք ով է լինելու վերջնական հաղթողը, ինչը օբյեկտիվորեն կթուլացնի Ռոբերտ Քոչարյանի ներուժը: ... Եթե ամբողջ ընդդիմադիր դաշտը առաջ քաշի մեկ միասնական թեկնածուի, ավելի հեշտ կլինի վարչական եւ ուժային լծակների ու փողի օգնությամբ լուծել Ռոբերտ Քոչարյանի առաջին փուլում հաղթած ճանաչելու խնդիրը, իսկ հեղինակավոր թեկնածուների առատության դեպքում գործող նախագահը, թեեւ կանցնի երկրորդ փուլ, կհավաքի բավականին համեստ տոկոսներ»:

Մեկնաբանի հայացքով, ուժեղ թեկնածուների առատության դեպքում նրանցից յուրաքանչյուրի թիմը գերագույն ճիգեր է գործադրելու, որպեսզի տեր կանգնի իր թեկնածուի հավաքած տոկոսներին, քանի որ դրանից էապես կախված են ապագա խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Իսկ միասնական թեկնածուի դեպքում այդ նույն թիմերը, փաստորեն, «կես ուժով» կաշխատեն միասնական թեկնածուի համար:

Ի վերջո, «Իրավունք» -ը առավել հավանական է համարում, որ
Նախագահական ընտրությունների շեմին լինելու են ընդդիմադիր 5-6 հզոր թեկնածուներ՝ իրենց հզոր թիմերով, ինչը շատ քիչ տեղ կթողնի ընտրական աճպարարությունների համար»:

«Ազգ» թերթի վերլուծությամբ էլ, ամենահավանական տարբերակը ընդդիմադիր դաշտի 3-4 թեկնածուով ընտրություններին մասնակցելն է: Մի քանի խմբավորման ձեւավորումը մասնավորապես Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի շուրջ:

«Երկիր» թերթում այսօր համադրված է, որ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ճամբարում «հիմնական դերակատարները 2-3 կազմակերպություն են, որոնք ի զորու են լրջորեն ազդելու քաղաքական զարգացումների վրա: Երկու կողմերում էլ կան այնպիսի կազմակերպություններ ու անհատներ, որոնք քաղաքական դաշտի մի հատվածից մյուսը թռչկոտելու մեծ փորձ ունեն, պատրաստ են ցանկացած պահի «վերասրբագրել» իրենց կողմնորոշումները: ... Սույն քաղաքական բալաստը կենսականորեն շահագրգռված է նրանում, որ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններին ընթանան ոչ թե քաղաքակիրթ ու զուտ քաղաքական (գաղափարական, ծրագրային, բովանդակային) մրցակցության մթնոլորտում, այլ վերածվեն անհաշտ մրցակցության, իսկ ավելի լավ է՝ բացահայտ ատելության ու թշնամանքի»՝ միայն այսօրինակ մթնոլորոտւմ սույն բալաստը կարող է գոյատեւել:

Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիայանն այսօր միանգամից 2 թերթում՝ «Հայոց Աշխարհ»-ում եւ «Հայկական Ժամանակ»-ում հանդես է գալիս հարցազրույցներով: Ի վերջո, առաջադրվելու է նախագահի թեկնածու, թե՝ ոչ: - «Այդ հարցին բացառիկ դրական կամ բացառիկ բացասական պատասխան կլինի տալ մոտ ապագայում, - պատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նաեւ նշելով, - Ես կարող եմ փաստարկել, իրավական եւ այլ հարթություներում, որ ես նույնքան, որքան ցանկացած այլ՝ նախագահից սկսած մինչեւ ընդդիմադիր ցանկացած հնարավոր թեկնածու կարող են գրանցվել: ... 16-ի կոնսոլիդացիան ողջունելով՝ ես ներկա դրությամբ չեմ տեսնում իմ մասնակցությունը այդ ֆորմատում», - ասում է նա՝ ավելացնելով, որ մի քանի շաբաթից արդեն կկարողանա տալ իր առավել հավանական ու առավել անհավանական գործակիցների անունները:

Ըստ «Հայկական Ժամանակ»-ի. - «Կարծիք կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ ներքաղաքական կյանքում իր մասնակցությունը իրականացնելու է առաջին հերթին Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի հետ համատեղ: Ըստ դիտորդների, այս դուետը կարող է լուրջ համակրանք վայելել ընտրողների շրջանում: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրույցից տպավորություն ստացանք, որ դիտորդների կարծիքը հոգեհարազատ է նրան»:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG