ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելեց Երեւանյան շինհրապարակներ, որտեղ նախագահը վերջին անգամ եղել էր մոտ վեց ամիս առաջ: -«Այս ծրագրերի մի մասն իմ նախաձեռնմությունն է, եւ ես հենց այդ պատճառով անտարբեր չեմ կարող մնալ»,- այցելության անհրաժեշտությունն այսպես մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանը:
Զանգվածային լրատվամիջոցների, քաղաքապետի, շինարարական աշխատանքների պատասխանատուների ուղեկցությամբ այցը հանրապետության նախագահը սկսեց
«Հյուսիսային ճառագայթ» թաղամասի առանձնատների համալիրից: 2.5 կիլոմետր երկարությամբ Հյուսիսային Ճառագայթի մի հատվածում այսօր արդեն 14 առանձնատուն է կառուցվում, ներդրումները այստեղ կազմելու են մոտ 15-20 մլն դոլար: Հաջորդ կանգառը Մյասնիկյանի անվան հրապարակում էր, որտեղ հիմնականում ավարտել էին շինարարկան աշխատանքները, լայնացվել է Իսակովի պողոտան, Իտալական փողոցը: ինու գործարանի հարեւանությամբ կառուցվելու է 60 մետր երկարությամբ աշտարակը, որն, ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, Երեւանի խորհրդանիշը կդառնա:
Հյուսիսային պողոտայում, ինչպես նաեւ պետական օպերայում կատարվող բոլոր աշխատանքներին մանրամասն ծանոթանալուց հետո՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Օպերայի հարեւանությամբ գտնվող Բելաջիո բացօթյա սրճարանում մամլո ասուլիս անցկացրեց: Ներկայացրեց գնահատականները՝ նշելով, որ ծրագրերի մեջ տեղավորվում են, կան որոշ ուշացումներ, որոնք կապված են նախագծային աշխատանքների հետ:
Երեւանում ավելի քան 30 տոկոսի աճ է արձանագրված, ասաց նախագահը եւ վստահուոյւն հայտնեց, թե գալիք տարի էլ շինարարության աճը նույնքան կլինի: Այսօր իրականացվող աշխատանքներում 11 հազար շինարար է զբաղված:
Լինսի հիմնադրամի ներդրումները խթան են դարձել, որպեսզի մասնավոր անձինք էլ ներդրումներ կատարեն եւ եթե ժամանակին ու որակով ավարտվեն իրականացվող աշխատանքները, ապա հույս կա, որ նմանատիպ ծրագրեր իրականացնեն ոչ միայն Երեւանի կենտրոնում:
Հանդիպման առիթը օգտագործվեց նաեւ քաղաքական հարցերի պատասխաններ ստանալու համար:Մամուլում եւ քաղաքական շրջանակներում տեսակետներ են արտահայտվում, թե երկրի նախագահը «16»-ի միավորումը քայքայելու մտադրություն ունի: Պատասխանելով այդ գնահատականներին՝ նախագահն ասաց,- «ճիշտ հակառակը՝ ես միայն ողջունում եմ, եւ շատ ցավալի կլինի, որ այդ 16 կուսակցությունը չկարողանա ինչ-ինչ պատճառներով միանալ եւ հանդես գալ մեկ թեկնածուով,- ասաց նա՝ հիմնավորելով, - առաջինը ես լուրջ եմ վերաբերում նախագահական ընտրություններին, չափազանց կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար, ընդհանրապես այս պաշտոնը հարգում եմ եւ կարծում եմ , որ այս պաշտոնը պետք է հարգվի երկրում»:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի 15 թեկնածուով նախագահական ընտրություններ անցկացնելը պարզապես զավեշտական է, լի անցանկալի երեւույթներով : Ռոբերտ Քոչարյանի խոսքով, անցումային շրջանում գտնվող երկրի համար յուրաքանչյուր ընտրություն լրացուցիչ լարվածության տեղիք է տալիս:-
«Եթե հնարավորություն կա մեկ փուլով ունենալ ընտրություններ, ուրեմն այդ լարվածությունը ավելի կարճ կլինի, ինչը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա»: Ուստի նա կարեւորում է ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես հնարավորությունը:
Նախագահը հավաստիացրեց, որ ինքը չի միջամտում, քանի որ դա այլ կերպ կգնահատվի, բայց, եթե կարողանամ ինչ-որ դերակատարություն ունենալ միասնական թեկնածու ձեւավորելու այս պրոցեսին, ես պատրաստ եմ աջակցել: ..Դա ցույց կտա, որ մեր քաղաքական դաշտը կայունացման, հասունացման պրոցեսում է», - վստահեցնում է նախագահը՝ նկատելով, որ ոչ մեկը նման պատասխան չէր սպասում:
Կարինե Քալանթարյան, Երեւան