Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ ի տարբերություն Վրաստանի, գազի դիմաց վճարումների հարցում առանձնապես խնդիրներ չունի


Հարավային Կովկասի Էներգակիրներով աղքատ երկու դրկից երկրները՝ Հայաստանը եւ Վրաստանը, ամբողջությամբ կախված են ռուսական գազի մատակարարումներից: Ռուսական կողմին՝ «Գազպրոմ» եւ «Իտերա» ընկերություններին է պատկանում Հայաստանի գազմատակարարման ենթակառույցի 55 տոկոսը։

Վրաստանը մինչ այժմ կարողացել է պահպանել իր գազամատակարարման ցանցի սեփականությունը, սակայն, դատելով վերջին զարգացումներից՝ շատ մոտ է այն կորցնելուն, քանի որ ստացած գազի դիմաց տարիների ընթացքում կուտակված ավելի քան 90 միլիոն դոլար պարտքը վճարելու միջոցներ Վրաստանը չունի եւ, ամենայն հավանականությամբ, հարկադրված կլինի գույքով վճարել։ Վրաստանը այլընտրանք չունի, եւ մինչեւ նոյեմբեր հարկադրված կլինի «Իտերային» զիջել գազաբաշխիչ ցանցի վերահսկողությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Իսկ եթե համառի, գազմատակարումների անջատումներն անխուսափելի են, ինչը կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա։

Հայաստանի սպառողները օգտագործած գազի դիմաց վճարում են ամբողջությամբ։ «Հայռուսգազարդ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, թե այս տարվա առաջին ութ ամիսներին սպառած գազի դիմաց հավաքագրումները կազմել են 126 տոկոս, այսինքն, ընթացիկ վճարումների հետ մեկտեղ 26 տոկոսով մարվել են նաեւ նախկինում կուտակված պարտքերը, ինչն էլ թույլ է տալիս գազ մատակարարող օպերատորին փոխհատուցել ամբողջությամբ.

«Կանոնավոր կատարվում են վճարումները «Իտերային»: Հստակ պահպանվում է ժամանակացույցը ՝ հունվարից աշխատում ենք ընթացիկ վճարումների գրաֆիկով, այսինքն մատակարարված գազի դիմաց վճարվում է նույն ամսվա ընթացքում», - ասաց Շուշան Սարդարյանը:

Այդուհանդերձ, գազմատակարար ընկերությունը խնդիրներ ունի կապված սպառման շուկայի նեղացման հետ: Շուշան Սարդարյանի խոսքերով, այս տարվա առաջին կիսամյակում 90 միլիոն խորանարդ մետրով պակաս գազ է ներկրվել հանրապետություն, ինչը պայմանավորված է խոշոր գազ սպառողների՝ արդյունաբերական ձեռնարկությունների եւ ՋԷԿ-երի գազասպառման ծավալների կրճատմամբ։

Ջրառատ կլիմայի պատճառով շեշտը դրվել է հիդրոկայաններում ավելի էժան էլեկտրաէներգիայի արտադրության վրա։ Գազի սպառումը կտրուկ կավելնա հոկտեմբերի մեկից, երբ Մեծամորի Ատոմակայանի կկանգնի 45 օրյա պլանային նորոգման: Փոխարենը Հրազդանի ՋԷԿը կավելանցնի թողարկումը։ Բացի այդ, ամբողջ թափով կսկսեն աշխատել գազ սպառող երկու քիմիական հսկաներ՝ «Նաիրիտը» եւ «Վանաձորի» քիմիական համալիրը։ Վերջինիս բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականտեր «Ռանսաթ» ընկերության եւ կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գազը մատակարարել զեղչ սակագնով՝ առանց ավելացված արժեքի հարկի։

Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա այն ավելացրել է գազի սպառումը։ Ներկայումս հանրապետությունում գազ սպառող բաժնորդների թիվը 115 հազար է՝ խորհրդային ժամանակաշրջանի 485 հազարի դիմաց, ու մինչեւ տարվերջ, ըստ ընկերության լրատվական ծառայության պատասխանատուի, կավեալանա եւս 15-20 հազար բաժանորդ: Կա կախված է հավաքագրումների ցուցանիշից, որքան շատ լինի հավաքագրումը, այնքան կմեծանան ներդրումները գազաֆիկաման աշխատանքների մեջ:

Նոր բաժանորդների գերակշիռ մասը, լինելու է մայրաքաղաքից, քանի որ, ըստ Շուշան Սարդարյանի, գազահաշվիչների կանխավճարների փոխհատուցման նոր կարգը առավել վճարունակ բաժնորդներ է ենթադրում: Այդ կարգի համաձայն, գազահաշվիչի դիմաց մուծված 40 հազար դրամ կանխավճարը գազի տեսքով վերադարձվում է միայն մեկ տարի անց, իսկ նախկինում փոխհատուցվում էր անմիջապես։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG