Մատչելիության հղումներ

Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները բախվում են ՄԱԿ-ում


Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանի բոլոր մասնակիցների ուշադրության կենտրոնում Մերձավոր Արեւելքի իրավիճակն էր, եւ մասնավորապես Իրաքի նկատմամբ ռազմական գործողությունների հավանականությունը: Սակայն ոչ միայն այդ թեման է դրամատիզմ հաղորդում ասամբլեայի աշխատանքին: Անցած շաբաթվա վերջին Թուրքիայի արտաքին գործոց նոր նախարարը հայտարարեց, թե մեր տարածաշրջանի կայունությանն են սպառնում Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի հակամարտություները: Թուրք նախարարի ելույթը նախերգանքն էր: Երեկ Վիլայաթ Գուլիեը հայտարարեց, թե ներկայիս իրավիճակը պայթունավտանգ է:

Մի քանի ժամ անց ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա մասնավորապես ասաց, թե իր ադրբեջանցի պաշտոնակցի ասածներից ցնցված է եւ մտահոգված:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանելով՝ Վարդան Օսկանյանը մեկնաբանեց Գուլիեւի ելույթը՝ նկատելով, թե այն տեղին չէր: Վարդան Օսկանյանն իր պատասխան ելույթում զարմանք է արտահայտել, թե արդյոք որեւէ կոորդինացում չկա, կամ գուցե այնտեղ դերերի ինչ-որ բաժանում է գնում: Ելույթում նա ասել է. - «Հաշվի առնելով բավականին հուսադրող հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, մենք ունենք բոլոր հիմքերը դրականորեն տրամադրված լինելու: Այնուամենայնիվ, հետեւելով իմ ադրբեջանցի գործընկերոջ այս ամբիոնից արված մեկնաբանություններին, ես պարզապես միայն ցնցված չէին, ես նաեւ ապշած էի պարզելով, որ նա ետ է մնում իր եւ իմ նախագահների կողմից տարածաշրջանում գրանցված առաջընթացից»:

«Իմ երկկողմ հանդիպումների ընթացքում մի քանի տարբեր աղբյուրներից հաղորդվեց, որ այս բուռն բանավեճը ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանն ինքը սկսեց՝ դա դրական չէր գնահատվել»,- մեկնաբանելով իր ելույթը, ասաց Օսկանյանը՝ ավելացնելով, որ
ՄԱԿ-ի այսօրվա լուրջ օրակարգը անտեսելով՝ նրանք ամբողջությամբ իրենց ելույթը կառուցել էին չհիմնավորված մեղադրանքների վրա, ինչը բացասական ընկալում ստացավ հենց ՄԱԿ-ի շրջանակներում:

Ամեն անգամ, երբ Ադրբեջանը ծանր վիճակում է հայտնվում, միջազգային հնչեղության հրատապ հարցերը փորձում է ծառայեցնել իր շահերին: Այդպես է նաեւ միջազգային ահաբեկչության հարցում:

Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի, Թուրքիայի, Իսրայելի եւ Եգիպտոսի արտգործնախարարների հետ: Թուրքիայի ներկայիս արտգործնախարարի հետ Վարդան Օսկանյանը հանդիպեց առաջին անգամ: Այս նախարարը նույնպես հանդիպելու եւ երկխոսությունը շարունակելու ցանկություն հայտնեց, պատմում է Վարդան Օսկանյանը, եւ մոտավորապես նույն օրակարգային հարցերն են քննարկվել՝ Թուրքիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների բացակայության հիմնական պատճառները, խոչընդոտները եւ նրանց հաղթահարման հնարավոր միջոցները: Իհարկե, քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը, այսօրվա ստեղծված իրավիճակը եւ Թուրքիայի հավանական դրական ներգրավվածությունը Ադրբեջանի մասով, ինչպես նաեւ շոշափվել են տարածաշրջանային նշանակության բազմաթիվ այլ խնդիրներ:

Հայաստանի արտգործնախարարը մեծ նշանակություն է տալիս նաեւ Իսրայելի արտգործնախարարի Շիմոն Պերես հետ երկկողմ հանդիպմանը, որը եւս առաջինն էր: Հաաստան-Իսրայել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններից բացի, քննարկվել է նաեւ Երուսաղեմի հայոց պատիրարքարանի տարածքների խնդիրը. - «Իրոք, շատ դրական տպավորություն ստացա պարոն Պերեսից: Այնտեղ կա մեծ պատրաստակամություն եւ ցանկություն բոլոր հնարավոր միջոցներով օգտակար լինել այդ հարցին՝ ի վերջո կողմերին բավարարող, լուծում գտնելու»:

Բանակցություները նրանց միջնորդությամբ պաշտպանության նախարարության եւ մեր պատիրարքարանի միջեւ շարունակվում են, եւ Վարդան Օսկանյանը կարծում է, որ հնարավոր է գտնել մի այնպիսի լուծում, որը կբավարարի մի կողմից Իսրայելի անվտանգության պահանջները եւ մյուս կողմից մեր պատիրարքարանի շահերը կպաշտպանվեն:

Իրանի գործընկերոջ հետ Վարդան Օսկանյանը քննարկել է երկկողմ խնդիրներ, մասնավորապես, Իրան-Հայաստան գազամուղի հարցը, անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանի եկկողմ հանդիպումները իր պաշտոնակից գործընկրների հետ կշարունակվեն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG