Մատչելիության հղումներ

Մահապատժի վերացումը, Արմեն Խաչատրյանի խոսքերով, չի վերաբերում «27-ի ստորներին»


1999֊ի հոկտեմբերի 27֊-ին նիստերի դահլիճում ծանր վիրավորված, ներկայումս Ազգային ժողովի նախագահի Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ կողմնակից է Հայաստանում մահապատժի վերացմանը՝ ավելացնելով, սակայն, թե «խոսքը չի վերաբերվում 27-ի ստորներին»:

Փարիզում օրերս կայացած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի նիստում գրավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունը պետք է վավերացնի մինչեւ հաջորդ տարվա հունիսը:

Արդյո՞ք Ազգային Ժողովի գարնանային նստաշրջանում կդրվի վավերացման հարցը, թե՞ սա արդեն հաջորդ՝ նոր ընտրվելիք խորհրդարանի խնդիրն է հարցին ի պատասխան՝ Արմեն Խաչատրյանը ասաց. - «Ես կարծում եմ, դա վերաբերում է հաջորդ խոհրդարանին, սակայն խնդիրը եփվել է մեր խորհրդարանում»:

Ազգային Ժողովի նախագահի նախկին կուսակիցները՝ ՀԺԿ֊ականները, 15 այլ ընդդիմադիր ուժերի հետ միավորվել, ապա նաեւ պատգամավորական նոր խումբ են ստեղծել: Ըստ Արմեն Խաչատրյանի, այնտեղ հավաքվածները որոշակի բարձր հավակնություններ ունեցող մարդիկ են, ովքեր միավորվել են «ներգատիվ երեւույթի»՝ նախագահին հեռացնելու գաղափարի շուրջ: ԱԺ նախագահը չի կարծում, թե նրանք կկարողանան մինչեւ վերջ միասնական լինել:

Արմեն Խաչատրյանը դեռեւս չի պատրաստվում անդամակցել որեւէ կուսակցության: Գալիք տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններին իր առաջադրմանը վերաբերող հարցին Ազգային ժողովի նախագահը հստակ պատասխան չտվեց: «Ես անպայմանորեն կլինեմ մեծ քաղաքականությունում՝ դա անկասկած է», - այդուհանդերձ վստահեցրեց նա:

«Ես սպասում եմ անհանգիստ վիճակներ հոկտեմբեր ամսին, այնուհետեւ մի պահ կարող է ինչ-որ չափով խաղաղվել քաղաքական իրողությունը: Հավատացած եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կվերընտրվի: Չեմ կարծում, որ պառլամենտը կարողանա շատ ավելի որակյալ լինել», - առաջիկա համապետական ընտրությունների վերաբերյալ կանխատեսեց Արմեն Խաչատրյանը:

Մինչեւ պատգամավոր ընտրվելը «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրեռեկտոր Արմեն Խաչատրյանը «երկրի համար խիստ անհրաժեշտ» որակեց մինչեւ այս տարի արտերկրյա բուհ ընդունվածների հետ զինծառայության տարկետում տալու դիմաց 15 հազար դոլարի գույքի պայմանագիր կնքելու մասին կառավարության որոշումը, թեեւ սահմանված գումարը շատ բարձր է համարում:

Ազգային Ժողովի նախագահը ողջունելի է համարում նաեւ կրթության եւ գիտության նախարարի հրամանը երկրի բոլոր դպրոցներում Հայաստանի Հանրապետության զինանշանը, դրոշը եւ նախագահի դիմանկարը տեղադրելու մասին հրամանը՝ «որպես պետականության գաղափարը մատաղ սերնդի մեջ ամրապնդելու միտում ունեցող քայլ»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG