Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե քաղաքականության մասին խոսակցությունները փչացնում են Քոչարյանի տրամադրությունը, ուրեմն քաղաքականության մեջ նրա գործերը այնքան էլ լավ չեն», - նախագահի երեկվա արտահայտությունից եզրակացրել է «Հայկական ժամանակ» թերթը՝ զուգահեռելով, որ մեկ տարի առաջ, երբ հրապարակվեց «Հանրապետություն», ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը, Ռոբերտ Քոչարյանը դրան անմիջապես արձագանքեց՝ բարձր տրամադրության դրսեւորմամբ ու հաջորդ ընտրություններին մասնակցելու վճռականությամբ: Մյուս կողմից, «Հայկական ժամանակ»-ն էլ այսօր արձանագրում է, որ 16-ի միավորումը ըստ էության նվազել է 14-ի՝ առանց «Ազգային միաբանության» եւ ՀԿԿ-ի (Հայաստանի կոմունիստական կուսակցություն). արդեն երրորդ անգամ վերջիններիս ներկայացուցիչները չեն մասնակցում միավորման խորհրդի նիստերին: «Երկիր» թերթի պատկերավորմամբ՝ «մախաթը պարկի մեջ չես թաքցնի, առավել եւս, երբ խոսքը միանգամից 4-5 «մախաթ-նախագահացուների» մասին է», եւ կյանքը շատ շուտ ցույց տվեց, որ «ընդդիմադիրներից շատերը միավորմանը կողմ էին ընդամենը մյուսների հնարավորությունները սեփական նախագահական ընտրարշավի համար օգտագործելու նկատառումից ելնելով»։

Նախանշելով, որ այս աշունը լինելու է համատարած վերախմբավորումների շրջան, իշխանական ճամբարը գերհագեցած է տարբեր խարդավանքներով ու կարելի է ակնկալել ամենաանհավանական թվացող վերադասավորումներ, «Իրավունք»-ի մեկնաբանն էլ գոնե առայժմ գրում է ավելի շատ ընդդիմության ներքին բարդույթների ու խանդի տեսարանների մասին:

«Ըստ ԱՄՆ դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրի, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ոչ միայն մտադիր է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում, այլեւ արդեն իսկ կազմել է իր ստվերայի կաբինետի նախագիծը», - փոխանցում է «Իրավունք»-ը՝ ներկայացնելով մի ցանկ, որ թերեւս որոշ հավակնությունների սահման է գծում: Այստեղ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ստվերայի կաբինետի վարչապետն է, Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախարարը, Էդվարդ Սիմոնյանցը՝ ազգային անվտանգության նախարարը, Արտաշես Գեղամյանը՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի, կոմունիստ Գագիկ Թադեւոսյանը՝ առեւտրի եւ արդյունաբերության նախարարը: Աշոտ Մանուչարյանի համար նախատեսված է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, Ալբերտ Բազեյանը կրկին պետք է ղեկավարի մայրաքաղաքը, իսկ Ստեփան Դեմիրճյանին վերապահված է Ազգային ժողովը գլխավորելու առաքելությունը:

ՀԺԿ լրատավական-վերլուծական կենտրոնի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, ելնելով իրենց կողմից պարբերաբար անցկացվող հանրային կարծիքի ուսումնասիրման տվյալներից, «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Մի կողմից՝ կա ոգեւորություն ուժերի միավորման առումով, մյուս կողմից՝ դրա արդյունավետության նկատմամբ թերահավատություն: Այսինքն, ընտրությունների շեմին պետք է ձեւավորվի քաղաքական ուժերի համագործակցության այնպիսի ֆորմատ, որն, իրոք, հույսի, հավատի ու սպասումի մթնոլորտ ձեւավորի, ինչպիսին ժամանակին «Միասնություն» նախընտրական դաշինքն էր: Դա պետք է լինի ե՛ւ արժեքների, ե՛ւ կոնկրետ անձանց ու ծրագրերի ներդաշնակություն»: «Մեկ տարի առաջ «եռյակի» գործունեության շրջանում հասարակության սպասումներն ավելի շատ էին», - համեմատում է Սուրեն Սուրենյանցը՝ ընդհանուր առմամբ շեշտելով, որ հասարակությունը դեռ կողմնորոշվելու խնդիր ունի, եւ այդ հարցում նրան պետք է օգնեն ընդդիմադիր ուժերը: «Հայոց Աշխարհ» թերթում այսօր առաջ է մղված այն տեսակետը, թե ներկա նախագահի քաղաքականության միակ այլընտրանքը կարող է մարմնավորել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այլ դեպքում իրականում լինելու է ընդամենը մեկ թեկնածու՝ գործող նախագահը, անխուսափելի է դառնալու քաղաքականություն կոչվող երեւույթի արժեզրկումը եւ դրա վերածումը զուտ անձնական նպատակներ հետապնդող մարդկանց խմբերի դիմակայության:

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի կողմից Վրաստանին ներկայացված վերջնագրին, «Առավոտ»-ի խմբագրականը նշում է. «Որոշ վերլուծաբաններ նույնիսկ կարծում են, թե Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության է եկել՝ աչք փակել Իրաքի ռմբակոծությունների վրա, փոխարենը՝ անել Վրաստանի հետ, ինչ ցանկանում է։ Աշխարհի հզորները դարձյալ բաժանում են ազդեցության ոլորտները՝ հետապնդելով սեփական շահերը։ Բացի չեչեն գրոհայիններին վնասազերծելուց՝ Ռուսաստանը ցանկանում է նաեւ վերականգնել տարածաշրջանում իր ազդեցությունը... Հայաստանը չի շահի իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի եւ հարեւան Վրաստանի պատերազմից։ Իրաքի դեմ պատերազմը նույնպես մեզ որեւէ լավ բան չի խոստանում։ Մեզ վերապահված է «Սեպտեմբերի 11»-ի պատանդների կարգավիճակը», - եզրափակել է «Առավոտ»-ը։

Ջավախքահայության երեկվա բողոքի հավաքից «Երկիր» թերթը փոխանցում է «Ռուսաստանը չենք փոխի Թուրքիայի հետ», «Մեր ճանապարհները ՆԱՏՕ-ից բաժան են» կարգախոսներով շեշտադրումները, որ քսվում են մեծ քաղաքականությանը: Բայց հանրահավաքից հետո, իջնելով, այսպես ասած, ստորին հարցերի, ջավախքցիները խումբ-խումբ քննարկել են կենսական մի խնդիր էլ. «Հայաստանի հետ սահմանային մաքսակետում հայ մաքսավորները, վկայակոչելով ինչ-որ նոր ընդունված օրենք, 40 դոլար մաքսահարկ են պահանջում Հայաստան մուտքի եւ 10 դոլար՝ ետ վերադարձի համար»: «Սոցիալական ծանր վիճակում հայտնված ջավախքահայության համար դա բավական մեծ գումար է եւ մեծ անջրպետ է առաջացնում հայրենիքի հետ մշտական հարաբերման գործում», - նշում է «Երկիր»-ի մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG