Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Օրրան» թերթում առանձնացված է. «Ազգային ժողովի նստաշրջանի առաջին եռօրյայի օրերին ձեւավորված տհաճ մթնոլորտը, երբ պատգամավորները միմյանց նկատմամբ ծայրահեղ անհարգալից վերաբերմունք են դրսեւորում, ավելի սրվեց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ... Գործադիրն ու օրենսդիրը միմյանց արժեն... ամբարտավանությամբ»:

Ձեւավորվող ընթացիկ իրավիճակի հիմնական գումարելիներից մեկն էլ ընդդիմադիր միավորման մեջ կայծկլտող պառակտումներն են, որ առաջին հերթին կապվում են «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի անվան հետ: Վերջինս «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում այս կապակցությամբ ընդգծել է. - «Փոխանակ ամենալուրջ խնդրի՝ երկիրն այս մղձավանջից դուրս բերելու միասնական ծրագրի շուրջ ծավալեն բանավեճ՝ այն իջեցվում է պարզունակ, անձնական, անհատների միջեւ հարցեր պարզելու մակարդակին, ինչը վաղը հնարավորություն կտա պրն Քոչարյանին սպասարկող բազմաթիվ թերթերին ասել՝ «Ա՛յ, տեսե՛ք, այս 16-ը հավաքվել են, որ պարզեն՝ ով է ավելի գեղեցիկը, բարձրահասակը եւ թիկնեղը, եւ ոչ թե այնտեղ իսկապես մրցում են լուրջ ծրագրային հիմնադրույթների շուրջ։ Մենք փորձում ենք հարցերը քննարկել այդ մակարդակի վրա եւ, ավաղ, մեր գործընկերների կողմից դա դեռ չի արժանանում ցանկալի ըմբռնման»։ Նման հարցադրումը «հնարավորություն կընձեռի բոլոր այն կուսակցություններին, որոնք ներդրված են 16-ի մեջ՝ բացահայտվել ի սկզբանե։ Եվ ոչ թե անվերջ շարունակվե՜ն, շարունակվե՜ն այս անպտուղ բանավեճերը, ու մեկ էլ, ասենք, դեկտեմբերին պարզվի, որ ոչ միասնական ծրագիր կա հրապարակում, ոչ էլ միասնական թեկնածու», - ասում է Գեղամյանը։ - «Դա նույնպես այսօրվա իշխանությունների՝ հեռուն գնացող ու մտածված խաղն է, ինչին տուրք են տալիս, ցավոք, նաեւ ընդդիմադիր թերթերը»։ «Հայոց Աշխարհ» թերթը այսօր իսկ շեշտում է. «Կանխատեսումները, թե 16-ի միավորումը չի կարողանալու լուծել ո'չ ընդդիմության միասնական թեկնածուի հարցը եւ ո'չ էլ ներկայացնել ընդհանուր նախընտրական ծրագիր, շատ ավելի չափավոր էին, քան այն գործընթացը, որ ներկայումս ծավալվում է փրկիչների շրջանում... Եվ իզուր են այսօր ոմանք ղժղժում իշխանությունների կողմից ընդդիմության դաշտում տեղադրած ականների մասին: Նպատակների ընդհանրություն ու գաղափարաքաղաքական միասնություն չունեցող ցանկացած ընդդիմադիր միավորում ականապատման կարիք չունի, քանզի ինքն է հանդիսանում մեկ ամբողջական ականապատված դաշտ»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի հայացքով, «16»-ի միավորումը մեկ ամսվա ընթացքում կտրոհվի՝ «ներսում հավակնոտ մարդկանց մեծ քանակության պատճառով»: «Այսօր «16»-ի շրջանակներում ընտրվելու ռեալ հնարավորություններ ունեցող որեւէ գործիչ չկա», - ասում է նա «Առավոտ» թերթի հարցազրույցում: - «Կան մարդիկ, ովքեր վստահաբար կարող են 10-15 տոկոս հավաքել լավ աշխատանքի դեպքում, բայց «16»-ի շրջանակներում վերջիններս նույնիսկ այդքանը չեն կարող հավաքել՝ իրար կխանգարեն... Կարելի է նույնիսկ ենթադրել, որ նրանց բոլորին այսօր խաղի մեջ է մտցրել հենց Ռոբերտ Քոչարյանը, քանի որ, նրանց առաջադրումից նրա ընտրազանգվածը չի պակասելու: Ընդդիմության բոլոր թեկնածուները ձայներ են խլելու մեկը մյուսից»: Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հնարավոր առաջադրմանն անդրադառնալով՝ քաղաքագետը վստահեցնում է, թե նրա վերադարձի հասարակական պահանջ հստակորեն կա. - «Դա պայմանավորված է նրանով, որ անցած տարիների ընթացքում այդպես էլ չձեւավորվեց քաղաքական գործիչների այնպիսի սերունդ, որը կփոխարինի գործող նախագահին, եւ մենք ստիպված ենք առաջ նայելու փոխարեն՝ նորից հետ նայել: Եթե նա որոշի առաջադրվել, իհարկե, մեծ խնդիրներ կծագեն, առաջին հերթին՝ նրա նկատմամբ հասարակության ոչ միարժեք վերաբերմունքի պատճառով: Բայց այդպիսի վերաբերմունք կա նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այդ դեպքում որոշիչը կարող է լինել նույնիսկ այն, թե հասարակությունը նրանցից ում ավելի շատ չի սիրում»:

«Թյուրիմացություն է ձեզ լրագող համարելը» վերնագրի տակ է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը անդրադառնում «Աբովյան» հեռուստախմբագրության «անհետացած-գտնված» հիմնադիր տնօրեն Արտաշես Մեհրաբյանի՝ 2 օր առաջվա հայտարարությանը, թե թյուրիմացություն է տեղի ունեցել ու «կցանկանայի, որ երրորդ ուժերը այս հարցին քաղաքական աստառ չտան, չօգտագործեն այդ առիթը իրենց քաղաքական նպատակներով»: Մեկնաբանը վրդովված տարակուսում է. «Երրորդ ուժ» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի Մեհրաբյանը, երբ կատարվածին «քաղաքական աստառ տալու» համար բավարար էին թե' հեռուստախմբագրությունից արտահոսող լուրերը, թե' տարածած հայտարարությունը եւ թե' իր ու գործադիր տնօրենի հրավիրած ասուլիսը, իրենց «գործընկերներին» տեր կանգնող այլ կազմակերպությունների հրավիրած ասուլիսները»: «Օր» թերթում այսօր ներկայացվող հարցազրույցն էլ նույն Մեհրաբյանի հետ այս պատմությանը ոչ թե վերջակետ է դնում, այլ բացում պտույտի մի նոր շրջան: Այստեղ էլ «Աբովյան» հեռուստաընկերության ղեկավարը հայտարարում է. «Սեպտեմբերի 10-ին, հանդես գալով հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրով եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերության «Լրաբեր» ծրագրով, հարկադրված եմ եղել ասելու ուրիշի մտքերը, որոնք թելադրված են եղել ինձ: Չեմ կարող այդ անձնավորության կամ այդ ուժի անունը հայտնել, որովհետեւ լիովին իրական եմ համարում ինձ, իմ ընտանիքին եւ «Աբովյան» հեռուստախմբագրության աշխատակիցներին սպառնացող վտանգը: Պնդում եմ, որ չնայած իմ, այսպես ասած, հեռուստաբացատրությանը, հարկադրված եմ եղել մեկնել Ղարաբաղ, եւ սկզբից մինչեւ վերջ ճշմարտություն է այն, ինչ գրված է հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին եւ այլ պաշտոնատար անձանց ուղղված սեպտեմբերի 9-ի իմ հայտարարության մեջ»: Արտաշես Մեհրաբյանը նաեւ ընդգծում է, որ միայն երախտապարտ է աջակցության համար եւ դրա կարիքը հիմա ավելի շատ ունի:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG