Մատչելիության հղումներ

Ջանիկ Ադամյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է


Վեդու առաջին ատյանի դատարանը երեքշաբթի օրը վճռեց կարճել Ջանիկ Ադամյանի եւ Ջեմմա Սահակյանի քրեական գործերի վարույթը եւ վերացնել նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Որպես իրեղեն ապացույց ճանաչված՝ Ջանիկ Ադամյանի բանաստեղծության 8 օրինակները պահվեցին քրեական գործի հետ:

Անցած հունիսին Ջանիկ Ադամյանը իր գրած բանաստեղծությունը, որը մեքենագրել էր Ջեմմա Սահակյանը, գիշերով փակցրել էր քաղաքի մի քանի շենքերի պատերին: Մեղադրական եզրակացության մեջ որպես ապացույց մեջբերված էր բանաստեղծությունից մեկ նախադասություն՝ «Անաղուհաց քրդի շունը շուտ մոռացավ Վազգենին, Հաստատ խառն է նրա մատը «Հոկտեմբերի 27»-ի գործին», որն էլ դատախազությունը դիտարկել է որպես ակնհայտ զրպարտություն հանրապետության նախագահի հասցեին:

Մոտ երկու շաբաթ տեւած այս դատավարությունը նման ընթացք ստացավ այն բանից հետո, երբ այսօր մեղադրող Հմայակ Հակոբյանը մեղադրական եզրակացությունը հրապարակելու փոխարեն միջնորդեց կարճել քրեական գործը՝ «իրադրության փոփոխության հետ կապված»:

Մեղադրող կողմը գտնում է, որ հայտնի բանաստեղծությունը գրելով եւ մեքենագրելով, բանաստեղծն ու մեքենագրուհին զրպարտել էին հանրապետության նախագահին: Հաշվի առնելով, սակայն, որ ամբաստանյալները ներկա դրությամբ իրենցից հասարակական վտանգ չեն ներկայացնում, մեղադրող կողմը միջնորդեց կարճել գործը:

«Եթե արդարացնեն երկու ամբաստանյալներին, նշանակում է՝ պրեզիդենտի մատը խառն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ջեմմա Սահակյանի շահերը պաշտպանող փաստաբան Վովա Հախվերդյանը: Իսկ որոշման հրապարակումից հետո Ջեմմա Սահակյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ ինքը բավարարված չէ եւ գանգատարկելու է առաջին ատյանի դատարանի վճիռը:

Ջանիկ Ադամյանը ասաց, որ շարունակելու է բանաստեղծություններ գրել՝ «ե'ւ քնարական, ե'ւ քաղաքական»: «Մյուս անգամ պատերին չեմ փակցնի, բայց իմ պայքարը չեմ դադարեցնի», - ասաց նա:



Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG