Մատչելիության հղումներ

Կառավարությունը մշակելու է տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիր


Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի պատասխանատու Ժոել Բուտրոյի կողմից այսօր ստորագրված պայմանագրով ՄԱԿ-ը 50 հազար դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի կառավարությանը՝ տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիր մշակելու համար:

Ըստ Կարեն Ճշմարիտյանի, մշակվելիք ծրագիրն ամբողջությամբ պետք է համահունչ լինի արդեն մշակվող՝ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթներին:

«Սրա առանձնահատկությունն այն է, որ այստեղ, բացի տեղական էքսպերտներից, պետք է ներգրավվեն նաեւ միջազգային էքսպերտներ, որոնք էլ հենց մեզ կօգնեն կողմնորոշվելու համաշխարհային տնտեսության զարգացման տենդենցների մեջ եւ ավելի ճիշտ ուղու վրա դնելու մեր տնտեսական զարգացման քաղաքականությունը», -պայմանագրի ստորագրումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Ճշմարիտյանը:

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը մշակելու համար Համաշխարհային բանկը 300 հազար դոլար է հատկացրել, եւ այն մշակում են տեղական փորձագետները: Մինչդեռ այս նոր ծրագիրը մշակվելու է ընդամենը 50 հազար դոլարով ու արտասահմանյան փորձագետների օժանդակությամբ, որոնց խորհուրդները անհամեմատ թանկ արժեն, քան տեղական փորձագետներինը։

Չի բացառվում, որ այս ծրագիրը գրելու շարժառիթը նախընտրական է. աղքատության հաղթահարման հարցերի շուրջ քարոզչությունը, թերեւս, շահեկան չէ գործող իշխանության համար: Բոլորովին այլ է զարգացման ծրագիրը, այն էլ՝ 15 տարվա կտրվածքով։ Ըստ երեւույթին, նախարարի այսօրվա խոսքի ենթատեքստում նաեւ այդպիսի ակնարկ կար. - «Սա հանրապետության նախագահի եւ հանրապետության վարչապետի նախանշած ուղղությունն է»:

Պատասխանելով հարցին, թե մտավախություն չկա՞, արդյոք, որ իշխանության փոփոխության դեպքում նորեկը կհենվի ոչ թե նախորդի մշակած, այլ սեփական նախընտրական ծրագրի վրա, Ճշմարիտյանը ասաց, թե ինչ քաղաքական ուժ էլ գա իշխանության, բարեփոխումների ազատական գիծը շարունակելու է: «Նախկին փորձը ցույց է տալիս, որ քաղաքականություն չի փոխվել, մանավանդ տնտեսական քաղաքականության իմաստով», - ասաց նա: - «Ազատական տնտեսության, մասնավոր հատվածի զարգացման հարցը մնում է որպես տնտեսական քաղաքականության գերակա ուղղություն, եւ դա է լինելու ամբողջ փաստաթղթի հիմքում»:

Ղարաբաղյան խնդրի առկայությունը եւ Հայաստանի շարունակվող շրջափակումը արդյոք չե՞ն խանգարի ճշգրիտ կանխատեսումներ անելուն. այս հարցին ի պատասխան նախարարն ասաց, թե մշակվելիք ծրագիրը նախատեսելու է ինչպես լավատեսական, այնպես էլ հոռետեսական սցենարներ, այսինքն, մեկը՝ հակամարտության լուծման, մյուսը՝ ներկա իրավիճակը պահպանվելու դեպքերի համար։

Իսկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի պատասխանատու Ժոել Բուտրոն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Միավորված ազգերի կազմակերպությունը որեւէ երկրի ռազմավարական զարգացման ծրագրի մշակման ֆինանսավորման դրական փորձ ունի, վկայակոչեց լատինաամերիկյան երկրների, մասնավորապես, Չիլիի՝ 80-90 ական թվականների կառավարության փորձը: Չիլիում ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ մշակված զարգացման ծրագիրը, Բուտոյի խոսքերով, հաջողությամբ պսակվեց:

Չիլիի ռեֆորմները, հարկ է հիշեցնել, իրականացվեցին կոշտ քաղաքական ռեժիմի ուժային աջակցության ֆոնին եւ, իհարկե, ուղեկցվեցին Միացյալ Նահանգների կառավարության առատ ֆինանսավորմամբ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG