Մատչելիության հղումներ

Միջազգային դոնորների օգնությամբ կբարելավվի ջերմամատակարարման համակարգը


Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ջերմամատակարարման վիճակի բարելավման ծրագիրը: Համաշխարհային բանկը եւ Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամը հավանել են այն ու համաձայնել են ֆինանսավորել՝ շուրջ 10 միլիոն դոլարի վարկով եւ 2 միլիոն դոլարի դրամաշնորհով։

Կենտրոնացված ջեռուցման համակարգը, որ գործում է երկրի 9 քաղաքներում, ներառյալ մայրաքաղաքի մի քանի թաղամասերը, բոլոր առումներով սպառել է իրեն: Ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մերուժան Միքայելյանի, երկրի չորս քաղաքների՝ Երեւանի, Գյումրիի, Չարենցավանի եւ Ջերմուկի կենտրոնացված ջեռուցման համակարգերի ուսումնասիրությունները բերել են այն համոզման, որ դրանք թե' ֆինանսատնտեսական եւ թե' տեխնիկական առումով երկար դիմանալ չեն կարող: Նրա խոսքերով, ջերմամատակարարման համակարգը իր մատուցած ծառայությունների որակով չի բավարարում ո'չ բնակչության, ո'չ էլ պետությանը:

Իսկ փաստարկները համոզիչ են: Մինչեւ անկախացումը կենտրոնացված ջեռուցում էին ստանում հանրապետության 55 բնակավայրեր, ջեռուցվում էր ավելի քան 14 միլիոն քառակուսի մետր բնակելի մակերես: Իսկ այժմ մասնակիորեն ջեռուցվում է ընդամենը 9 բնակավայրերի 3 միլիոն քառակուսի մետրից քիչ ավելի տարածք, եւ կենտրոնացված ջեռուցումից կարողանում է օգտվել բնակչության լավագույն դեպքում 10 տոկոսը։
Բնակչության մեծամասնությունը բնակարանը տաքացնում է կենտրոնացված ջեռուցումից մոտ չորս անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիայով, կամ, թեեւ ավելի էժան, սակայն առողջության համար խիստ վտանգավոր վառելափայտով կամ կերոսինով։

Կենտրոնացված ջեռուցումից օգտվողները իրականում կարողանում են վճարել վարձի լավագույն դեպքում 30-35 տոկոսը, ինչի հետեւանքով էլ պարտքերի մեջ խրված ջերմային տնտեսությունը անվճարունակ է:

Փոխնախարարի փոխանցմամբ, քայքայված ու մաշված ցանցում ջերմության կորուստները 50-60 տոկոսի են հասնում, ինչը բարձրացնում է ջեռուցման սակագինը ու չվճարումների պատճառ դառնում։

Ակնհայտ է, որ ջերմամատակարարման կենտրոնացված համակարգի կենսունակությանը չեն օգնում ոչ պետական բյուջեից տրվող լրավճարները, ոչ իբրեւ մարդասիրական օգնություն տրվող վառելիքը, եւ ոչ էլ պարբերաբար տրվող հարկային արտոնությունները: Իսկ սպասել չի կարելի: «Եւս մեկ-երկու տարի, եւ մենք ջեռուցման եղած համակարգերն էլ կկորցնենք», - ասաց Մերուժան Միքայելյանը։

Մշակված եռափուլ ռազմավարությամբ կառավարությունը նախատեսում է առաջիկա 6-7 տարվա ընթացքում կենտրոնացված ջեռուցման համակարգից աստիճանաբար անցնել ավելի էժան, մասշտաբներով ավելի փոքր՝ բակային, մեկ կամ մի քանի շենքեր ընդգրկող կաթսայատների միջոցով ջեռուցման համակարգի:

«Հաշվարկները ցույց տվեցին, որ շատ ավելի արդյունավետ ու էժան է, երբ բակային կաթսայատներ են կառուցվում», - ասաց Միքայելյանը: - «Կան նույնիսկ շենքային կաթսայատներ՝ էկոլոգիապես ստանդարտներին համապատասխանող եւ տնտեսապես շատ շահավետ»:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ դոնորները, առաջին հերթին Համաշխարհային բանկը եւ Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամը հավանել են այս ծրագիրը ու համաձայնել են ֆինանսավորել այն:

Այս ամենը հեռանկարում: Իսկ առաջիկա ձմռանը, ըստ Միքայելյանի, կենտրոնացված ջեռուցումը լինելու է, ամենայն հավանականությամբ, անցյալ տարվա սակագներով՝ եթե կառավարությունը գտնի 3-4 միլիոն դոլար՝ գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի դիմաց վճարելու համար։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG