Մատչելիության հղումներ

Կոմունիստները ակտիվորեն մասնակցելու են տեղական ընտրություններին


Հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) ակտիվորեն մասնակցելու է: Առաջադրվելու են քաղաքապետերի, համայնքապետերի եւ գյուղապետերի թեկնածուներ: Քաղաքներից հատկապես պայքարելու են Գյումրիում ու Վանաձորում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀԿԿ առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը անդրադարձավ նաեւ նորաստեղծ ընդդիմադիր միավորման կողմից նախագահի միասնական թեկնածու առաջադրելու հնարավորություններին: Հստակ է, ըստ Դարբինյանի, որ եթե միավորված 16 ուժերը չհաջողեն նախագահի միասնական թեկնածուի հարցում, սոցիալիստամետ ուժերը իրենց միասնական թեկնածուն կունենան:

Բոլոր 16 ուժերի կողմից միասնական թեկնածուի հարցում համաձայնության գալը Դարբինյանը «տեսականորեն» հնարավոր է համարում՝ եթե «կուսակցությունների ներկայացուցիչների ամբիցիաները հաղթահարվեն»:

Դարբինյանը խուսափեց ուղղակի պատասխան տալ հարցին, թե կհամաձայնի՞ զիջել այլ թեկնածուի օգտին, եթե ինքը չանվանվի միասնական թեկնածու: Նա սոսկ ասաց, որ դեռ քննարկելու, մշակելու են միասնական թեկնածուից պահանջվելիք չափանիշները, հետո կնայեն, թե նրա ծրագիրը որքանով հոգեհարազատ կլինի իրենց կուսակցությանը:

Ռուսաստան - ֊Բելառուս միությանը միանալու հարցը, որ սկզբունքորեն ընդունելի չէ միավորման որոշ ուժերի համար, ըստ Վլադիմիր Դարբինյանի, իրենց համար «շատ կարեւոր, սկզբունքային հարց է»: «Առայժմ մենք սրությամբ այս հարցը չենք դնում, որովհետեւ դժվարություններ են ստեղծվել երկու պետությունների [Ռուսաստանի եւ Բելառուսի] փոխհարաբերություններում», - ասաց նա՝ ավելացնելով, որ երբ դրանք հաղթահարվեն նորից սրությամբ օրակարգ են մտցնելու Ռուսաստան - ֊Բելառուսին միանալու հարցը:

Երեկ միավորման ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ դաշինքի վերաճելու եւ իշխանափոխությունը հաջողելու դեպքում, պատասխանատվությունն էլ է լինելու միասնական: Դարբինյանը կոնկրետ չասաց, թե իր կուսակցության համար որ նախարարական պորտֆելը սազական կհամարեր: «Վաղ է ստվերային կաբինետից խոսել», - ասաց նա՝ ավելացնելով, որ հաղթելու դեպքում կառավարության մեջ պետք է մտնեն «բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող մարդիկ՝ անկախ կուսակցական պատկանելությունից»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG