Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հաստատեց ընտրացուցակների կազմման կարգը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվեց ընտրացուցակների կազմման կարգը: Ըստ այդմ՝ դրանք կազմելու են համայնքների ղեկավարները՝ սերտորեն համագործակցելով ներքին գործերի համապատասխան ծառայությունների, զինկոմիսարիատների, բնակչության հատուկ սպասարկման պետական ձեռնարկությունների (թաղման բյուրոների) հետ:

Ընդունված կարգով ընտրացուցակները սկսում են կազմվել յուրաքանչյուր ընտրությունից 60 օր առաջ: 40 օրվա ընթացքում ընտրողների ցուցակները 4 անգամ վերանայում են համայնքի ղեկավարն ու ՆԳՆ համապատասխան բաժնի անձնագրային ծառայությունը: Ցուցակները էջ առ էջ ստորագրում են կնքում են երկու կողմերը, որից հետո՝ քվեարկությունից երկու օր առաջ, տրամադրում են տեղամասային ընտրական հանձնաժողովին՝ տեղամասում փակցնելու համար:

Այս ամբողջ գործընթացը վերահսկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ըստ նոր Ընտրական օրենսգրքի, ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողներն այլեւս հնարավորություն չեն ունենա դատարանի միջոցով կարգավորել հարցը: «Այս նորմը ինչ-որ տեղ երկակի հակասություն ունի», - ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը: - «Նորմը դրական է, որ ընտրացուցակների տեսակետից համայնքների ղեկավարները եւ ներքին գործերի համապատասխան ծառայությունները պետք է շատ աշխատեն: Պետք է աշխատեն նաեւ ընտրատարածքային հանձնաժողովները: Սակայն միանշանակ այստեղ հակասություն կա Սահմանադրության 27-րդ հոդվածի հետ»:

Սահմանդրության 27-րդ հոդվածը երաշխավորում է ՀՀ քաղաքացիների «անմիջականորեն կամ ազատ կամքի արտահայտությամբ իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունքը»:

Ընտրական օրենսգիրքը համայնքների ղեկավարների նկատմամբ պատժաձեւեր է սահմանել ընտրացուցակներում կեղծիքներ կամ խախտումներ թույլ տալու դեպքում: Համայնքների ղեկավարները, մինչդեռ, կարող են հատուկ շահագրգռվածություն ունենալ ցուցակները կազմելիս:

«Նրանք անմիջականորեն շահագրգռված են ցուցակները հարմարեցնել իրենց, որովհետեւ առաջադրվում են նույն իրենք՝ համայնքների գործող ղեկավարները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Օրինաց Երկիր» կուսակցությունը ներկայացնող ԿԸՀ անդամ Արտաշես Ավոյանը:

Դրական քայլն այն է, որ ցուցակները կազմելու գործընթացին մասնակցում են նաեւ ներքին գործերի համապատասխան ծառայությունները, թեեւ կեղծիքներ հայտնաբերելու դեպքում պատժի են ենթակա միայն համայնքների ղեկավարները: «Դա քրեական օրենսգրքի խնդիր է», - այս առնչությամբ ասաց Ավոյանը: - «Խորհրդարանում շրջանառության մեջ նախագիծ կա, որով առաջարկվում է պատասխանատվությունը այդ մասով սահմանել նաեւ ներքին գործերի մարմինների համար»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG