Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ն չի միանա ընդդիմադիր միավորմանը


Անցած շաբաթ ստեղծված ժողովրդահայրենասիրական միավորման կազմում բացակայում է նախկին իշխող կուսակցությունը՝ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ): ՀՀՇ վարչության անդամ Տիգրան Հակոբյանը առաջիկայում եւս հնարավոր չի համարում ՀՀՇ-ի միանալը նորաստեղծ միավորմանը:

«Նախ, մեզ ոչ ոք չի հրավիրել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա՝ շարունակելով, թե միավորված կուսակցությունների զգալի մասը այլ գաղափարախոսություն ունեն, քան ՀՀՇ-ն: Եվ վերջին փաստարկը. այդ կուսակցությունների մի մասը 98-ի իշխանափոխության գործում մեղքի իրենց բաժինն ունեն, իսկ ՀՀՇ-ի համար դժվար կլինի աշխատել այնպիսի կուսակցությունների հետ, որոնք պարբերաբար փոխում են իրենց դիրքորոշումները:

Հարկ է նշել, որ մյուս կուսակցություններն էլ, իրենց հերթին, խուսափում են համագործակցել ՀՀՇ-ի հետ: Տիգրան Հակոբյանը այս կապակցությամբ ասաց, թե ՀՀՇ-ին փնովելը, հայտարարելը, թե ՀՀՇ-ի հետ չեն համագործակցի, «մոդայիկ արտահայտություն» է դարձել քաղաքական գործիչների շրջանում, սակայն նրանցից ոչ ոք «հոդաբաշխ» հիմնավորում չի կարողանում տալ:

ՀՀՇ-ն նաեւ թերահավատ է ժողովրդահայրենասիրական միավորման ապագայի հանդեպ: «Օրինակ, ինֆորմացիա ունենք, որ մի քանի կուսակցությունների լիդերներ վերահսկվում են ներկա իշխանությունների կողմից: Մենք մտահոգություն ունենք, որ նրանք հետագայում ականի դեր կխաղան այս դաշինքում», - ասաց Տիգրան Հակոբյանը՝ առանց կոնկրետ անուններ նշելու:

Հակոբյանի կանխատեսմամբ, ապագա ընտրություններում դաշինքները ստեղծվելու են ոչ թե գաղափարական հենքի վրա, այլ՝ գործող նախագահին ու վարչակարգին դեմ կամ կողմ լինելուց ելնելով:

Հակոբյանը շատ զգույշ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորության մասին խոսելիս: «Անշուշտ, նախագահը, իմ կարծիքով, եթե առաջադրվի, ապա կառաջադրվի ոչ միայն որպես ՀՀՇ-ի թեկնածու, այլ՝ բավական լայն քաղաքական սպեկտրի թեկնածու», - ասաց նա:

Տիգրան Հակոբյանը հրաժարվեց պատասխանել Վանո Սիրադեղյանին վերաբերող որեւէ հարցի:

Ընդդիմադիր միավորմանը չի անդամակցել նաեւ Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքորոշում» միավորումը: Այսօր հրավիրած ասուլիսում Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե ԱԻՄ-ի որոշել է նախագահական ընտրություններում չպաշտպանել գործող նախագահի թեկնածությունը: Նրա հաշվարկներով, նորաստեղծ ժողովրդահայրենասիրական միավորումը ունի ընտրողների ձայների 50 տոկոսը, ուստի, քանի որ ԱԻՄ-ը Քոչարյանին չի պաշտպանելու, վերջինս ընտրվելու հնարավորություն չունի: Հայրիկյանի կուսակցությունը նախագահական ընտրություններին առաջադրելու է սեփական թեկնածուի:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG