Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը նշում է անկախության օրը


1991 թվականի սեպտեմբերի 2-ին մարզային խորհուրդը ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման եւ անկախության մասին որոշումը: Այսօր Ստեփանակերտում այդ առիթով կազմակերպվել էին հանդիսություններ՝ համերգներ ու մարզական միջոցառումներ:

Տոնի առթիվ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին է դիմել նախագահ Արկադի Ղուկասյանը: «Պետք է դեմքով շրջվել դեպի Արցախի յուրաքանչյուր քաղաքացու հոգսերն ու կարիքները, քանզի միայն նման մոտեցումն է, որ թույլ կտա դիմանալ խաղաղության փորձությանը», - ասված է ուղերձում: - «Ղարաբաղը առաջիկայումս եւս հետամուտ կլինի Ադրբեջանի հետ իր հակամարտության բացառապես խաղաղ մեթոդներով կարգավորմանը: Սակայն, եթե հակառակ կողմը գերադասի խնդրի լուծման ուժային մեթոդները, ապա, նախկինի պես, կստանա ԼՂՀ պաշտպանության բանակի արժանի հակահարվածը»:

Տոնի կապակցությամբ Արցախ է ժամանել Հայաստանի նախագահ Ռովերտ Քոչարյանը, որը Արկադի Ղուկասյանի ուղեկցությամբ շրջել է իր հայրենի քաղաքում:

Շարքային ստեփանակերտցիների տրամադրությունը, սակայն, այնքան էլ տոնական չէ: «Ես, իհարկե, որպես անկախ պետության քաղաքացի, համարում եմ, որ այդ պետությունը կայացել է իր բոլոր պետական ստրուկտուրաներով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ստեփանակերտցի Ռուդոլֆ Մարտիրոյանը: - «Միայն մնում է կյանքի կոչել որոշակի ժողովրդավարական չափանիշներ»:

«Ես շատ բարձր եմ գնահատում այս անկախությունը», - ասաց Նարեկ Ասրյանը, ում որդին զոհվել արցախյան ազատամարտում: - «Սա ոչ միայն մեր, այլեւ մեր պապերի երազանքն է: Բայց ափսոս, որ ովքեր ներդրում ունեն, նրանց ոչինչ բաժին չի հասել»:

Մեկ այլ ստեփանակերտցի Ռաֆայել Պետրոսյանը ավելի հարմար է տեսնում վերամիավորումը Հայաստանի հետ:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG