Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանի ներքին ընթացքի նայելով «Վարչապետին աստիճանաբար «սկացնում» են» վերնագրի տակ՝ «Իրավունք» թերթի մեկնաբանը ձեւակերպել է. - «Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանն իրոք ուզում է շուտափույթ ազատվել Անդրանիկ Մարգարյանից, որպեսզի նախագահական ընտրություններում հույսը չկապի ՀՀԿ-ի (Հայաստանի հանրապետական կուսակցություն) հետ, եւ ամենակարեւորը, որպեսզի Ազգային ժողովի ընտրություններից հետո խորհրդարանում չլինի հստակ մեծամասնություն, ինչը թույլ կտա նախագահին վարչապետ նշանակելիս հաշվի չնստել խորհրդարանի հետ: Մյուս կողմից, եթե նախագահն ու վարչապետը փոխզիջման չհանգեն, ապա ՀՀԿ-ն իր դիմադրությամբ կարող է բազմաթիվ տհաճ անակնկալներ մատուցել նախագահին, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի մատուցմամբ, վերջին շրջանում իշխանության ու նրան աջակցող ուժերի համախմբման գործընթացում արձանագրված հաջողությունները որեւէ այլ տարբերակ չեն թողել թույլ ու կոտորակված ընդդիմությանը, քան ինչ-որ կերպ համախմբվելը: «Զարմանք ու տարակուսանք է հարուցում միայն այն քաղաքական եռուզեռը, որն ուղեկցվում է այս նոր/հին միավորման ստեղծման գործընթացին, քանզի», - նշում է մեկնաբանը, - «այդ միավորմամբ քաղաքական դաշտում քանակական, առավել եւս որակական որեւէ նոր տեղաշարժ չի գրանցվում: Ինչպե՞ս են վերաբերում այս միավորման ստեղծմանը դիմության դաշտում գործող քաղաքական ուժերը: ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «Մեր ընդդիմադիրներին որակական տեղաշարժ արձանագրել չի հաջողվում: Որովհետեւ այդ համախմբումների առանցքում բացակայում են ոչ միայն կոնկրետ սկզբունքներն ու խնդիրները, այլեւ հասարակությանը չի առաջարկվում այսօրվա քաղաքականությունից ավելի լավ այլընտրանք»: Նույն դիտողության դիրքերից ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանն էլ մատնանշում է. - «Նորաստեղծ դաշինքում արմատական ընդդիմության ուժերը համախմբվել են բացառապես անձի, կոնկրետ հանրապետության նախագահի դեմ՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով»: «Գոնե առայժմ չեմ պատկերացնում, թե այս նորաստեղծ դաշինքում համախմբված ուժերն ինչպես են մշակելու միասնական տնտեսական քաղաքականության պլատֆորմ», - իր հերթին ընդգծում է «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: - «Ովքե՞ր կհամաձայնեն իրենց սկզբունքները ստորադասել մյուսների ցանկությանը: Սա ամենաբարդ խնդիրն է, որի լուծումը ես գոնե առայժմ չեմ տեսնում»:

«Երկիր» թերթի մեկնաբանի թերահավատ հայացքով էլ՝ չնայած ընդդիմադիր ուժերը գիտակցում են, որ ի վերջո պետք է համախմբվեն, սակայն չունեն նույնիսկ գաղափարական որեւէ ընդհանրություն, որն առաջ քաշելով՝ կհստակեցնեն նաեւ իրենց սկզբունքները: «Եվ պարզ է, որ առանց միասնական թեկնածուի վերաբերյալ ներքին համաձայնության, դաշինքների հարցը առայժմ կլողա բեւեռից բեւեռ»։ Նոր միավորման հիմնադիր անդամների բազմացումը, «Հայկական ժամանակ»-ի համեմատությամբ, էական փոփոխությունների է ենթարկել նրանց հայտարարության բովանդակությունը: «Կարեւորագույն նորությունն այն է, որ տեքստից հանվել է Ռուսաստան-Բելառուս դաշինքի մասին հիշատակությունը: Ստեղծված քաղաքական իրավիճակում պակաս կարեւոր չէ եւ այն, որ հանվել է նաեւ նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական տալու վերաբերյալ ձեւակերպումը», - առանձնացված է «Հայկական ժամանակ»-ում: Պահպանվում է թեզը, որ միավորումը պետք է նախագահական ընտրությունների գնա միասնական թեկնածուով, սակայն այս հարցում էլ, օրինակ, Արշակ Սադոյանը այլ տեսակետ ունի: Ըստ նրա, ընդդիմությունը շատ սխալ կանի, եթե նախագահական ընտրությունների առաջին փուլում միասնական թեկնածու առաջադրի, որովհետեւ այն մյուս կուսակցությունները, որոնց լիդերը չէ այդ միասնական թեկնածուն, այլեւս եռանդով չեն պայքարի ընտրական տեղամասերում: Մինչդեռ, «եթե յուրաքանչյուր ընտրական տեղամասում գոնե մի 10 վստահված անձ լինի, Քոչարյանը չի կարողանալու մասսայական ընտրակեղծիքներ անել, իսկ առանց դրանց՝ նա անցնելու շանս չունի», - ասում է Սադոյանը: «Այդուհանդերձ», - ամփոփում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, - «ամենապարզ տրամաբանության դեպքում անգամ միանշանակ է, որ եթե ընդդիմությունը գնում է նախագահական ընտրությունների պառակտված, ապա Քոչարյանն անցում է հենց առաջին փուլում»:

«Երկար ժամանակ մեզանում ինչ լինելու է, ինչ կատարվելու է, լինելու ու կատարվելու են հընթացս նախագահական ընտրությունների՝ նվագակցելով այդ ընտրությունները», - արձանագրում է «Օրրան» թերթի խմբագրականը: - «Ապրում ենք բարձր լարվածության տակ ու անընդհատ խանգարված: Այդպես է, որովհետեւ Հայաստանը լցրել ենք միայն ինչ-որ մեկի նախագահությամբ, ինչ-որ մեկի նախարարությամբ, երջանկահիշատակ ոմանց հետմահու կյանքով, ինչ-որ մեկի լեփ-լեցուն բացակայությամբ, ինչ-որ մեկի ագռավաքարային չհարությամբ: Այսպես է, որովհետեւ Հայաստանը բնակեցնել ենք միայն մի քանի գործարարներով: Ուրիշ մարդ չկա: Առավոտից իրիկուն միայն դրանք են եւ դրանց մասին... Բայց Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններից առաջ ուրիշ ընտրություններ էլ կան, այդ մարդկանցից բացի ուրիշներին էլ է բախտ վիճակվել բնակվելու այստեղ», - ուշադրություն է ուղղում «Օրրան»-ը: - «Ինչո՞ւ ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեզ այնքան էլ չեն հուզում, ինչո՞ւ ենք դրանց մասին լռում... Մեր հարցերի հարցը այնտեղ է՝ մարզերում ու գյուղերում, այնտեղ է լուծվում ոչ միայն նախրապանի եւ մեր «յուղ ու պանրի» խնդիրը, այլեւ մեր նախագահի մեր ընտրության տարակուսանքը: Այս երկրի անվանադիր ժողովուրդը այնտեղ է վերջապես: Սովորենք փոքր բաներում չսխալվել, որպեսզի մեծ հարցերը լուծել կարողանանք»:

Ինչո՞ւ ենք աղքատանում , եթե տնտեսական աճ կա: Այս կապակցությամբ «Հայոց Աշխարհ» թերթում սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը նշում է. - «Տնտեսական մեխանիզմը սկսեց աշխատել, սակայն քաղաքական եւ սոցիալական մեխանիզմները տակավին անաշխատունակ վիճակում են: Հիմա եթե ընդունենք աղքատության կրճատման ռազմավարական ծրագիրը եւ արդյունավետ քայլեր կատարենք այդ ուղղությամբ, միաժամանակ փորձենք ու կարողանանք իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ, փոփոխություն կատարած կլինենք սոցիալական եւ մի փոքր էլ՝ կառավարման մեխանիզմներում: Մնում է քաղաքականը: Իսկ քաղաքական մեխանիզմն այսօր ճակատագրական է դառնում Հայաստանի համար», - շեշտում է Լյուդմիլա Հարությունյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG