Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժերը մոտ են նախընտրական միավորում ստեղծելուն


Ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական համագործակցության շուրջ այս շաբաթվա սկզբից ընթացող բանակցությունները, կարծես, մոտենում են ինչ-որ հանգրվանի: Ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների, համաձայնեցվել է հայտարարության նախագիծը, որով ստեղծվում է նախընտրական միավորում, որ համագործակցելու է ընտրակեղծիքների դեմ պայքարելու, մի շարք այլ ծրագրային հարցերի շուրջ:

Այսօր շարունակվող բանակցություններին մասնակցում էին «Հանրապետություն» կուսակցության, ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն), «Ազգային միաբանության», ԱԺՄ-ի (Ազգային ժողովրդավարական միության), ԱԺԿ-ի (Ազգային ժողովրդավարական կուսակցություն), ԱԺԴ-ի (Ազգային ժողովրդավարների դաշինք), ՍԻՄ-ի («Սահմանադրական իրավունք» միություն), ՀԿԿ-ի (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), «Սոցիալիստական Հայաստան» միավորման, Գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միության ներկայացուցիչները:

Հայտարարության տեքստում ծրագրային հարցեր, ըստ նույն աղբյուրների, գրեթե չկան. դա հիմնականում նախընտրական միավորում նախաձեռնելու մասին հայտարարություն է: Դեռեւս հայտնի չէ նաեւ , թե որ կուսակցությունները կմիանան հայտարարությանը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հերքեց, թե քննարկումներն ընթացել են նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի հարցի շուրջ: Նրա խոսքերով, բանակցություններին մասնակցող կուսակցությունների համագումարներից հետո յուրաքանչյուր կուսակցություն կառաջադրի իր թեկնածուին, որոնցից էլ հավանաբար կընտրվի միասնական թեկնածուն: Այս միավորումը, ըստ Սարգսյանի, ցանկանում է իր վրա վերցնել պատասխանատվությունը հետագայի համար եւ ամրագրել, որ սա այն դաշտն է, որը միասնաբար գնալու է իշխանափոխության: Արամ Սարգսյանը չբացառեց, որ կուսակցություների այս միավորումը ընտրություններից առաջ վերածվի նախընտրական դաշինքի:

«Շուտով հավանաբար համաձայնության կգանք հայտարարության բոլոր դրույթների վերաբերյալ եւ կձեւավորվի քաղաքական ուժերի միավորում, որը նպատակաուղղված է լինելու հետագայում վերաճելու նախընտրական դաշինքի»: Ընդդիմադիր դաշտում ծավալվող խմորումների նպատակը այսօր ավելի վաղ հրավիրած ասուլիսում այսպես ձեւակերպեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարի վկայությամբ, միասնական թեկնածուի հարց այս փուլում չի քննարկվում, «որովհետեւ որոշված ու ճշտված չեն այն չափորոշիչները, որոնց հիման վրա քաղաքական ուժերի միավորումը հետագայում կարող է առաջարկել միասնական թեկնածու»:

Որոշ լրագրողների տեղեկություններով, իշխանությունները Ստեփան Դեմիրճյանի կամ Արտաշես Գեղամյանի շուրջ հավաքելու են ընդդիմադիր կուսակցություններին ու հետո պարտության են մատնելու: Ալբերտ Բազեյանն ասաց, թե իրենք նման որեւէ փաստի չեն տիրապետում, սակայն միարժեք է՝ չեն համագործակցի այսօրվա իշխանությունների հետ կապված ուժերի հետ:

«Հանրապետություն» կուսակցությունն իր քաղաքական ապագան առաջիկայում նախընտրում է կառուցել այն ուժերի հետ, որոնց հետ այսօր բանակցում է եւ նույնիսկ առաջարկում է գործողությունների միասնական ծրագիր մշակել սկսվող ընտրական գործընթացում: Այսօրվա դրությամբ, երբ դեռ որոշումները կայացված չեն, կուսակցությունը հակված է նախագահի թեկնածու առաջադրել նախկին վարչապետ Արամ Սարգսյանին:

«Ունենալով սեփական թեկնածուով նախագահական ընտրություններում հանդես գալու հնարավորություն, մենք կողմ ենք ընդդիմության կողմից միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարին», - ասաց Ալբերտ Բազեյանը:

Նա բացառեց, թե այդ թեկնածուն կարող է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լինել: Քաղաքական փորձառությամբ անձնավորության ներկայությունը, անշուշտ, ցանակալի է, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը ազդում է քաղաքական իրողությունների վրա, սակայն այսօր, ըստ Բազեյանի, չկա նրա վերադարձի հասարակական պահանջ: «Քաղաքական այն ուժերը, որոնց հետ մենք այսօր համագործակցում ենք», - ավելացրեց նա, - «սկզբունքորեն մերժում են ՀՀՇ-ի որեւէ համագործակցություն եւ սկզբունքորեն դեմ են Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձին»:

Պատասխանելով ուժային կենտրոնի համբավ վաստակած ԵԿՄ-ին («Երկարապահ» կամավորականների միություն) վերաբերող հարցին, որին անդամակցում են «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի 15 անդամներից 12-ը, Ալբերտ Բազեյանը ասաց, որ կուսակցությունը օրգանական կապ ունենք այդ կազմակերպության հետ՝ հիշեցնելով, որ Երկրապահը օգտագործվել է նաեւ ընտրակեղծիքներ իրականացնելու համար, սակայն այսօր «երկրապահների ամենալայն շրջանակներում եւ ամենալայն շերտերում առկա են հակաիշխանական տրամադրություններ»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը նշեց, այդուհանդերձ, որ ԵԿՄ-ի ղեկավարության մի շարք անդամներ «կաշկանդված են իրենց ծառայության բերումով, աշխատանքի բերումով»՝ ավելացնելով, որ ներկայումս իրենք աշխատանքներ են իրականացնում երկրապահների հետ, որպեսզի նրանք իրենց ուժն ու կարողություն օգտագործեն ընտրակեղծիքների դեմ պայքարում:



Արմեն Զաքարյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG