Մատչելիության հղումներ

Ներկայացվեց Կայուն զարգացման ազգային գնահատման զեկույցը


Այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում ներկայացվեց Կայուն զարգացման ազգային գնահատման զեկույցը: «Դա մեր ազգի կայուն զարգացման ուղղությամբ առկա նվաճումների, խնդիրների, ձգտումների եւ հնարավորությունների լուսաբանումն է եւ երկրի զեկուցումը գագաթնաժողովին», - ազգային զեկույցը բնորոշեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:

Իրենց ազգային հիմնախնդիրներից ելնելով նմանօրինակ փաստաթղթեր մշակել են Յոհաննեսբուրգի գագաթաժողովին մասնակցող աշխարհի բոլոր երկրների կառավարությունները։

Ազգային գնահատման զեկույցը մշակել է փորձագիտական խումբը, որի ղեկավար Սիմոն Պապյանը, ամփոփելով Հայաստանի տասնամյա տնտեսական եւ քաղաքական զարգացումների գլխավոր սոցիալական արդյունքը, ասաց. - «Մենք այսօր ունենք այն փաստը, որ բնակչության 55 տոկոսը աղքատության շեմից ցածր է գտնվում եւ 13,5 տոկոսն էլ մոտ է այդ շեմին»:

Մինչդեռ մշակված զեկույցում իբրեւ երկրի կայուն զարգացման գլխավոր հիմնախնդիր առանձնացված է Սեւանա լճի պրոբլեմը: Դրան հաջորդում են կենսաբանական բազմազանության պահպանումը, անտառների վերականգնումը, անապատացման դեմ պայքարը։ Դրանցից հետո է միայն նշվում աղքատությունը՝ իբրեւ պրոբլեմ, ու ծանուցվում, որ դրա հաղթահարման համար ռազմավարական ծրագիր է մշակում։

Զեկույցում նաեւ ասվում է, որ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 4,1 տոկոսով, եւ աղքատության գծից ցածր ապրում է երկրի բնակչության մոտ 51 տոկոսը։

Այդուհանդերձ, մեր կառավարությունը Յոհաննեսբուրգի գագաթնաժողովից առավելապես երկրում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծում է ակնկալում՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով եւս հնարավոր կլինի նվազեցնել աղքատությունը։ Ազգային գնահատման զեկույցում այս ակնկալիքով երկու ծրագիր է ամփոփված. առաջինը շրջակա միջավայրի բարելավման փուլային ծրագիրն է, որ շուրջ 95 միլիոն դոլարի արտաքին ֆինանսավորում է հայցում: Երկրորդը Սեւանա լճի միջոցառումների ծրագիրն է, որի իրագործման վրա, մշակողների համոզմամբ, պետք է ծախսվի մոտ 34 միլիոն դոլար։

Օգոստոսի 30-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Յոհաննեսբուրգ մեկնող Ազգային ժողովի սոցիալական հարցերի, առողջապահության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի զարգացած երկրներից՝ ընդհուպ մինչեւ նրանցից օզոնի շերտը քայքայելու համար խոստացած փոխհատուցում պահանջելը:

Հետաքրքիր է, որ Հայկոմկուսը ներկայացնող Թադեւոսյանը, կայուն զարգացմանը կողմնակից լինելով, միաժամանանկ հակագլոբալ նկրտումներ էլ ունի: «Մենք պիտի կարողանանք գագաթնաժողովում ասել, որ գլոբալիզացիայի բացասական երեւույթները սանձել է պետք, որովհետեւ ազգերը պիտի իրենց ազգային ինքությունը պահպանեն, ոչ թե ուծանան», - ասաց նա:

Հակագլոբալիստական դիրքերից հանդես եկավ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը. որը կայուն զարգացման վերաբերյալ բառացիորեն ասաց. - «Սա ուտոպիա է: Կայուն զարգացման հայեցակարգը չունի, չի առաջարկում այն մեխանիզմները, որով նա պետք է հասնի այդ նպատակին»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG