Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի արտացոլմամբ, Հայաստանի համայնքների միության 3-րդ արտահերթ համագումարը երեկ, փաստորեն, վերածվեց բավական բացահայտ մրցամարտի՝ նախագահի եւ վարչապետի կողմնակիցների միջեւ։ «Կարող էր տպավորություն ստեղծվել, թե ներկա ես ընդդիմադիր մի կազմակերպության համագումարին, եթե չլիներ մի բացառություն՝ «շան լափ» լցնելով ԱԺ-ի եւ կառավարության գլխին, բոլոր հռետորները կարծես մոռացել էին, որ մեր երկրում նախագահ էլ կա եւ նա այլեւս դիտորդ չէ՝ պատասխանատվություն է կրում Հայաստանում կատարվողի համար», - առանձնացնում է մեկնաբանը: - «Իսկ այդ պատկերը, ըստ համագումարի իսկ երեկ ընդունած բանաձեւի՝ «ծայրահեղ ճգնաժամային» է»: «Ընդհանրապես երեկ սկսված եւ ավարտված համագումարի նպատակն այնքան էլ հասկանալի չդարձավ. Համայնքների միությունը նոր ղեկավար կազմ չընտրեց, կանոնադրական փոփոխություն չարեց, միայն քլնգեց վարչապետին եւ ԱԺ-ին», - իր հերթին արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը: Ամենալուրջ մեղադրանքը հնչեցրեց Էջմիածնի քաղաքապետ Աղվանյանը. - «Հիմա մենք մեր ընտրողներով ուզում ենք հարցնել, քանի՞ տարի պետք է սպասենք, քանի՞ միլիոն դոլար պետք է վերցնեք ձեզ, պարոն վարչապետ»: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը ենթադրում է՝ Ռոբերտ Քոչարյանը նախապես ծանոթ էր այս հակակառավարական միջոցառման ծրագրին. «Երվանդ Աղվանյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը մտերիմներ են: Նկատի ունենալով Թումանյանի վարչապետական ամբիցիաները՝ շատ հնարավոր է, որ նա է կանգնած համագումարի կազմակերպման ետեւում, ինչը արժանացել է Քոչարյանի հավանությանը: «Քանի տարի սպասենք» հարցը, երեւի հենց Թումանյանինն է: «Օրրան» թերթի մեկնաբանի տպավորությամբ էլ, քանի որ պայմանավորվածությունը թերեւս կայացել էր Համայնքների միության վարչության ու նախագահականի միջեւ, եւ, ինչպես միշտ, ժողովուրդը, հասարակ ընտրողը անմասն էր դրանից, «եկել ալարկոտ նստել էր դահլիճում եւ, ինչպես հատուկ է շոուի մասնակցող ցանկացած զանգվածի, անտարբեր էր ամեն ինչի նկատմամբ ու ծափահարում էր ոչ թե նախագահին, այլ այն մտքերին, որոնք իրեն դուր էին գալիս»:

Արձակուրդների ընթացքում քննարկե՞լ է, արդյոք, վարչապետի Հանրապետական կուսակցությունը, թե ինչպիսի դիրքորոշում է որդեգրելու գալիք նախագահական ընտրություններում: «Հայոց Աշխարհ» թերթում այս հարցին կուսակցության խորհրդի անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը պատասխանում է. - «Մեր քննարկումները խիստ նախնական են եղել: Թեպետ սկզբունքորեն դիրքորոշումների հստակեցման հատուկ անհրաժեշտություն չենք էլ տեսնում: Հանրապետության գործող նախագահի եւ մեր կուսակցության նախընտրական ծրագրերը, ըստ էության, չեն տարբերվում: Ուստի, կարծում եմ, որ այդ հարաբերությունները հետագայում էլ բնականոն հունով կզարգանան»:

Նույն թերթում Ալվարդ Պետրոսյանը կիսվում է հետեւյալ մտքերով. - «Իրեն, այսպես կոչված, ընդդիմություն համարող մի ողջ զանգված կա եւ դիմություն համարող մեկ ուրիշը: Մինչդեռ ավելի լավ կլինի՝ դեմք ունենան: Անկախ նրանից, թե այդ անդեմ զանգվածը ում է պաշտպանում, միշտ վնասելի է... Միշտ չէ, որ համաձայն եմ նախագահի կոմպրոմիսների հետ, որովհետեւ կադրային քաղաքականություն վարելիս հաճախ է տեղի տալիս: Ինքը պիտի կամք դրսեւորի, թե չէ ոչ բարձր ինտելեկտը թեպետ հեշտ է կառավարվում, բայց երբ անկառավարելի է դառնում, հետեւանքները սարսափելի են լինում»: «Կարծում եմ Ռոբերտ Քոչարյանին այլընտրանք կա», - ասում է Ալվարդ Պետրոսյանը: - «Այս ժողովրդի արգանդը չի չորացել: Դա բարձր մտավորական, իսկապես պետական մտածողություն ունեցող, իր ազգը սիրող մարդկանցից մեկը պիտի լինի: Որ մի օր կգա ասպարեզ: Իսկ առայժմ այդ այլընտրանքների միջից ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանին»:

«Հայոց Աշխարհ»-ի տեսաբանն այսօր շեշտադրում է. - «Ե'ւ հաղթող թեկնածուն, ե'ւ նրա հիմնական ախոյանը պետք է կանգնած լինեն Ղարաբաղի հարցի կարգավորման հստակորեն հայանպաստ դիրքորոշումների վրա, որպեսզի բացառվի ընտրական եւ հետընտրական գործընթացները «պատերազմի» ու «խաղաղության» կուսակցությունների պայքարի վերածելու եւ առաջինին շարքից հանելու ու երկրորդի հաղթանակն ապահովելու նպատակով Թուրքիայի ու Արեւմուտքի միջամտությունը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքին»: Այսինքն՝ յուրաքանչյուր ընտրող պետք է «իր միանգամայն ազատ ընտրությունը սահմանափակի Ղարաբաղի հարցում հստակորեն հայանպաստ դիրքորոշում ունեցող թեկնածուների շրջանակով», - ուղղորդում է տեսաբանը:

Բաշխիչ էլեկտրացանցերի վաճառքի հետքերով «Առավոտ»-ի խմբագրականը համադրել է.- «Մեզ համոզում են, որ երկրորդ «ԱրմենՏել» մենք չենք ունենա։ Նախեւառաջ՝ էլեկտրաէներգիայի սակագինը որոշելը ցանցերի սեփականատիրոջ վճռելիք հարցը չի լինելու։ Գինը որոշելու է էներգահամակարգող հանձնաժողովը։ Ինչ խոսք, այնքան էլ սփոփիչ լուր չէ, եթե հաշվի առնենք մոնոպոլիստի հետ գործարքների մեջ մտնելու՝ մեր կառավարության հակումը։ Առավել եւս, որ հենց պաշտոնական աղբյուրներն են ակնարկում, թե էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ կմնա մինչեւ 2003 թվականը, իսկ հետագայում ամեն ինչ կախված կլինի երկրի ընդհանուր տնտեսական վիճակից»։ Կամ՝ «Եթե կառավարությունը ներդրումների ակնկալիքներ չուներ, այլ ձգտում էր միայն էլեկտրաէներգիայի կորուստները հասցնել նվազագույնի եւ վարձավճարները ժամանակին հավաքել, արժե՞ր դրա համար վաճառել մեր ԲԷՑ-երը։ Թող հենց ինքն էլ փողերը ժամանակին հավաքեր, ոչ թե իր ապաշնորհության պատճառով ԲԷՑ-երը վաճառեր կասկածելի ընկերությանը։ Մյուս կողմից ասում են, թե դրանք վաճառեցին՝ հույս դնելով Համաշխարհային բանկի հերթական տրանշի վրա։ Բայց արի ու տես, ՀԲ-ն վերապահումներ ունի գործարքի վերաբերյալ եւ հենց այնպես 20 միլիոն դոլար չի տա։ Հարց է ծագում՝ այդ դեպքում ո՞վ շահեց գործարքից»: «Ազգ» թերթի անդրադարձում ընդգծված է. թե ինչպես կընթանա բաշխիչ ցանցերի առողջացումը՝ պատասխանատուն ըստ էության միայն կառավարությունն է, քանի որ լիցենզիայի պայմաններից է կախված, թե որքանով վերահսկելի կլինի «Միդլենդ ռիսորսիս» հոլդինգի գործունեությունը Հայաստանում։ «Կհաջողվի՞ արդյոք կառավարությանը վերահսկելի դարձնել վաճառքը, խոստացված ներդրումների կատարումը, համակարգի առողջացումը, քիչ հավատ է ներշնչում»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG