Մատչելիության հղումներ

Լրտեսության մեղադրանքով կալանվածները ուկրաինացի բռնագաղթվածներ են Ադրբեջանից


Այս ամիս ադրբեջանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով կալանված Հայաստանի չորս քաղաքացիները, նրանց շահերի պաշտպանի տեղեկացմամբ, ազգությամբ ուկրաինացի բռնագաղթվածներ են Ադրբեջանից:

Բացի նրանից, որ Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով օգոստոսին կալանավորվել են Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացի եւ որ օրենքի պահանջով նրանք ապահովված են իրենց իրավունքները պաշտպանող փաստաբանով, Ազգային անվտանգության նախարարության լրատվական ծառայությունը այլ տեղեկություններ առայժմ պաշտոնապես չի հաղորդել: Նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արմենակ Մանուկյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քրեական գործի մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն, գաղտնի են պահվում նաեւ մեղադրյալների ազգանունները:

«Ազատություն» ռադիոկայանին, սակայն, լրտեսության մեղադրանքով կալանվածների շահերի պաշտպանը՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության անդամ Գեւորգ Մելքոնյանը որոշ մանրամասներ փոխանցեց: Նրանք ձերբակալվել են մոտավորապես 15-20 օր առաջ: Բոլոր չորս ձերբակալվածները ազգությամբ ուկրաինացիներ են՝ երկու կին եւ երկու տղամարդ: Բոլորն էլ Ադրբեջանից բռնագաղթվածներ են եւ Հայաստանում բնակություն են հաստատել 1988-ից հետո: Ապրել են Եղեգնաձորում:

Ձերբակալվածները 30-45 տարեկան են: Մեկ ամուսնական զույգ է, իսկ մյուս երկուսը ամուսինների ազգականներն են: Տարիքով ամենամեծը եւ խմբի ղեկավարը կին է: Ադրբեջանի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների համար աշխատել են չնչին գումարներով: Մեղադրյալներն ընդունել են, որ Հայաստանի մասին տեղեկություններ են փոխանցել Ադրբեջանի համապատասխան մարմիններին: Թե կոնկրետ ինչ կարգի եւ ինչ գաղտնիության տեղեկություններ են հայտնել, առայժմ պարզ չէ: Ըստ փաստաբանի, սակայն, դժվար թե դրանք պետական գաղտնիքներ պարունակեին թեկուզ այն պատճառով, որ չորսից երեքը որեւէ տեղ չեն աշխատել, միակ աշխատողը խմբի ղեկավարն է եղել: Փաստաբանը գերադասեց չհայտնել նաեւ վերջինիս աշխատանքի վայրը կամ մասնագիտությունը:

Հնարավոր է, որ նրանք կոնկրետ հանձնարարություններ են ստացել, ասենք՝ ուսումնասիրել տեղի բնակչության տրամադրությունները իշխանությունների հանդեպ, կամ տեղեկացնել, թե Հայաստանի այս կամ այն տարածքում քանի զորամաս կա: Փաստաբան Մելքոնյանի փոխանցմամբ, մեղադրյալներն իրենց հավաքած տեղեկությունները պատվիրատուներին փոխանցել են Թբիլիսում կայացած հանդիպումների ժամանակ:

Թե մեղադրյալները ինչպես կամ երբ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացել, առայժմ հայտնի չէ: Հիմնվելով նախաքննության գաղտնիության վրա, փաստաբան Մելքոնյանը գերադասեց չհրապարակել գործին առնչվող որոշ մանրամասներ:

Ադրբեջանի անվտանգության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արազ Ղուրբանովը դեռ անցյալ շաբաթ Հայաստանի ազգային անվտանգության նախարարության հայտարարությունն անվանել էր «հերթական ապատեղեկատվություն»՝ հիշեցնելով, թե 1998-1999 թվականներին էլ հայկական կողմը մի քանի անգամ նմանատիպ հայտարարություններ էր արել՝ սեփական երկրի քաղաքացիներին մեղադրելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Հայաստանի դատական մարմինները, ըստ Ղուրբանովի, տարբեր պատճառաբանություններով (ոմանց մտավոր առումով թերզարգացած ճանաչելով), ստիպված են եղել նրանց ազատ արձակել: Հայաստանի ազգային անվտանգության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արմենակ Մանուկյանը հաստատեց, որ նման հայտարություններ եղել են, հավելեց, սակայն, որ այդ անձինք ոչ հայեր եւ ոչ էլ Հայաստանի քաղաքացիներ են եղել, այլ Ադրբեջանի քաղաքացիներ եւ ազգությամբ ադրբեջանցիներ: Եվ ապա՝ հենց վերջիններս են իրենց ծառայություններն առաջարկել, ինչից Հայաստանի անվտանգության մարմինները հրաժարվել են:

Առայժմ լրտեսության մեջ կասկածվող այլ անձանց կամ ավելի ստույգ նման մեղադրանքով ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան: Հայտնի չէ նաեւ, թե նշված 4 անձինք այլ անուններ տվել են, թե ոչ: Գործը քննում են ազգային անվտանգության նախարարության քննչական մարմինները:

Սա անկախ Հայաստանի պատմության մեջ լրտեսության բացահայտման երրորդ դեպքն է: Առաջինը հենց անկախության առաջին տարիներին էր: Ազգային անվտանգության աշխատակից Վահան Ավագյանը փորձ էր արել երկրից դուրս բերել պետական գաղնիքներ պարունակող դիսկետներ: Վերջինիս գործով նախաքննության մասին մանրամասն տեղեկություններ այդպես էլ չհրապարակվեցին, իսկ դատավարությունը փակ էր:

Լրտեսության մեջ կասկածվող հաջորդ մեղադրյալը Մուրադ Բոջոլյանն է: Այս տարի հունվարի 27-ին Բոջոլյանը կալանվել էր Թուրքիայի օգտին լրտեսելու եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Նրա փաստաբան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, նախաքննությունն արդեն ավարտվել է եւ հիմա կողմերը ծանոթանում են գործի նյութերին: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ եւ որ դատարանում է լսվելու գործը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG