Հայաստանի համայնքների միության այսօր տեղի ունեցած համագումարի իր ելույթում նախագահ Քոչարյանը փաստորեն սկսեց իր նախընտրական քարոզարշավը: Նախագահը Հայաստանի ավելի քան 900 համայնքների ղեկավարներին «խնդրանք ու պահանջ» ներկայացրեց՝ ազնիվ ու արդար անցկացնել առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
«Ես համոզված եմ, որ Հայաստանը լինելու է տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը», - համագումարում ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանը: - «Դա իմ կարգախոսն է»: Կոնկրետ տեղական ինքնակառավարման մակարդակում նախագահ Քոչարյանի խոսքով, դա պետք է արտահայտվի տարածաշրջանի լավագույն ճանապարհներն ունենալով, շուրջօրյա ջրամատակարարմամբ եւ ոռոգման ջրի ապահովմամբ:
Հանրապետության նախագահը խոսեց նաեւ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություների մասին:
«Սրանք Եվրախորհուրդ ընդունվելուց հետո առաջին ընտրություններն են: Բնական է, որ հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ մեծ է լինելու, լինելու են մեծ քանակի դիտորդներ: Ազնիվ եւ արդար ընտրություններով մենք պետք է ցույց տանք, որ Եվրոպայի խորհուրդ մտնելը տուրք չէր նորաձեւությանը», - ասաց նախագահը՝ ավելացնելով, որ դա իր խնդրանքն ու պահանջն է, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություներով է նաեւ ձեւավորվելու երկրի վարկանիշը:
Ընտրական թեման, այդուհանդերձ, նախագահ Քոչարյանի խոսքում այսքանով չսահմանափակվեց: Ի պատասխան Համայնքների միության համագումարի այսօրվա նիստում նախագահող Էջմիածնի քաղաքապետ Երվանդ Աղվանյանի խնդրանքի, որ նախագահը առաջիկա Ազգային ժողովի ձեւավորման ժամանակ եւ կառավարության կազմման ժամանակ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում անպես անի, որ միջակությունը տեղ չգտնի, Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ մենք պետք է այնպիսի մոտեցում որդեգրենք, որ Ազգային ժողովի կազմը լինի այնպիսին, որով ի վիճակի ենք լինելու ձեւավորել գործունյա կառավարություն»:
Նախագահի հեռանալուց հետո իրավիճակը համագումարում լարվեց: Երեւանի Նոր Նորքի համայնքապետ Մկրտիչ Մինասյանը ամբիոնից հայտարարեց, թե նախագահողը «ներկայացնում է նյութեր, որոնք Համայքների միության վարչությունում չեն քննարկվել» եւ «բոլոր թաղապետերի եւ մի շարք խոշոր քաղաքների համայնքների ղեկավարների» անունից ասաց, թե զեկուցման մեջ հնչած նյութերի համար իրենք պատասխանատվություն չենք կրում:
Ընդմիջմանը ծրագրված մամուլի ասուլիսը տեղի չունեցավ, եւ այդպես էլ անհայտ մնաց, թե կոնկրետ ինչի համար նրանք պատասխանատվություն չեն կրում: Լրագրողներին պարզապես ասացին, թե նախագահողը խախտել է ելույթներ տրամադրելու հերթականությունը եւ հանրապետության նախագահը չի լսել Համայնքերի միության տեսակետները ամփոփող ծրագրային ելույթը:
Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանը նախագահողի վարքագծից իր խիստ դժգոհությունը արտահայտելով ասաց, որ Աղվանյանը իրավունք չուներ բոլորի անունից խոսելու: «Համագումարը այնպես չի ընթանում, ինչպես որ պայմանավորվել էինք», - ասաց նա:
Երվանդ Աղվանյանը անպատասխան թողեց «Ազատություն» ռադիոկայանի հարցը, թե կոնկրետ ում է միջակություն համարում կառավարությունում: Ավելի ուշ, սակայն, իր ելույթում նա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին ասաց, թե «ինչ հարցով էլ դիմես, ասում է՝ փող չկա, երբ անգամ ցույց ես տալիս փողի տեղը:
Արմեն Զաքարյան, Երեւան