Մատչելիության հղումներ

Իտալիայի դեսպանի տպավորությամբ, Տեր-Պետրոսյանը հակված չէ վերադառնալ մեծ քաղաքականություն


«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան որոշ մանրամասներ է հաղորդել Եվրամիության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ տեղի ունեցած հանդիպումից:

Նախկին նախագահի հետ անցնող ամռան առաջին կեսին տեղի ունեցած հանդիպումը դեսպանը դասեց Հայաստանում անցկացված բազմաթիվ այլ (պետական եկամուտների, ֆինանսների, արտաքին գործերի նախարարների հետ) հանդիպումների շարքում: «Մեր պարտականությունների մի մասն էլ Հայաստանի քաղաքացիների հետ հանդիպելն է», - ասաց Տրաբալցան:

«Իմ անձնական տպավորությամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը այնքան էլ հակված չէ մեծ քաղաքականություն վերադառնալ», - ասաց Պաոլո Անդրեա Տրաբալցան: - «Հնարավոր է, որ նա հիասթափված է իր նկատմամբ ժամանակին հայաստանցիների ցուցաբերած վերաբերմունքից»: Նախկին նախագահի՝ ակտիվ քաղաքական գործունեությանը վերադառնալու հարցում Տրաբալցան, այնուամենայնիվ, որդեգրել է «կապրենք՝ կտեսնենք» մոտեցումը:

Եվրամիության դեսպանները իրենց «բարեկամական զրույցի» ընթացքում, ի շարս այլ հարցերի, անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Այդ նույն հարցերի վերաբերյալ նաեւ նախագահ Քոչարյանի տեսակետն ենք հարցրել», - ասաց Իտալիայի դեսպանը: - «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը մոտ չէ: Դա կախված է երկու կողմերի կամքից ու եթե նրանք չեն կամենում զիջումներ անել, ապա հարցի լուծումը ենթակա է հետաձգման»:

Դեսպան Տրաբալցան ասաց, թե իրենք հետեւում են Հայաստանի՝ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը, եւ Եվրամիությունը փորձում է, իբրեւ 15 երկրների միություն, որն ավելի շատ բնակչություն եւ համախառն ներքին արդյունք ունի, քան ԱՄՆ-ը, իր ձայնը նույնպես լսելի դարձնել Հարավային Կովկասում:

Պաոլո Անդրեա Տրաբալցան միակն է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպաններից, որ ուղղակիորեն ասել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, թե մահապատիժը պետք է վերացվի:

«Իտալիան առաջին երկիրն է, ուր վերացվել է մահապատիժը՝ այն գիտակցմամբ, որ դրանում առկա է վրեժխնդրության ոգին», - ասաց դեսպան Տրաբալցան: Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27»-ի գործին, ապա, Տրաբալցայի խոսքերով, նրանք, ովքեր տվյալ դեպքում մահապատիժ են ուզում, պետք է գիտակցեն, որ եթե հիմա ճշմարտությունը չեն կարողանում բացահայտել, ապա այդպիսով երբեք ճշմարտությունը չի բացվի:

Պատասխանելով վերջերս իր արտահայտած դժգոհությանը վերաբերող հարցին՝ թե Հայաստանում գործունեություն ծավալելու ձգտող իտալական ընկերությունները բարդություններ ունեն, դեսպանն ասաց, որ նկատի է ունեցել ոչ միայն իտալական, այլեւ առհասարակ արտասահմանյան ձեռնարկությունները: Առաջացող խնդիրները, ըստ նրա, «պարտադիր չէ, որ անպայաման իշխանությունները հարուցեն»: Նրանք նույնիսկ ձգտում են բարենապաստ մթնոլորտ ստեղծել, սակայն մտածողությունը նույնպես փոխել է հարկավոր, որպեսզի օրենսդրությունը գործի դրվի ճշտությամբ եւ խտրականության հարցեր չառաջանան:

«Այդուհանադերձ», - վերջում ասաց դեսպան Տրաբալցան, - «բազմաթիվ իտալական ձեռնարկություներ շահագրգիռ են Հայաստանում տնտեսական գործունեության ծավալմամբ՝ մանավանդ տեքստիլ արդյունաբերության ոլորտում»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG