Մատչելիության հղումներ

Հայաստանի բաշխիչ ցանցերը վերջապես մասնավորեցվեցին





Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցման երրորդ մրցույթը պսակվեց հաջողությամբ: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերի 80,1 տոկոսի սեփականատերը դարձավ Նորմանդյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ ռեսորսիս հոլդինգ» ընկերությունը:

Այսօր լրացավ հայտերի ներկայացման վերջնաժամկետը եւ ԲԷՑ-երի մասնավորեցման հանձնաժողովի նիստում ներկայացվեցին արդյունքները: Միակ հայտատուն «Միդլենդ ռեսորսիս հոլդինգ» ընկերությունն էր: Հայաստանի բաշխիչ ցանցերի բաժնետոմսերի 80,1 տոկոսը ձեռք բերելու համար նշված ընկերությունը առաջարկել է վճարել 37 միլիոն 15 հազար դոլար: Ամբողջ ցանցերի արժեքը ընկերությունը գնահատել է 40 միլիոն դոլար: Բաժնետոմսերի մնացած 19,9 տոկոսը, ըստ պայմանավորվածության, պետք է ձեռք բերի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը:

«Մրցույթը կայացել է, եւ հաղթողը «Միդլենդ ռեսորսիս հոլդինգ» ընկերությունն է», - հայտարարեց Բաշխիչ ցանցերի մասնավորեցման հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Մրցութային հանձնաժողովի որոշումը ենթակա է կառավարության հաստատմանը: Ինչպես տեղեկացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, դրանից հետո սկսվելու են վերջնական բանակցությունները, եւ կառավարության հաստատման պահից 24 ժամ անց պիտի կնքվի պայմանագիրը:

Հաղթող ընկերությունը պետք է փակի ցանցերի կրեդիտորական պարտքերը, որոնք կազմում են 25 միլիոն դոլար՝ հարկային պարտավորություններ, համապատասխան սոցիալական վճարումների գծով պարտքեր, կոմերցիոն բանկերի վարկեր, աշխատավարձի գծով պարտքեր: Այսպիսով, «Միդլենդ ռեսորսիս հոլդինգ»-ը վճարելու է 12 մլն 15 հազար դոլար:

Երրորդ մրցույթի պայմաններն ավելի մեղմ էին նախորդներից. կրճատվել էր անհրաժեշտ կապիտալի չափը, հանվել էր հայտատուի՝ տվյալ ոլորտում մասնագիտացված լինելու պահանջը: Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ, «Միդլենդ ռեսորսիս հոլդինգ»-ը արդեն բանակցություններ է վարում այդ բնագավառում մեծ փորձ ունեցող ամերիկյան մի ընկերության հետ՝ ցանցերը վերջինիս հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով:

Հայ պաշտոնյաները եւ մասնավորեցման հանձնաժողովի անդամները պնդում են, որ շատ բարձր գինով վաճառելը ձեռնտու չէ առաջին հերթին բնակչությանը, քանի որ սեփականատերը պետք է ձգտի այդ գումարը վերադարձնել սակագների բարձրացման միջոցով:

Վաճառված ցանցերի պոտենցիալ գինը, փորձագիտական գնահատականներով, 250 մլն դոլար է, բայց, բնականաբար, նման գին ակնկալելը այնքան էլ ռեալ չէր: Պետք նկատի ունենալ, որ վաճառվում են երկար տարիներ կապիտալ վերանորոգման չենթարկված, ծանր վիճակում գտնվող ցանցեր:

Էներգետիկայի ոլորտի մասնավորեցումը Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջն էր: Համաշխարհային բանկը, որի՝ կառուցվածքային բարեփոխումների աջակցությանն ուղղված ՍԱՔ վարկերով փակվում է Հայաստանի բյուջեի դեֆիցիտի մոտ 40 տոկոսը, էլեկտրաէներգիայի արտադրության ու բաշխման պետական ձեռնակությունների մասնավորեցմամբ է պայմանավորել ապագա վարկերի տրամադրումը: Մասնավորեցումը շոշափելիորեն կկրճատի բյուջետային հատկացումները ոլորտին ու կնվազեցնի դեֆիցիտը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG