Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հետեւելով մամուլին եւ կողքից նայել-տեսնելով՝ այն տպավորությունն է ստեղծվում, թե գտնվում ենք մեծ աղետի նախաշեմին: Սկսել են ավելի շատ շշնջալ միմյանց ականջն ի վար, շուտ-շուտ առանձնանալ երեք-չորս հոգով, խուսափել ինչ-որ հանդիպումներից, ինչ-որ հանդիպումներ խնդրել-գլուխ բերել, թափորների մեջ անգամ խմբվել ըստ քաղաքական կողմնորոշումների, սառեցնել-կասեցնել-չեղյալ հայտարարել նախկին կնքահայրությունը եւ այլն: Ինչ-որ ուժեր են վերադասավորվում, տեղաշարժեր են լինում, ճամբարներ են կազմվում, դաշինքներ են կնքվում», - պատկերագրում է «Օրրան» թերթը: - Եվ այս ամենը՝ որպեսզի «ժողովրդի մաքուր ձեռքով, ժողովրդի հոգեշահ ձայնով նախագահ ընտրվի իրենց համար եւ ոչ թե ժողովրդի»: «Քաղաքական ուժերի այդ բոլոր վերախմբավորումներն ու դիրքավորումները ժողովրդին խանգարելու, շեղելու-մոլորեցնելու համար են, ազատ կամքի ազատ արտահայտության դեմ են, մահացու հարված են դեմոկրատիայի սրտին ու թիկունքին» - ընդհանրացնում է «Օրրան»-ը՝ նաեւ ընդգծելով, որ առանց որեւէ պերճաբան աղմուկի էլ ժողովուրդը անխտիր բոլորին շատ լավ ճանաչում է եւ չպետք է պարզապես ընկնի միմյանց դեմ լարվելու թակարդը: «Օրրան»-ի մեկնաբանի հայացքով, սպասվելիք պայքարում կհաղթի այն ճամբարը, որն իր մեջ ուժ կգտնի ներքին հակասությունները, գոնե մի կարճ ժամանակով, մոռանալու համար»: Այս առումով փաստագրվում է նաեւ, թե «արդեն այս ենթափուլում քաղաքական ներկայիս հրապարակում առկա ընդդիմադիրները հաղթահարել են, այսպես կոչված, «նախկինների» նկատմամբ եղած բարդույթը:

«Ասա պատվիրատուտ ու կատարողդ՝ ասեմ վարկանիշդ» բանաձեւի ներքո «Հայաստանի Հանրապետություն» թերթը արդեն զգուշացնում է՝ չհավատալ անանուն սոցիոլոգիական հեքիաթներին եւ արդեն մատուցվող հարցումների հավաստիության աստիճանում կողմնորոշվել՝ անպայման նկատի ունենալով, թե որ քաղաքական ուժից են դրանք գալիս:

«Որքան ավելանում է կանխատեսումներով զբաղված մարդկանց քանակը, այնքան ակնհայտ է դառնում, որ նրանցից յուրաքանչյուրը ոչ թե փորձում է հասկանալ ու պարզել, թե ի՞նչ է սպասում առաջիկայում, այլ սոսկ ներկայացնել զարգացումների այն սցենարը, որը առավել համապատասխանում է սեփական նպատակներին», - նշվում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթի վերլուծականում: - Իսկ «գալիք քաղաքական աշնան հիմնական առանձնահատկությունը լինելու է խաղի մեջ ներքաշված բոլոր կողմերի խաղաքարտերի կամավոր կամ հարկադիր բացման գործընթացը»: Ըստ այս վերլուծականի, առնվազն վերջին տասնամյակում կուտակված գրեթե բոլոր հիմնական հարցերի եւ դրանց հետապնդման մեջ շահագրգիռ ուժերի եւ գործիչների աշխուժացումը բերելու է ժողովրդի հիմնական զանգվածի քաղաքական պասիվության հաղթահարմանը. «Ներկայումս սկիզբ առնող խաղաքարտերի բացման գործընթացը խոստանում է դառնալ ոչ միայն հիմնական ուժերի ու գործիչները հնարավորությունների, այլեւ նրանցով միջնորդավորված զարգացման հեռանկարների հստակեցման սկիզբ»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկ այլ անդրադարձում էլ ընդգծված է. - «Վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀՇ-ի ու նրա քարոզչամիջոցների պահվածքը կասկած անգամ չի թողնում, որ այդ կուսակցության նախընտրական ու ընտրական ռազմավարությունը սկզբունքորեն տարբերվում է մյուս բոլոր քաղաքական ուժերի որդեգրած նպատակներից ու գործելակերպից: Այդ սկզբունքային տարբերությունը նախ եւ առաջ այն է, որ ՀՀՇ-ին, ըստ էության, հետաքրքրում են ոչ թե 2002-ին ու 2003-ին կայանալիք ընտրությունները, այլ այն մթնոլորտը, որ ձեւավորվելու է դրանց արդյունքում: ՀՀՇ-ի առաջնորդները լավ են հասկանում, որ ցանկացած պարագայում՝ ե'ւ սեփական թեկնածուով հանդես գալու, ե'ւ որեւէ այլ թեկնածուի աջակցելու դեպքում հաղթելու լուրջ շանսեր չունեն եւ ձգտում են սոսկ հունավորել ու ամբողջացնել նախընտրական, իսկ շուտով նաեւ ընտրական գործընթացների արդյունքում գործող իշխանության հանդեպ դժգոհության ու քննադատության ողջ մթնոլորտը՝ այն դարձնելով իշխանության ու նրան աջակցող ուժերի տոտալ վարկաբեկման լայն ասպարեզ՝ հետագայում հասունացնելու համար իշխանափոխություն իրականացնելու իր պահը»:

Վկայակոչելով «Սոցիալիստական Հայաստան» միավորմանը մոտ կանգնած աղբյուրներ, «Հայկական ժամանակ» թերթը փոխանցում է. - «Ձախ հայրենասիրական ուժերի դաշինք ստեղծելու մասին քաղաքական հայտարարությունը չի ստորագրվում զուտ տեխնիկական պատճառներով: Կուսակցությունների լիդերները վիճում են, թե ում անունը ումից առաջ կամ հետո պետք է լինի: Որքան բարձր է գրված անունը, այնքան բարձր է հեղինակությունը: Ու քանի որ այս միավորումում հավաքված են մեկը մյուսից հեղինակավոր գործիչներ, խնդիրը, կարծես, անլուծելի է»:

Արձագանքելով Հովհաննես Ասրյանի նշանակմանը նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայկական ժամանակ»-ը նշում է. - «Ասրյանը այն նորօրյա իրավապաշտպաններից է, որոնց իրավապաշտպան լինելը ինքնին տարակուսելի փաստ է: Նախ՝ նա Դաշնակցության անդամ է, եւ հետո ԽՍՀՄ տարիներին եղել է պետական անվտանգության կոմիտեի աշխատակից»:

«Գույք՝ ամբիցիաների դիմաց» վերնագրի տակ է «Առավոտ»-ը տեղավորել իր արձագանքը «Նեզավիսիմայա գազետա»-ի հոդվածին, համաձայն որի Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստվում է պարտքի դիմաց տրված հայաստանյան ձեռնարկությունները հանձնել մասնավոր անձի: Եվ այդ անձը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է: Ռուսաստանցիների մտահոգությունն այն է, որ ձեռնարկությունների բաժնետոմսերը անցնում են ոչ թե Ռուսաստան պետությանը, այլ հայկական ծագում ունեցող մասնավոր անձին: «Այդ իմաստով, իհարկե, Հայաստանի ղեկավարությունը հաջող գործարք է իրականացրել», - նշում է «Առավոտ»-ը: - «Մյուս կողմից, մեզ ի՞նչ օգուտ այն հանգամանքից, որ հայաստանյան ձեռնարկությունների տերը կլինի ոչ թե Ռուսաստանը, այլ Արա Աբրահամյանը: Մեզ շա՞տ է պետք, որ մեր պետական 100 միլիոնանոց ունեցվածքն անցնի մի բիզնեսմենի, որը դրա փոխարեն կապահովի գործող նախագահի PR-ը առաջիկա ընտրություններում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG