Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետարանում լուրեր են շրջում, որ քաղաքապետ Նազարյանը առաջիկայում պաշտոնանկ է արվելու, վերջինս էլ իր ենթականերին ասում է, թե նախագահն իրեն խոստացել է մինչեւ փետրվար չհանել: «Այս անգամ քաղաքապետի ամենահավանական թեկնածուն ոչ թե Խոսրով Հարությունյանն է համարվում, այլ պետական եկամուտների նախարար Երվանդ Զախարյանը: Իսկ Խոսրով Հարությունյանը, ըստ այդ տեղեկությունների, զբաղեցնելու է հենց պետական եկամուտների նախարարի պաշտոնը», - ուրվագծել է «Հայկական ժամանակ»-ը՝ շրջանակելով. - «Իշխանության կուլիսներում սկսվել են քննարկումները նախընտրական վերադասավորումների շուրջ»:

«Առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր- Պետրոսյանի քաղաքական հենարանը կլինեն ոչ միայն աջ, այլեւ ձախ կենտրոնամետ եւ աջ կենտրոնամետ ուժերը», - քաղաքագետ, «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանն այս համոզմանն է հանգել «Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մշտական շփումների արդյունքում»։ Ըստ Գրիգորյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կոնցեպցիայում մեծ դեր են խաղալու նաեւ առանձին անձինք: Քաղաքագետը ենթադրում է, որ դրանք կարող են լինել Րաֆֆի Հովհաննիսյանը, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ այլք: «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում նա պնդում է. - «Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ հաղթելու պայմանով դուրս գալու միակ այլընտրանքային տարբերակը Հայաստանի զարգացման այս փուլում Լ. Տեր-Պետրոսյանն է: Ընդդիմությունը միայն համաժողովրդական դաշինք կազմելով եւ Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվելով կարող է արդյունքի հասնել»։ Մյուս կողմից, ՍԻՄ-ի («Սահմանադրական իրավունք» միություն) նախագահ Հրանտ Խաչատրյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում այսօր ասում է. - «Տեր-Պետրոսյանը, իմ խորին համոզմամբ, վերադարձի շանսեր չունի, թեպետ կա նրան քաղաքական ասպարեզ բերելու ծրագիր, որին աջակցում են բավական լուրջ ուժեր: Սակայն որքան էլ այդ ուժերը ջանան, Հայաստանում հնարավոր չէ այլեւս ՀՀՇ-ի վերադարձի նախադրյալներ ստեղծել»: «14-ի համագործակցության առջեւ հարց ենք բարձրացրել, որ անհապաղ սկսվեն միասնական թեկնածուի առաջադրման շուրջ քննարկումները», - տեղեկացնում է Խաչատրյանը՝ նաեւ նշելով, որ միանգամայն հնարավոր է ասպարեզում նոր թեկնածուների անակնկալ հայտնություն: Ըստ նրա, նոր մարդու էֆեկտը Հայաստանում բավականին ազդեցիկ է, որովհետեւ իսկապես կա որեւէ փրկչի սպասող մարդկանց քանակ. «Մեր հասարակության մեջ նոր հայտնված մարդկանց հավատալու ու նրանց աջակցելու լուրջ միտում կա»:

«Սոցիալիստական Հայաստան» միավորումը, կոմկուսը եւ Վազգեն Սաֆարյանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը մոտ ապագայում կհայտարարեն նոր՝ ձախ հայրենասիրական ուժերի դաշինքի ձեւավորման մասին: «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ է այս դաշինքի ստեղծման հայտարարության աշխատանքային տարբերակը, ուր 16 կետով շարադրված են այն սկզբունքները, որոնց շուրջ ձեւավորվում է այս նախընտրական միավորը: Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Մարտիրոսյանն ասել է, որ իրենց ծրագրերն իրականացնելու համար իրենց պետք է խորհրդարանական ընտրություններում ստանալ 50% եւ ավելի քվե: Մարտիրոսյանը վստահ է, որ իրենց դաշինքի հետ աշխատելու ցանկություն կդրսեւորեն նաեւ ՀԺԿ-ն (Հայաստանի ժողովրդական կուսակցությունը), «Ազգային միաբանությունը» եւ «Հանրապետություն» կուսակցությունը: «Չնայած Պուտին-Լուկաշենկո հերթական հանդիպումից հետո բոլորին պարզ դարձավ, որ Ռուսաստան-Բելառուս դաշինք չի եղել ու երբեք էլ չի լինի, Ձախ ուժերի դաշինքը մտադիր է հասնել նրան, որ հանրաքվեի միջոցով պարզվի, թե ինչ կարծիքի է հայ ժողովուրդը Հայաստանի՝ Ռուսաստան-Բելառուս դաշինքին անդամակցելու հարցում», - տարակուսում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ընդհանրապես տպավորությունն այն է, թե որոշ մարդկանց քաղաքական գործունեության հիմնական իմաստը ԽՍՀՄ փլուզմամբ կիսատ մնացած կարիերան տրամաբանական ավարտին հասցնելն է: Բայց դժվար թե պատմության ընթացքը փոխվի միայն այն պատճառով, որ մեկ-երկու պարտիական ակտիվիստ «Մոսկվիչի» հերթում առաջին հորիզոնականին հասնելով՝ այդպես էլ չեն հասցրել ստանալ խորհրդային արդյունաբերության այդ գլուխգործոցից»:

Հայկոմկուսի ղեկավարներից պատգամավոր Նորիկ Պետրոսյանը «Հայոց Աշխարհ» թերթում բանաձեւում է. - «Միության գաղափարի իրականացման համար հավիտյանս հավիտենից պետք է պայքարել»: Պարզապես, ըստ նրա, «ներկայումս հույսեր կապել ռուսական իշխանությունների հետ՝ կլինի մոլորություն եւ միամտություն... Պուտինը Ռուսաստանի համար համար ավելի ցինիկ է, ավելի վտանգավոր, քան Ելցինը եւ այնպիսի հարցեր է առաջ քաշում, որպեսզի այդ միության մեջ մտնելու այս կամ այն չափով պատրաստակամություն հայտնածները խրտնեն»:

«Մինչ հասարակությունը, լսելով կառավարություն ներկայացուցիչների հայտարարությունները, ակնկալում էր հեռախոսի բաժանորդավարձի նվազում, «ԱրմենՏել»-ը այն, ընդհակառակը, բարձրացրել է եւ որեւէ պարզաբանում էլ չի տալիս», - անդրադառնում է այսօր «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը՝ եւս մեկ անգամ մատնանշելով, որ այդ ընկերությունը ամեն քայլի անտեսում է բաժանորդներին: «Երեկ լիովին անջատվել են «Իրավունք» թերթի բոլոր հեռախոսահամարները: Խմբագրությունում միանգամայն հավանական են համարում, որ հեռախոսազրկումը պայմանավորված է «Իրավունք»-ի օգոստոսի 16-ի համարում հրապարակված «ԱրմենՏել». լկտիություն առանց սահմանների» քննադատական հոդվածով», - փոխանցում է «Հայոց Աշխարհ»-ը:

Պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա վերլուծելով Հայաստանի տնտեսության կացության կարեւոր բնութագրիչներից արտաքին առեւտրի ցուցանիշները, «Ազգ» թերթի մեկնաբանը այսօր ի մի է բերում. - «Առաջին իսկ հայացքից ակնհայտ է դրական տեղաշարժը: Բայց է հարկ է նշել նաեւ, որ բացի ադամանդագործությունից ու ոսկերչությունից, արտահանման մեջ լուրջ գործոն հանդիսացող այլ ոլորտ գրեթե չկա: Եվ ընդհանրապես, հարկ է արտահանումը խրախուսելու հայտարարությունից անցնել ավելի գործնական ու արդյունավետ միջոցառումների»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG