Մատչելիության հղումներ

ԲԷՑ-երի գնորդին ներկայացվող առանցքային պահանջը էներգամատակարարման բարձր որակն է


Հայաստանի բաշխիչ ցանցերի (ԲԷՑ) մասնավորեցման երրորդ մրցույթը, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ կպսակվի: Այն փաստը, որ մեկ շաբաթ առաջ իր արտահերթ նիստում կառավարությունը հաստատել է հավանական գնորդի հետ կնքվելիք՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերի վաճառքի օրինակելի պայմանագիրը, եւ լիցենզիոն համաձայնագիրը, ինչպես նաեւ ներկայացվող պահանջների մեղմացումը նախորդ մրցույթների համեմատությամբ վկայում են, որ արդեն կա կոնկրետ գնորդը:

Կարող ենք վստահաբար ասել, որ այդ գնորդը Նորմանդյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունն է, թեեւ ասվում է, որ ցանցերի գնման առաջարկներ կարող են անել նաեւ մասնավորեցման նախորդ երկու փուլերում նախաորակավորում անցած հինգ հայտնի ընկերությունները։

Ըստ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանի, գնորդին է փոխանցվելու ցանցերի բաժնետոմսերի 80,1 տոկոսը: Բաժնետոմսերի մնացած՝ 19,9 տոկոսը, նախկինում կնքված պայմանագրի համաձայն, գնելու է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը։ Մինչդեռ վաճառքի գնի հարցում նույնիսկ նվազագույն սահման ամրագրված չկա: «Եթե գնորդը ներկայացնի գին, ու մենք գտնենք, որ դա խելամիտ գին է, ուրեմն՝ գինը կա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գրիգորյանը:

Ցանցերի պոտենցիալ գինը, ըստ նրա, մոտավորապես 250 միլիոն դոլար է, նման գին ակնկալելը,սակայն, խելամիտ չէ: «Եթե այդպես վաճառենք, դա իր հետեւից բերում է սակագների հետ կապված մեծ փոփոխություններ», - ասաց նա:

Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ցանցերի՝ կառավարության համար ընդունելի վաճառքի նվազագույն գինը 40 միլիոն դոլար է, թեեւ, գործադիրը չի բացառում դրանց շատ ավելի ցածր գնով վաճառքը:

Ըստ պաշտոնյաների, գլխավորը ամենեւին էլ ոչ ցանցերի վաճառքի առավել բարձր գինն է, եւ ոչ էլ անգամ՝ հնարավորինս շատ ներդրումները: Հավանաբար այստեղ հաշվի է առնվել «ԱրմենՏել»-ի տխրահռչակ փորձը, երբ վաճառքի բարձր գինը եւ համեմատաբար մեծ ներդրումային պարտավորությունները չերաշխավորեցին կապի բարձր որակը։ Այս պատճառով ցանցերի գնորդին ներկայացվող հիմնական պահանջը, ըստ Նիկոլայ Գրիգորյանի, լինելու է էներգամատակարման բարձր որակը:

«Հաղթելուց հետո այդ նոր ընկերությունը կարող է ասել, օրինակ, թե առաջին երեք տարիների ընթացքում 160 մլն դոլարի ներդրումներ է կատարելու: Բայց կարող է ասել նաեւ, թե՝ մենք որակի պահանջները կարող ենք ապահովել ավելի քիչ ներդրումներով», -ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ վերջին տարբերակը ավելի ձեռնտու է կարգավորող մարմնի համար, ինչպիսին հանդիսանում է հանձնաժողովը:

Հաստատված նոր լիցենզիոն համաձայնագիրը ցանցերի գնորդին այնքան եկամուտ է երաշխավորում, որը սակագինն առաջիկա երեք տարիներին թողնվելու է անփոփոխ։ Ավելի երկարաժամկետ առումով, ասենք առաջիկա 10 տարվա ընթացքում, իհարկե, սակագնի աճ լինելու է մոտավորապես, 30 - 50 տոկոսի չափով՝ ինչը պայմանավորված է լինելու էլեկտրաէներգիայի պահանջարկի աճով։ «Իսկ որպեսզի դա բավարարվի, հարկ կլինի ավելացնել Հրազդանի ՋԷԿ-ի թողարկումը, քանզի այլ լրացուցիչ հզորություններ չկան. իսկ այստեղ ամենաթանկ հոսանքն է արտադրվում», - ասաց Նիկոլայ Գրիգորյանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG