Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը նախապատրաստվում են ընտրություններին


Հայաստանի քաղաքական կուսակցությունները՝ իշխանամետ թե ընդդիմադիր, աստիճանաբար թափ հավաքող ակտիվությամբ սկսել են նախապատրաստվել նախընտրական պայքարի երկար մարաթոնին, որը կձգվի հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մինչեւ հաջորդ տարվա մայիսը՝ խորհրդարանական ընտրությունները:

Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե այժմ իրեն զբաղված են «կուսակցական կառույցների ամրապնդմամբ, նոր կառույցների ստեղծմամբ եւ գաղափարական աշխատանքով»: «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, անշուշտ, մասնակցելու ենք՝ համագործակցելով մեր դաշնակից կուսակցությունների հետ», - ասաց Բազեյանը, ավելացնելով, թե քանի որ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների հիման վրա ձեւավորված նոր ընտրական հանձնաժողովներում իշխանությունն ունի գերակշիռ մեծամասնությունը, իրենք համոզված են, որ «բազում խոչընդոտների» են հանդիպելու:

«Մենք, ցավոք, ստիպված ենք լինելու չվստահել այդ հանձնաժողովներին եւ, բնականաբար, ամեն ինչ անելու ենք, որպեսզի տեր կանգնենք մեր հասարակության, մեր ժողովրդի ընտրությանը», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը՝ տեղեկացնելով նաու, որ կուսակցությունը պատրաստվում է «համապարփակ» սոցիոլոգիական հարցում անցկացնել երկրի բնակչության շրջանում՝ պարզելու, թե ինչպիսի վերաբերմունք կա նախագահի հնարավոր թեկնածուների, հիմնական քաղաքական ուժերի նկատմամբ, ինչպես նաեւ՝ թե ում են մարդիկ տեսնում որպես ընդդիմության միասնական թեկնածու նախագահական ընտրություններում:

Աշնանը կակտիվանա նաեւ հանրահավաքային գործունեությունը: «Իշխանությունն ինքն է մեզ պարտադրում հանրահավաքների դիմել, որովհետեւ մեր դեմ փակ են դահլիճները», - ասաց Բազեյանը:

«Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հրանտ Խաչատրյանի խոսքերով, իրենք պատրաստվում են «ամենադաժան ընտրություններին» եւ պատրաստում են «հաղթական տարբերակներ»: Խաչատրյանի տեղեկացմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ՍԻՄ-ը մասնակցելու է միայն այն վայրերում, որտեղ ունեն «ուժեղ կառույցներ եւ ուժեղ թեկնածուներ»:

Ընտրական հանձնաժողովների կազմավորման գործընթացից դուրս թողնվելով, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) այժմ զբաղված է մարզերում «վստահված անձանց դպրոց» ստեղծելով: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության քարտուղար Ստեփան Զաքարյանը, «դժվար են» իրենք համար, որովհետեւ դրանցում «քաղաքական հստակ ձեւակերպումներն ու տեսակետները այնքան էլ որոշիչ դեր չեն խաղում»: Մարդիկ այդ ընտրություններում ղեկավարվում են անձնական, բարեկամական սկզբունքներով:

Դաշինքների առումով ՀԺԿ֊-ն սկզբնական է համարում միասնական թեկնածուի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը: Թեեւ Ստեփան Զաքարյանը ասաց, թե ՀԺԿ-ն երբեք չի պնդել, որ Ստեփան Դեմիրճյանը լինի ընդդիմության միասնական թեկնածուն, այդուհանդերձ, նա ավելացրեց, թե հարցախույզները վկայում են, որ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի վարկանիշն ամենաբարձրն է: «Ուղղակի ինձ զարմացնում է այն տրամաբանությունը, թե ինչու պիտի ամենամեծ վարկանիշը ունեցող թեկնածուն պաշտպանի մեկ ուրիշին», - ասաց նա:

Նախկին իշխանական կուսակցությունում՝ ՀՀՇ-ում (Հայոց Համազգային շարժում) նույնպես պատրաստվում են ընտրությունների՝ բոլոր մակարդակների: Կուսակցության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը խոչընդոտ չի համարում նորակազմ ընտրական հանձնաժողովները: «Մենք բավական երկար ժամանակ այդ փորձը ունենք, եւ մեզ համար նույնիսկ այն, որ հանձնաժողովներում ներկայացուցիչ չունենք, խոչընդոտ չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: Հովակիմյանի խոսքերով, աշնանը կայանալիք ՀՀՇ համագումարում, ամենայն հավանականությամբ, նախագահի թեկնածու կառաջադրվի Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ եթե վերջինս տա իր համաձայնությունը:

Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում քննարկվում էին ընտրատարածքային հանձնաժողովների ձեւավորման արդյունքները: «Մենք գոհ ենք այդ արդյունքներից», - ասաց ՀՅԴ գերագույն մարմնի լրատվության հարցերով պատասխանատու Գեղամ Մանուկյանը՝ այդուհանդերձ, ավելացնելով. - «Մենք համոզված ենք, որ հանձնաժողովների անդամների թվով, դիրքով ընտրության արդյունքներ չեն կանխատեսում»:

Իշխող՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կազմակերպչական հարցերով պատասխանատու Սամվել Նիկոյանը ասաց, որ տեղական ընտրություններին իրենք նախապատրաստվում են ամենայն լրջությամբ: Կուսակցությունը, նրա խոսքերով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում երկու խնդիր ունի՝ առավել մեծացնել իր ներկայությունը տեղական մարմիններում եւ «բարձր պահել իշխանությունների դեմքը ժողովրդի մոտ»:

Նիկոյանի խոսքերով, աշնանը կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցությունը կարող է որոշակի պայմանավորվածություններ ունենալ այլ քաղաքական ուժերի հետ՝ միեւնույն ընտրատարածքում թեկնածուներ չառաջադրել: Խոսքը, չժխտեց Նիկոյանը, Դաշնակցության եւ «Օրինաց երկրի» մասին է:


Ռուզան Խաչատրյան եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG