Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը գտնվում է Մոսկվայում եւ հանդիպումներ է ունենում Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների հետ. «Երեկ, օրինակ, նա հանդիպել է վարչապետ Կասյանովին: Որոշ տեղեկությունների համաձայն, նա արժանանալու է նաեւ Պուտինի ընդունելությանը: Սարգսյանը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկում է Հայաստանի ներքաղաքական վիճակը եւ հնարավոր զարզացումները»:

Մեկ այլ նախկին վարչապետ՝ Արամ Սարգսյանը, «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում այսօր գծագրում է. «Աշնանը քաղաքական դաշտը բաժանվելու է երկու հստակ ճակատի, եւ նախագահական ընտրություններում հիմնականում լինելու է երկու ռեալ թեկնածու: Եթե ընդդիմության մեջ կլինեն ուժեր, որոնք դուրս կգան միասնական ընդդիմադիր ճակատից եւ նախագահական ընտրություններին կգնան առանձին, դրանով նրանք ջուր կլցնեն Քոչարյանի ջրաղացին եւ կապացուցեն, որ ի սկզբանե էլ գրպանային ընդդիմություն են եղել»: Միասնական թեկնածու ասելով Արամ Սարգսյանը հասկանում է, որ 4-5 կամ 6 կուսակցություն միանում, նստում եւ որոշում են նախընտրական բոլոր քայլերը, այդ քայլերի հաջորդականությունը, միասին քննարկվում է յուրաքանչյուր կուսակցության թեկնածուն՝ սկսած այդ թեկնածուի հնարավորությունից, հեղինակությունից, շանսերից եւ ըստ այդմ՝ գալիս միասնական եզրակացության: «Ըստ իս՝ երկիրը միայնակ չի կարելի ղեկավարել, եւ Հայաստանը երբեք էլ միայնակ չի ղեկավարվել, բացի այս 1-1,5 տարվանից», - նշում է նախկին վարչապետը: - «Երկիրը ղեկավարում են 4-5 հոգի, որոնցից յուրաքանչյուրն իր չափով նախագահ է եւ իրավունք ունի իր մոտեցումներն արտահայտելու եւ անհրաժեշտության դեպքում՝ դրանք անցկացնելու: Եվ եթե միասնական թեկնածուի ընտրության, միասնական քայլերի ծրագրման քննարկումներին մասնակցի Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նա բավարարի միասնական թեկնածուին առաջադրվող պահանջներին, ես միանշանակ կողջունեմ: Նույնը վերաբերում է նաեւ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին»: ՀՀՇ-ի հետ հարաբերությունների առումով Արամ Սարգսյանն ասում է. - «Եղբայրս Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է եղել, այնուհետեւ նա որոշակի տարաձայնություններ է ունեցել ՀՀՇ-ի մի թեւի հետ, բայց երբեք որեւէ վատ բան չի ասել նրանց հասցեին, ու նրանց հետ կապը միշտ էլ եղել է: Եվ այս առումով ես պահպանում եմ այդ սկզբունքները»: Ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին տեղական օլիգարխների աջակցության գործոնին՝ «թե' նրանք, թե' կառավարության նախարարների զգալի մասը երկակի խաղ է տանում ընդդիմության եւ իշխանության ճամբարում: Ու եթե Քոչարյանին թվում է, թե նրանք բոլորն իր համար են աշխատում, ընդդիմությունն էլ վստահ է, որ ընդդիմության համար են աշխատում: Իսկ նրանք սպասում են՝ որ կողմը թեքվեց ուժը, այդ կողմն էլ կկանգնեն»:

«Ազգային ժողովի 56 մեծամասնական ընտրատարածքները իրար մեջ բաժանելու հարցը լուրջ տարաձայնություններ է առաջացրել իշխանամետ կուսակցությունների միջեւ», - ընդգծվում է այսօր «Հայկական ժամանակ»-ում: - «Խորհրդարանում ներկայացված իշխանամետ հիմնական ուժերը նախապես համաձայնություն են ձեռք բերել, որ մեծամասնական ընտրատարածքներում իրար դեմ չեն պայքարի... Բայց ընտրատարածքների քարտեզները գծելու ժամանակ արդեն ակնհայտ է դարձել, որ նման պայմանավորվածության գոյությունը անհնար է: Պատճառը իշխանամետ կուսակցությունների եւ ուժերի մեծ հավակնություններն են: Այսպես, Հանրապետական կուսակցությունը ցանկանում է ստանալ նվազագույնը 15 մեծամասնական ընտրատարածք, նույնպիսի պահանջներ ունի «Ժողպատգամավոր» խումբը, իսկ Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը ծրագրում են մեծամասնական ընտրատարածքներում անցկացնել նվազագույնը 7-ական պատգամավոր: Այս թվերի գումարը ստացվում է 44: Իսկ դրսում որքան իշխանամետ կամ պետականամետ ուժեր կան՝ խորհրդարան գալու վճռական մտադրությամբ, նաեւ անհատ պատգամավորներ, որոնք այս ուժերից որեւէ մեկի մեջ չեն, գումարած արդեն հայտնի մի քանի գործարարներ»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում խորհրդարանի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, մասնավորապես, հաստատել է, որ ինքը կոշտ հեռախոսազրույց է ունեցել Անդրանիկ Մարգարյանի հետ, բայց ոչ որպես վարչապետի, այլ ՀՀԿ ղեկավարի: «Մենք որպես պատգամավորական խումբ փորձելու ենք փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերել խորհրդարանական այն ուժերի հետ, որոնց հետ աշխատել ենք ԱԺ-ում: Սակայն մենք ունենք շահեր, եւ ես զգուշանում եմ, որ եթե մեզ հետ փորձեն կատակել, ապա այդ փորձերը շատ ծանր հետեւանքներ կունենան», - շեշտել է Կարապետյանը՝ ավելացնելով, որ իրենք լավ գիտեն իրենց ազդեցության չափը եւ «քույր» կուսակցություններին զգուշացրել են, որ իրենց դեմ մեծամասնական ընտրատարածքներում հանդես գալու դեպքում իրենք կաշխատեն նրանց համամասնական ցուցակների դեմ»:

«Ովքե՞ր են երիտասարդների առաջնորդները» հարցը, ինչպես ձեւակերպել է «Առավոտ» թերթի մեկնաբանը, «վերջերս արդիական դարձավ՝ պայմանավորված, այսպես կոչված, «կազմակերպված» երիտասարդության ներկայացուցիչների հետ Հայաստանի իշխանությունների եւ, հատկապես, նախագահի ցուցաբերած անթաքույց մտերմությամբ»։ Թերթում տրվում են այդ թիմի առաջնորդների դիմանկարները, թե ինչ ձեռքբերումներ են ունեցել իրենց ուռճացված կառույցներում: Անձնական - կենցաղային - ֆինանսական ձեռքբերումներ:

«Ո՞ւմ ձեռքին են Երեւանի կենտրոնական հատվածների, այգիների սրճարանները»։ Այս հարցին պատասխան է տալիս «Առավոտ»-ի տրամադրության տակ հայտնված մի փաստաթուղթ-ցուցակ, որը իր ստորագրությամբ վավերացրել է Կենտրոնական ՆԳ բաժնի պետ, միլիցիայի փոխգնդապետ Միրիջանյանը. «Ցուցակի կառուցվածքը եւ բովանդակությունը բավականաչափ ինֆորմացիա է տալիս թե՛ սրճարանների, թե՛ սրճարանատերերի, թե՛ այս ցուցակը կազմող մարմնի եւ նրա կատարած ու կատարելիք գործունեության մասին»։ Հատուկ ուշադրություն են գրավում դրանում առանձին սյունակով տրված՝ օբյեկտների հովանավորողների անուն-մականունները, ինչպես «տրանսպորտի փոխնախարար Սեփիկ, դատախազությունից Մանուկյան, զինկոմ Ա. Ուլիխանյան, նախագահի թիկնապահ, գեներալ Մանվել, Ծաղիկ Ռուբո, դաշնակ Արո, աշտարակցի Մուշո, Սերժ Սարգսյանի բարեկամ, գեներալ Մանվել Գրիգորյանի թիկնապահ Սեյրան, կոնդեցի լոշտ Արմեն, այգու Կարեն, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյան, Նարեկ Սարգսյան, վարչապետի քրոջ տղա Արթուր, նորքեցի Ռուբո, ԱԱՆ-ից Արմեն, 6-րդ վարչության Արմեն, Քաղ.դատախազությունից Արթուր» եւ այլն:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG