Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը պնդում է, թե փոփոխությունները բարենորոգել են Ընտրական օրենսգիրքը





Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ուրբաթ օրը, ըստ էության, արձագանքեց երեկ տարածված Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հայտարարությունը, որում ՀՀԿ-ն մեղադրվում էր ՀԺԿ-ին ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը մասնակցելու իրավունքից զրկելու մեջ:

«Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի որդեգրած սկզբունքներին դավաճանած եւ վաղուց Ռոբերտ Քոչարյանի կամակատարը դարձած ՀՀԿ-ն, քողարկվելով նոր Ընտրական օրենսգրքով, ՀԺԿ-ին զրկեց ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը մասնակցելու իրավունքից», - ասված էր ՀԺԿ-ի հայտարարության մեջ:

Հակառակ այս պնդումների, Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները ու լրացումները «ընդամենը բարենորոգել են» օրենքը: Իսկ ընտրությունների ընթացքում, ըստ նրա, կեղծիքները կախված են ոչ միայն օրենքներից, այլեւ «կամքի դրսեւորումից», իսկ Հանրապետական կուսակցությունը «այդ ճանապարհով է գնալու»:

Գալուստ Սահակյանը, վկայակոչեց նոր Ընտրական օրենսգիրքը, ըստ որի, ընտրական հանձնաժողովներում անդամ նշանակելիս, եթե խորհրդարանական խմբակցություն կազմած ուժերը համաձայնության չեն գալիս, ապա թեկնածուներն առաջադրվում են խմբակցության նիստի որոշմամբ՝ հաստատելով, որ տվյալ հարցում ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն համաձայնության չեն եկել:

Սահակյանը ասաց, որ վաղը կայանալիք խմբակցության նիստին առաջադրվող թեկնածուները «հիմնականում հանրապետականներ են», այդուհանդերձ, նրա խոսքերով, ՀԺԿ-ն նույնպես կարող է կազմավորվելիք 56 ընտրատարածքային հանձնաժողովների համար առաջադրել իր թեկնածուներին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG