Մատչելիության հղումներ

ՀԺԿ-ն հանդես է գալիս Ընտրական օրենսգիրքը քննադատող հայտարարությամբ


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քաղխորհուրդը այսօր տարածել է հայտարարություն, որով խստորեն քննադատում է Ընտրական օրենսգրվում կատարված փոփոխությունները: Հայտարարության հեղինակները դժգոհում են, որ առաջիկայում սպասվող տարբեր մակարդակների ընտրություններից առաջ իշխանությունների ճնշմամբ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, ինչի արդյունքում ՀԺԿ-ն զրկվել է ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը մասնակցելու իրավունքից:

«Իշխանություններն այս ամենն անում են մեկ անգամ արդեն կեղծիքներով նախագահ դարձած անձին դարձյալ կեղծիքներով նախագահ դարձնելու, Ազգային ժողովը ու տեղական ինքնակառավարման մարմինները նրա կամակատարներով կազմավորելու նպատակով», - ասված է հայտարարությունում:

Օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներում 3-ական անդամ նշանակելու իրավասությունը կառավարությունից փոխանցվել է հանրապետության նախագահին: Հանձնաժողովների մնացած անդամները ներկայացնելու են ներկա Ազգային ժողովում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերը՝ «Միասնություն» խմբակցությունը, Դաշնակցությունը, «Օրինաց Երկիր»-ը, Կոմունիստական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարական միությունը, եւ «Իրավունք եւ միաբանություն»-ը:
Արդեն ձեւավորված ԿԸՀ-ում, օրինակ, «Միասնություն» խմբակցությունը, որի կազմի մեջ է մտնում ՀԺԿ-ն, ներկայացնում է ՀՀԿ-ն (Հայաստանի հանրապետական կուսակցությունը) ներկայացնող Աննա Ալեքսանյանը:

«ՀԿԿ-ն, քողարկվելով նոր Ընտրական օրենսգրքով, ՀԺԿ-ին զրկեց ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը մասնակցելու իրավունքից», - ասված է հայտարարության մեջ: - «Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորելու ջանքերն ընդդեմ ընտրակեղծիքների, ընտրությունների իրական արդյունքների նենգափոխման, հանուն ազատ, արդար ընտրություններով ժողովրդավարական իշխանության հաստատման»:

Նոր օրենսգրով ընտրատարածքների բաժանման սկզբունքի ու դրանց նոր սահմանների վերաբերյալ գործող խորհրդարանում մեծամասնականով անցած որոշ պատգամավորներ արդեն հայտարարել են, թե իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց համար ոչ ցանկալի թեկնածուները վերընտրվելու հնարավորություն չունենան:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, մինչդեռ, վստահեցնում է, որ ընտրական նոր օրենսգիրքը «հնարավորինս ժողովրդավարական է»:

Երկու օրից կլուծարվեն մարզային ընտրական հանձնաժողովներն ու օգոստոսի 17-ին կգումարվեն ընտրատարածքային հանձնաժողովների առաջին նիստերը: ԿԸՀ-ի այսօրվա նիստում հաստատվեց այդ հանձնաժողովների հետ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու, ընտրատարածքային հանձնաժողովների անդամների ուսուցումն անցկացնելու կարգը: Վիճակահանության միջոցով որոշվեց, թե ԿԸՀ որ անդամը հանրապետության որ մարզերում եւ Երեւանի որ համայնքներում է աշխատելու:

Միաձյան հաստատվեցին նաեւ քվեաթերթիկների, լրագրողների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող թեկնածուների վկայականների ձեւերը, ընտրատարածքների կենտրոնները: ԿԸՀ-ն հաստատեց քվեաթերթիկում միատեսակ նշում սահմանելու մասին որոշումը: Այսուհետ ընտրողները բացառապես մեկ լատինատառ V-աձեւ նշում կատարելու իրավունք ունեն: Անվավեր են ճանաչվելու ոչ միայն ավելորդ, այլեւ որեւէ այլ նշումներով քվեաթերթիկները:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG