Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Երեկ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, թե «Սոցիալիստական Հայաստան» միավորման շրջանակներում ստվերային կառավարություն ձեւավորելու շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում: «Հայկական ժամանակ» թերթը որոշ աղբյուրներից պարզել է, որ կաբինետն ամբողջությամբ չի ձեւավորվել, բայց որոշ նշանակումներ արդեն հայտնի են. «Մասնավորապես, Մանուկ Գասպարյանին վերապահված է վարչապետի պաշտոնը: Ուժային նախարարությունները բաշխվել են այսպես. Լեւոն Գալստյան - ներքին գործերի նախարար, Գառնիկ Մարգարյան - պաշտպանության նախարար, Էդվարդ Սիմոնյանց - ազգային անվտանգության նախարար: Արամ Սարգսյանին վերապահված է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, Դմիտրի Ադբաշյանը համաձայնել է ղեկավարել ավիացիան: Ամեն ինչ ընթանում է այն ուղղությամբ, որ Արտաշես Գեղամյանը կդառնա «Սոցիալիստական Հայաստան»-ի՝ նախագահի թեկնածուն, նրա կողմնակիցներին կտրվի պետեկամուտների նախարարի եւ եւս մի քանի նախարարական պորտֆել: Աշոտ Մանուչարյանը, ինչպես եւ սպասվում էր, կկատարի «գորշ կարդինալի» պարտականությունները», - ամփոփել է «Հայկական ժամանակ»-ը:

Նույն թերթում ներկայացվող վերլուծության համաձայն, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը քաղաքական սխալ պահվածքի արդյունքում սպառեց ընդդիմության միասնական թեկնածու դառնալու հնարավորությունները, բայց նրա վարկանիշը այս ողջ ընթացքում մնալու է ամենաբարձրերից մեկը, եւ Դեմիրճյանը կարող է դառնալ այն գործոնը, որ որոշում է, թե ով պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն. «Ավելին՝ Դեմիրճյանը դառնում է այն գործոնը, որի պահվածքից է մեծապես կախված, թե ով կդառնա հանրապետության նախագահ»: «Հայկական ժամանակ»-ում դիտարկվում է երեք տարբերակ՝ ով կկարողանա իր կողմը քաշել ՀԺԿ ղեկավարին. Արտաշես Գեղամյանը, Ռոբերտ Քոչարյանը թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մեկնաբանի հայացքով, «Դեմիրճյան - Գեղամյան բարեկամական հարաբերությունները հասցրեցին սառել, հետո այդ հարաբերությունները իսպառ վերացան, հիմա արդեն մոտ են թշնամականին»: Տիպաժի առումով գործող նախագահը Ստեփան Դեմիրճյանին իր կողմը քաշելու ամենամեծ հնարավորությունն ունի, բայց կա «Հոկտեմբերի 27»-ի հոգեբանական արգելքը: Բացի այդ, կանխատեսվում է, որ նման դաշինքից հետո Դեմիրճյանը, միեւնույն է, որեւէ էական պետական դիրք ձեռք չի բերի, մինչդեռ նա ցանկացած թեկնածուի ընտրության դեպքում պետության երկրորդ դեմքի հայտ է ներկայացնում. «Դա կարող է լինել, ասենք, Ազգային ժողովի նախագահ, որին վերապահված է 3-4 նախարարական պորտֆել, որոնցից մեկը՝ ուժային»: Այս առումով «Հայկական ժանամակ»-ում ակնարկվում է, որ Տեր-Պետրոսյան - Դեմիրճյան փաստորեն մաքուր էջից սկսվելիք հարաբերությունները առավել հեռանկարային են. Տեր-Պետրոսյանը առաջիկա ընտրություններում ավելի լայն ճակատով հանդես գալու, նաեւ սեփական թիմը ուժեղացնելու եւ թարմացնելու խնդիր ունի, եւ գիտի, թե ինչ կարող է առաջարկել Ստեփան Դեմիրճյանին:

«Առավոտ» թերթը անդրադառնում է, որ հայրենական կոռուպցիայի տեխնոլոգիաները տեղում չեն դոփում: «Մինչ օրս թերեւս միայն Պետավտոտեսչությունն էր, որ աշխատում էր հին, բարի, խորհրդային ավանդույթներով՝ զբաղված էր տարրական գրպանահատությամբ՝ առանց խտրականության։ Բայց սա էլ արդեն անցած փուլ է։ Մերօրյա կաշառակերները նախընտրում են փող աշխատելու ավելի անվտանգ եղանակ։ Եթե որեւէ մեկը ունակ է չխախտելու օրենքը, նրանից ոչ ոք կաշառք չի պահանջի։ Խնդիրն էլ հենց այն է, որ օրենք չխախտելու տեսական հնարավորություն այսօր ունեն միայն վարորդները։ Մեր հանրապետությունում մնացած բոլոր ոլորտներում՝ սկսած մասնավոր բիզնեսից՝ վերջացրած պետական ծառայությամբ, օրինականությունը անթույլատրելի շքեղություն է։ Չխախտես օրենքը՝ չես ապրի», - արձանագրում է խմբագրականը։

«Առավոտ»-ում այսօր մտահոգություն է ընդգծված նաեւ, որ «Հայաստանի ԲԷՑ-երի միակ գնորդը դարձյալ կասկածելի օֆշորային գոտուց է», ընդ որում՝ այս համակարգում մասնագիտացում չունեցող ու փոքր կապիտալով ընկերություն է: «Ճիշտ եւ ճիշտ «ԱրմենՏել»-ի օրինակով են օտարվում ԲԷՑ-երը, եւ մեր երկրի համար այս գործարքը թերեւս ավելի ծանր հետեւանքներ է ունենալու», - գնահատել է մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG