Մատչելիության հղումներ

Ձախ ուղղվածության կուսակցությունները փորձում են նոր դաշինք ձեւավորել


Հայաստանի ձախ ուղղվածության առաջատար ուժերի՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորման, Հայաստանի կոմունիստական կուսակցության եւ Վազգեն Սաֆարյանի գլխավորած Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության միջեւ բանակցություններ են ընթանում նոր դաշինք ձեւավորելու շուրջ:

Հնարավոր դաշինքի մասին երեքշաբթի օրը հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա չբացառեց նաեւ, որ բանակցություններում ներգրավվեն նաեւ «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունները:

Բանակցություններն ընթանում են 5 առանցքային հարցերի շուրջ: «Առաջինը, դաշինքը պետք է հայտարարի իր նպատակների մասին», - ասաց Արամ Սարգսյանը՝ հստակեցնելով, որ գլխավոր նպատակը իշխանափոխությունն է, քանի որ «Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը բանակցողների համար ընդունելի չէ»:

Երկրորդ հարցը, որի շուրջ փորձելու են պայմանավորվել բանակցող կուսակցությունները, խաղի կանոններն են եւ պարտավորությունների այն շրջանակը, որ ընդունելու են կողմերը: Դրան հետեւելու է ծրագրային հիմնադրույթների հստակեցումը, որոնք կյանքի պիտի կոչվեն իշխանությունը վերցնելու դեպքում:

Առավել ուշագրավ են 4-րդ եւ 5-րդ հարցերը. յուրաքանչյուր կուսակցություն, որը այս կամ այն ոլորտը կառավարելու հավակնություն ունի, պիտի ներկայացնի ծրագիր եւ կադրային բանկ: Դեմկուսն, օրինակ, Արամ Սարգսյանի խոստովանությամբ, հավակնում է գյուղատնտեսության, սոցիալական, արտաքին քաղաքականության, գիտության ու կրթության ոլորտներին:

«Եթե արդեն պայմանավորվում են, թե որ քաղաքական ուժն է պատասխանատու այս կամ այն ոլորտի համար, ապա ձեւավորվում է արդեն ստվերային կաբինետը», - բանակցվող հարցերից վերջինը պարզաբանեց Արամ Սարգսյանը:

Բանակցող կուսակցությունների մի մասը, փաստորեն, ընդգրկված է գարնանը ձեւավորված ընդդիմադիր 13 կուսակցությունների համագործակցության մեջ: 13-ի համագործակցությունը, ըստ Արամ Սարգսյանի, կշարունակվի եւ հավանաբար դաշինքային հարաբերություններ կձեւավորվեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացման գաղափարի շուրջ:

Ընդդիմության առաջատար կուսակցությունները՝ ՀԺԿ-ն, «Հանրապետություն»-ը եւ «Ազգային միաբանություն»-ը այս նոր դաշինքի շուրջ բանակցություններին մասնակցելու մասին առայժմ չեն հայտարարել:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG