Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կարելի է ասել, որ առաջիկա ընտրությունների կանխատեսելիությունն ապահովող հիմնական քայլն արված է», - արձակուրդից վերադառնալով այսօր խմբագրականում արձանագրում է «Առավոտ» թերթը՝ նշելով, որ նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախագահ Քոչարյանը ակնհայտ մեծամասնություն ունի: Թերթի ընդհանրացմամբ՝ «մեր ընտրական «սեւ» տեխնոլոգիաները զարգանում են: Այսօր արդեն հնարավոր է քվեաթերթիկները չկեղծել, դրանք խրցով քվեատուփեր չլցնել, քվեատուփեր չգողանալ եւ նույնիսկ զանգվածաբար չգնել ընտրողների ձայները: Այս ամենի փոխարեն կարելի է պարզապես նկարել ցանկալի թվերը»: Եվ դիտորդներն էլ ոչինչ չեն նկատի ու «Հայաստանից կհեռանան՝ համոզված, որ նման հետամնաց երկրի համար ընտրությունները բավականին ժողովրդավարական էին»:


«Իրավունք» թերթի լրատվությամբ, Միացյալ Նահանգների իշխանությունները այժմ «ոչ իրատեսական են համարում Հայաստանի ամերիկամետ ուժերի կողմից նախագահի միասնական թեկնածուի առաջադրումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի համար նախընտրելի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության պաշտպանությունը: Նրանց կարծիքով, այդ ուժերը նախագահական ընտրություններին լրջորեն մասնակցելու համար բավականաչափ ռեսուրսներ չունեն, եւ այժմ ամերիկացիները ավելի նպատակահարմար են համարում, որ Հայաստանի ամերիկամետ կուսակցությունները իրենց ուժերը կենտրոնացնեն հիմնականում խորհրդարանական ընտրությունների վրա, միաժամանակ ջանք չխնայելով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի «վերընտրությունը» հնարավորինս կեղտոտվի եւ վարկաբեկվի»:

ՀՀՇ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. - «Այսօրվա իշխանությունների էժանագին հակաքարոզչական հնարքներից մեկը ՀՀՇ-ն եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին արեւմտամետ ներկայացնելն է»: Ըստ Շահնազարյանի, Քոչարյանը հաղթելու որեւէ, նույնիսկ վարչական ռեսուրս չունի. «Նրան իշխանության բերեց Վազգեն Սարգսյանի հզորությունը, իսկ այսօր Վազգենի ազդեցությունը որեւէ մեկը չունի», - նշում է նա: Դավիթ Շահնազարյանը շարունակում է կարծել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր թեկնածությունը կառաջադրի եւ համոզված է, որ կընտրվի:

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի ձեւակերպմամբ էլ, «Քոչարյանը չի եկել իշխանության, որ Ղարաբաղի հարցը լուծի: Նա խաբել եւ զավթել է իշխանությունը... ոչ մի երկիր, առավել եւս Մինսկի խմբի համանախագահ երկրները, հաշվի չեն նստի Քոչարյանի հետ, որին իրենք համարում են ոչ լեգիտիմ, անօրեն»: Արտաշես Գեղամյանը «Իրավունք»-ում դիմում է քաղաքացիներին. - «Այսօրվանից ձեր շրջապատի մարդկանց համոզեք, որ այս ստի ու կեղծիքի առաջը մենք առնելու ենք, որ Հայաստանում երբեք ու երբեք չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 1998 թվականին, երբ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, իսկ իշխանության եկավ մեկ ուրիշը, որը բացարձակապես քվե չի ունեցել ոչ միայն իշխանության գալու, այլեւ նույնիսկ երկրորդ փուլ անցնելու համար»:

«Օր» թերթի մեկնաբանի հայացքով, նախագահ Քոչարյանը «հենվելու է այն քաղաքական ուժի վրա, որը առավել հաջող ելույթ կունենա գալիք աշնանային ընտրություններում», եւ այս առումով՝ ականատես ենք դառնալու վարչապետ Մարգարյանի՝ ամրապնդվող Հանրապետական կուսակցության սուր պայքարին հենց իշխանամետ կուսակցությունների դեմ:

Պատգամավոր Գեւորգ Հակոբյանի նկատմամբ բռնություններ կիրառած Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Գիզիրյանի նշանակումը ներքին գործերի նախարարության 6-րդ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ինչը նախկինի համեմատ ավելի բարձր դիրք է, «Առավոտ»-ի մեկնաբանի շեշտադրմամբ ապացույց դարձավ, թե որքանով «լուրջ ուժ» է «Միասնություն»-ը, որքանով է երկրի երկրորդ պաշտոնյան՝ Ազգային ժողովի նախագահը կարողանում պաշտպանել պատգամավորների պատիվը եւ, վերջապես, «մի խիստ խոսուն ապացույց է, որ վարչապետն անգամ մի ոստիկանապետի պատժելու չափ ազդեցություն եւ լծակներ չունի՝ եթե դա չեն ցանկանում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»: «Հերթական անգամ թե' Ազգային ժողովի նախագահին եւ թե' վարչապետին հասկացրեցին, որ իրենց բողոքը եւ հայտարարությունները գրոշի արժեք չունեն», - նույն երանգներն է ընդգծում եւ «Հայկական ժամանակ» թերթը: «Օր» թերթն էլ ճյուղ առ ճյուղ թվարկել է. - «Այսպիսով, նախագահը յուրօրինակ ապտակ հասցրեց մինչ այդ ֆիզիկական ապտակներ եւ այլեւայլ հարվածներ ստացած Հակոբյանին, Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցությանը եւ այդ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին... կատարվածը խստորեն դատապարտող հայտարարությամբ հանդես եկած Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին, նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որի ընկերներից է ծեծված պատգամավորը: Հանրապետությունում ե'ս եմ, որ կամ, եւ վերջ. մի՞թե այս ամենով սա է ուզում ասել նախագահը: Եթե այո, ապա դա լավ հեռանկար չի խոստանում»:

«Իրավունք» թերթի մեկնաբանությամբ, թե ինչու են այդպես ցուցադրաբար ձեռնոց նետում վարչապետին՝ բավականին պարզ է. «Ե'վ նախագահին, եւ' պաշտպանության նախարարին ամենեւին էլ դուր չի գալիս այն համգամանքը, որ ՀՀԿ-ն իշխանության ստորին եւ միջին մակարդակներում ունի շատ ուժեղ ճյուղավորված ցանց, որն ի վիճակի է ուժեղացնել Անդրանիկ Մարգարյանին եւ գուցե ստիպել անպայման շարունակել նրա վարչապետությունը նաեւ 2003-ին: Ռոբերտ Քոչարյանին ցանկալի չէ ունենալ այդպիսի «քաղաքական հենարան», որը նախապայմաններ է թելադրում եւ կարող է մի գեղեցիկ օր նախագահից ուժեղ դառնալ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG