Մատչելիության հղումներ

Երկարաձգվել է Բոջոլյանի նախնական կալանքի ժամկետը


Դատարանի որոշմամբ մեկ ամսով երկարաձգվել է Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մուրադ Բոջոլյանի նախնական կալանքի ժամկետը:

Բոջոլյանի փաստաբան Հովհաննես Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այդ մասին որոշումն ընդունվել է անցած շաբաթ տեղի ունեցած դռնփակ դատական նիստում: Փաստաբանը նաեւ հույս հայտնեց, թե սա նախնական կալանքի ժամկետի վերջին երկարաձգումն է:

«Հույս ունեմ, որ նախաքննությունը կավարտվի մինչեւ այս ամսվա վերջը», - ասաց Արսենյանը՝ հավելելով, որ դրանից հետո կամ գործը կուղարկվի դատարան, կամ Բոջոլյանը ազատ կարձակվի՝ ապացույցների բացակայության պատճառով:

Մուրադ Բոջոլյանը, որը 90-ականների սկզբին (մինչեւ 1997 թվականը) Թուրքիայի բաժնի վարիչն էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, ձերբակալվել էր այս տարվա հունվարին հայ-վրացական սահմանին, երբ ավտոբուսով մեկնում էր Թուրքիա: Նրան ներկայացվել է Թուրքիայի հատուկ ծառայությունների օգտին «քաղաքական, տնտեսական եւ ռազմական տեղեկություններ» հավաքելու մեղադրանք:

Հայտնի չէ Բոջոլյանը իրեն մեղավոր ճանաչե՞լ է, թե՞ ոչ: Նրա փաստաբանը չի կամենում բացահայտել պաշտպանական մարտավարությունը մինչեւ նախաքննության ավարտը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG