Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր անդամներ


Օգոստոսի 3-ի հրամանագրով նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն երեկ հրապարակված եւ ուժի մեջ մտած «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի, նշանակել է ձեւավորվելիք նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 9 անդամներից 3-ին:

Ազգային ժողովի կողմից հուլիսի 3-ին բուռն քննարկումներից հետո ընդունված այդ օրենքով կենտրոնական, ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում 3-ական անդամ նշանակելու իրավունքը կառավարությունից փոխանցվել է հանրապետության նախագահին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակել Արթուր Պողոսյանը, Արտակ Սահրադյանը եւ Արմեն Սինանյանը: Արտակ Սահրադյանը նախկին ԿԸՀ նախագահն էր եւ, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր տեղը: Արթուր Պողոսյանը եւ Արմեն Սինանյանը մինչ այդ պաշտոնավարում էին կառավարությունում:

Մյուս վեց անդամները ներկայացնելու են ներկա Ազգային ժողովում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերը՝ «Միասնություն» խմբակցությունը, Դաշնակցությունը, «Օրինաց Երկիր»-ը, Կոմունիստական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարական միությունը, եւ «Իրավունք եւ միաբանությունը»: Ըստ որոշ տեղեկությունների, արդեն հայտնի են նրանցից 4-ը՝ առայժմ իրենց ներկայացուցիչներին չեն առաջադրել կոմունիստներն ու «Միասնություն» խմբակցությունը:

Նոր օրենքը նախատեսում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ՝ կենտրոնական, ընտրատարածքային եւ տեղամասային: Օրենքն ուժի մեջ մտնելուց 15 օր հետո լուծարվելու են նաեւ նախկին մարզային հանձնաժողովները, փոխարենը կկազմավորվեն ընտրատարածքային 56 հանձնաժողովներ, այսինքն՝ այնքան, որքան նոր Ընտրական օրենսգրքով մեծամասնական տեղեր են նախատեսված նոր խորհրդարանում: Իսկ տեղամասային 1605 հանձնաժողովներին կավելանան եւս 500-ը:

Օգոստոսի 7-ին գումարվելու է նորանշանակ ԿԸՀ-ի առաջին նիստը, որտեղ եւ կընտրվեն նոր նախագահը, նախագահի տեղակալն ու քարտուղարը:

Ի տարբերություն նախկին օրենքի, որը հնարավորություն էր տալիս խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժերին եւս ներկայացուցիչներ ունենալ ընտրական հանձնաժողովներում, նոր օրենքը չի ընձեռում այդ հնարավորությունը:

«Ինքնորոշում» միավորում (ԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով, այս փոփոխությունը կարելի էր համարել տրամաբանական, եթե խորհրդարանն իսկապես ներկայացուցչական լինել: «Ինչ վերաբերում է նախագահի կողմից [հանձնաժողովներում երեքական անդամ] նշանակելուն, ապա դա անհեթեթ է», - ասաց Պարույր Հայրիկյանը՝ փաստարկելով, թե բարձրագույն ներկայացուցչական մարմնին (Ազգային ժողովին) զուգահեռ ստեղծվում է մի առանձին ներկայացուցչական կառույց:

Շատ ավելի լուրջ հարց է համարում Պարույր Հայրիկյանը ընտրացուցակների հարցը: Նրա խոսքերով, իր ղեկավարած կուսակցությունը որոշել է դատի տալ նախագահին եւ խորհրդարանին՝ «այն բանի համար, որ իրենք գիտակցաբար խախտում են ժողովրդավարության տարրական կանոնների ապահովումը»:

«Մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ հանձնարարական է տրված վերանայել բոլոր ցուցակները եւ ավելացնել Հայաստանից բացակայող մարդկանց անունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Պարույր Հայրիկյանը՝ ավելացնելով, անհրաժեշտության դեպքում կդիմեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG