Մատչելիության հղումներ

Հովհաննես Երիցյանը ազատվել է աշխատանքից





Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Հովհաննես Երիցյանը ազատվել է Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ է նշանակվել Սամվել Մարգարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հովհաննես Երիցյանը ասաց, թե ինքն է խնդրել իրեն ազատել աշխատանքից: «Երկու տարի է այս աշխատանքի մեջ եմ, հոգնել եմ: Ֆիզիկապես հնարավորություն չունեմ շարունակելու... եվ խնդրել եմ՝ ինձ ազատել են աշխատանքից», - ասաց նա:

«Մարդիկ տեսել են, որ ես երկու տարի անձնուրաց աշխատում եմ, զգացել եմ, որ դիմում եմ գրել ոչ թե իմ իմիջը բարձրացնելու կամ ցածրացնելու համար: Մարդիկ ճիշտ են արել», - այսպես բացատրեց Երիցյանը այն հագամանքը, որ իր դիմումը անակնկալ չի եղել վարչապետի համար, քանի որ ստորագրվել է ներկայացվելու հաջորդ իսկ օրը: - «Ինձ ոչինչ չեն առաջարկել: Ես եմ առաջարկել, ես եմ խնդրել: Դա իմ անձնական ցանկությունն ու իմ խնդրանքն է եղել»:

Կառավարությաnը մոտ կանգնած աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե կադրային այս փոփոխությունը պայմանավորված չէ անձերով, այլ՝ օբյեկտիվ իրավիճակով եւ այն խնդիրներով, որոնք այսօր դրված են ոլորտի առջեւ: Աղբյուրի տեղեկացմամբ, սակայն, փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը Էդուարդո Էռեկյանի կողմից ստանձնելուց հետո իրականացվելիք բարեփոխումների նորմալ ընթացքը ապահովելու համար:

Քաղավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետը տվյալ բնավագառում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1972 թվականից: Եղել է օդաչու, անձնակազմի հրամանատար, թռիչքային աշխատանքների կազմակերպման գծով վարչության պետի տեղակալ: Եղել է նաեւ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչը Բուլղարիայում: 1998-2001 թվականներին զբաղեցրել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը, որից պաշտոնազրկվել է Հովհաննես Երիցյանի օրոք:

«Ես եմ նրան աշխատանքից հեռացրել մեկ տարի առաջ՝ երեք տեղակալների հետ միասին», - ասաց Երիցյանը՝ խուսափելով պատասխանել Մարգարյանի պաշտոնանկման պատճառներին վերաբերող հարցին:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG