Մատչելիության հղումներ

Հայաստանը մինչեւ տարեվերջ կդառնա ԱՀԿ անդամ


Նախորդ շաբաթ Ժնեւում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ Առեւտրի Համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցության աշխատանքային խմբի եզրափակիչ ոչ ֆորմալ հանդիպումը այդ կազմակերպության պատասխանատուների հետ: Եզրափակիչ ֆորմալ հանդիպումները, Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի փոխանցմամբ, տեղի կունենան սեպտեմբերի վերջին:

Ֆորմալ հանդիպումները, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տիգրան Դավթյանը, սովորաբար հանդիսավոր բնույթ են ունենում եւ արձանագրում են այս կամ այն պետության լիարժեք անդամակցությունը ԱՀԿ-ին: Իսկ ժնեւյան ոչ պաշտոնական՝ աշխատանքային հադիպումների ընթացքում հաղթահարվել են եղած բոլոր տարաձայնությունները:

Տիգրան Դավթյանը ասաց նաեւ, որ ԱՀԿ մի քանի պահանջների կատարումից հետո, որոնք նախատեսում են ներպետական մի շարք ընթացակարգային միջոցառումներ՝ պայմանագրերի վավերացում Ազգային ժողովում, որոշ իրավական գործընթացներ Սահմանադրական դատարանում եւ այլն, մինչեւ տարեվերջ Հայաստանը կդառնա ԱՀԿ անդամ:

1995 թվականից սկսված բանակցությունների վերջին փուլը, որ անցել է անցած շաբաթ Ժնեւում ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, որոնց կոսենսուսային քվեարկությամբ էլ Հայաստանը կարող է դառնալ այդ կազմակերպության անդամ, եղել են բավականին բարդ: Հիմնական խնդիրը, Դավթյանի խոսքերով, մեր գործող տնտեսական օրենդրության համապատասխանությունն է ԱՀԿ չափանիշներին: Կոմպրոմիսային լուծումներ են գտնվել դեռեւս խնդրահարույց մնացած բոլոր հարցերին (գյուղատնտեսության աջակցության չափին, մաքսային արժեքի որոշման կարգի հստակեցմանը, մտավոր սեփականության իրավունքներին վերաբերող), եւ հիմա անհրաժեշտ օրենսդրական շտկումներ պիտի կատարավեն Հայաստանի օրենսդրության մեջ:

Ժնեւում արձանագրվել է, որ Հայաստանում գործող տնտեսական հարաբերությունների բնույթն ու տնտեսական օրենսդրությունը 95 տոկոսով համապատասխանում են ԱՀԿ-ի պահանջներին: Անդամակցելով ԱՀԿ-ին Հայաստանը կստանա առավել բարենպաստության ռեժիմ կազմակերպության անդամ 144 երկրների հետ, կբացվեն արտաքին շուկաները հայաստանյան արտադրողների համար:

Ընդունելով, որ հեռահաղորդակցության ոլորտում «ԱրմենՏել»-ի մենաշնորհային իրավունքները «խիստ բացասական» մոտեցումների է արժանացել մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից, փոխնախարարը, այդուհանդերձ, հավելեց, որ հայկական կողմի բացատրությունները բավարարել են խնդիրը հարուցողներին, որ Հայաստանի պետությունն ինքն էլ է հարցի լուծման որոնումների եւ իրավական որոշակի կաշկանդումների մեջ է:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG