Մատչելիության հղումներ

Նախընտրական քարոզարշավում ավելի մեծ են գործող նախագահի հնարավորությունները





Նախագահական ընտրարշավը Լեռնային Ղարաբաղում ընթանում է դանդաղ ու գրեթե անաղմուկ: Մարդկանց գերակշիռ մասը անտարբեր ու պասիվ է նախագահական ընտրությունների նկատմամբ: Քիչ թե շատ նկատելի նախընտրական շարժումը ծավալվում է գործող նախագահ Արկադի Ղուկասյանի, մասամբ նաեւ՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախկին խոսնակ Արթուր Թովմասյանի շուրջ: Մյուս երկու թեկնածուները, կարծես թե, մտադիր էլ չեն սկսել իսկական քարոզարշավ:

Տեղի փորձագետների կարծիքով, գործող նախագահ Արկադի Ղուկասյանը առանց քարոզարշավի էլ հեշտությամբ կհաղթի ընտրություններում: Ղուկասյանը արդեն եղել է հանրապետության հինգ շրջաններում, հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ: Նրա մրցակիցները գտնում են, որ քարոզարշավ անցկացնելու հարցում գործող նախագահի հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան իրենցը:

Քարոզարշավի նկատմամբ անաչառ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը շեշտվում է Արցախի յոթ հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակներից մեկի՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի կարծիքով, հասարակությունը պատրաստ չէ շահագրգիռ կերպով անցկացնել նախագահական ընտրությունները:

«Ընտրություններ անցկացնելու փաստը շատ քիչ բան է նշանակում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բաղդասարյանը: - «Կարեւորը ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն է: Մենք ուշադիր հետեւելու ենք քարոզարշավին, պարբերաբար հայտնելու ենք մեր կարծիքը եւ' նախընտրական քարոզարշավի, եւ' ընդհանրապես ընտրությունների մասին»:

«Մենք համոզված ենք, որ ընտրությունների ժամանակահատվածում գոնե ժամանակավորապես պետք է դադարեցնել ռազմական դրության ռեժիմը», - շարունակեց նա: - «Ամենամեծ խախտումը, որ նկատել ենք, դա այն է, որ նախագահը այս ժամանակահատվածում շատ է օգտագործում պետական լրատվամիջոցները եւ ընդհանրապես պետական մեքենան»:

Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ կառույցներ, կուսակցություններ հանդես են գալիս հայտարարություններով՝ ի պաշտպանություն գործող նախագահի: Արկադի Ղուկասյանը ավելի վաղ հայտարարել է, որ կանի ամեն բան ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու համար, ինչը խիստ կարեւոր է՝ միջազգային հանրությանը ապացուցելու, որ Լեռնային Ղարաբաղում կառուցվում է ժողովրդավարական հասարակություն:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG